...

Դավաճանի տեղ գիտե՞ս, ասա, մենք էլ իմանանք

Դավաճանի տեղ գիտե՞ս, ասա, մենք էլ իմանանք

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Քարինտակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք»:

«ՉԻ». Նախ՝ մի դիտարկում: Վիտալի Բալասանյանն այդ հանդիպմանը կամուֆլյաժով է եղել: Պետք է հիշեցնել, որ Արցախի նախագահի պաշտոնը այնուամենայնիվ քաղաքացիական պաշտոն է, և եթե մասնակցում ես ընտրություններին, ապա պետք է դրես-կոդը պահպանել, այլ ոչ թե՝ ցուցամոլությամբ զբաղվել: Կոստյում կրելու դեպքում ոչ-ոք կասկածի տակ չի դնելու Վիտալի Բալասանյանի զինվորական անցյալը:

Իսկ հիմա՝ բուն թեմային: Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ աչքի ընկած զինվորական է: Նման մարդուն պատիվ չի բերում կեղծավորությունն ու դեմագոգիան: Բան ունես ասելու, պարզ ասա, հասկանանք, թե ինչ հեղափոխության մասին է խոսքը: Ո՞վ է այդ հեղափոխությունը Արցախ բերում, ում միջոցով: 

Որքան հասկանում ենք, Արցախի նախագահի ընտրություններում ամենամեծ շանսերն ունեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը: Կարո՞ղ է Վիտալի Բալասանյանն ունենալ այնքան քաջություն, որպեսզի նշի, թե այս երկուսից ով է Հայաստանից հեղափոխություն բերելու: Նրանցից ում ընտրվելու դեպքում է Արցախը պարտվելու, գնալու՝ կորչի: Եթե Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, ապա համաձայնվեք, Արցախի հերոսին վայել չէ այդ մասին չբարձրաձայնել: Իսկ եթե այդ հայտարարությունն արել է զուտ անելու համար, ապա ստացվում է, որ նա Արցախի նախագահի թեկնածուների թվում դավաճաններ է տեսնում: Ու էլի լավ չի, որ այդ մասին չի ասում: 

Ուղղակի ափսոս է, որ այսպիսի անցյալ ունեցող մարդը այսքան ցածր նշաձողի է հասել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ