Անդրանիկ Քոչարյանի շուրջ ստեղծված աղմուկը, վեր հանեց շատ ավելի խորքային խնդիրներ: Խոսքը մի գիշերվա մեջ մոլի «մոռալիստներե դարձածների մասին չէ: Իհարկե, հայհոյախոսությունը տհաճ երևույթ է, սակայն դա հատուկ չէ միայն հայաստանցիներին: Ֆեյսբուքի օտարալեզու այլ սեգմենտներում, քաղաքական հարցերը քննարկելիս, կարմիր գիծն ավելի հաճախ և ավելի թունդ բառապաշարով են անցնում:
Խոսքը իշխող ուժի ներսում տիրող մթնոլորտի, փոխադարձ վստահության և իրար սատարելու կտրուկ բացակայության մասին է: Քաջատեղյակները վաղուց էին նկատել «հիվանդի» ախտանշանները, սակայն վերջին երկու օրվա զարգացումները բացեցին նաև կասկածամիտների աչքերը: Իրականում չկա 88 հոգանոց խմբակցություն, Հայաստանի Ազգային ժողովների պատմության մեջ ամենամեծ խմբակցություն: Կա, բայց միայն թղթի վրա:
Նախկին ռեժիմը և նրա սատելիտները իրենց ամբողջ ներուժով՝ տասնյակ մեդիաներով և հարյուրավոր ֆեյսբուքյան աշխատողներով հարձակվեցին Փաշինյանական թիմի ամենակարկառուն դեմքերից մեկի վրա: Չխորշեցին Քոչարյանի քողարկված հայհոյանքին պատասխանել ուղիղ և ավելի թունդ հայհոյանքներով: Սակայն «Իմ քայլում» տիրեց կատարյալ լռություն: Իսկ ոմանք էլ ավելի առաջ գնացին և սկսեցին ուղղակի քննադատել իրենց խմբակցության գործընկերոջը: Հատկանշական է, որ գործընկերոջը դատափետելու գործն առաջինը ստանձնեց Փաշինյանական թիմի մեկ այլ կարկառուն գործիչ՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Եթե Անդրանիկ Քոչարյանին, մեղմ ասած, «քննադատելու» նախկին ռեժիմի դրդապատճառներն ակնառու են՝ Մարտի 1-ի փաստահավաք խմբի ղեկավարում, ներկայումս ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահում, ապա այլ են իշխանական պատգամավորների լռության և մեղմ քննադատության շարժառիթները:
Խմբակցությունում Քոչարյանից բացի չկան այլ գործիչներ, որոնք ունեն նախորդ ռեժիմի դեմ տասնամյակների պայքարի կենսագրություն: Նրանց քաղաքական կենսագրությունը լավագույն դեպքում սկսվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց կամ Գյումրիից Երևան քայլելու կես ճանապարհին Փաշինյանին միանալուց: Մեկ այլ հատված ընդհանրապես ծաղրել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան գործընթացները, սակայն ինչ-որ հրաշքով հայտնվել է իշխող խմբակցության անցողիկ տեղերում: Կա ևս մեկ հատված, որ դժգոհ է հեղափոխության արդյունքներից: Իշխանություն դառնալու ակնկալիքները և արտոնություններն այնպիսին չեն, ինչպիսին կուզենային: Այս խմբակին կարելի է տալ պայմանական Սասուն Միքայելյան անվանումը:
Կա նաև մի ստվար խումբ, որը պարզապես կարելի է անվանել վախկոտների խումբ: Նրանք աշխատում են որևէ կերպ չմասնակցել ներքաղաքական դիսկուրսին, ապրել հանգիստ, շառից-փորձանքից հեռու այս ցուրտ ու խաբուսիկ աշխարհում:
Եվ ահա, այս չուզող և անկարող խումբը ստանձնել է Հայաստանի լրջագույն բարեփոխումների ղեկը: Խումբ, որ չի կարողանում կամ ցանկանում պաշտպանել գործընկերոջը, դժվար թե կարողանա էապես փոխել Հայաստանը:
Այսօր տեղի կունենա նաև Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ ՍԴ միջնորդություն ուղարկելու քվեարկությունը և լրիվ կանխատեսելի կլինի, եթե ականատեսը դառնանք տհաճ անակնկալների: Չէ՞ որ քվեարկությունը լինելու է փակ և չի բացահայտվի, թե ով է դեմ Թովմասյանին տուն ուղարկելու Փաշինյանի ծրագրին:
Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ԱԺ այս կազմը թերևս պակաս անկանխատեսելի չէ Փաշինյանի համար, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Անցյալ տարի Փաշինյանը գնաց ռադիկալ քայլի՝ ԱԺ-ն տարավ լուծարման: Ինչպես կվարվի հիմա՝ ցույց կտան ապագա զարգացումները:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի