Երեկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը հայտնի վիրուսի հետ կապված մտահոգություն արտահայտող քաղաքացիներին հեգնել էր և նշել, որ հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու:
«ՉԻ». Ընդամենը ժամեր հետո պարզ դարձավ, որ մտահոգությունը տեղին էր, և Փաշինյանը հրահանգեց փակել սահմանը: Ինչը արդեն Իրանի հանդեպ արել էին մի շարք երկրներ, այդ թվում՝ այդ երկրի ամենամոտ դաշնակիցը՝ Իրաքը:
Բայց Ենգիբարյանը փորձում էր Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալ և կոչ էր անում չփակել սահմանը: Չբավարարվելով այդքանով՝ նա նաև պիտակավորում էր այլ տեսակետ ունեցողներին:
Հերթական անգամ պետք է արձանագրել, որ 2018 թվականի քասթինգը ձախողվել է, և հատկապես ձախողվել է սելեկցիան՝ ուրիշ թիմերից պատգամավորացուներ ներառելու քաղաքականությունը:
Վիկտոր Ենգիբարյանը հեղափոխությունից առաջ ԼՀԿ-ից էր, իսկ մինչ այդ ընդհանրապես Միքայել Մինասյանի ուղեծրի մեջ էր, բայց ժամանակին կողմնորոշվեց և հանգրվանեց հեղափոխական թիմում: Ճիշտ այնպես, ինչպես Հայկ Կոնջորյանը, որը նույնպես հայտնի դարձավ Իրանի վերաբերյալ անհեթեթ գնահատականների արդյունքում:
Ակնհայտ է՝ իշխող խմբակցության շատ անդամներ իրենց հրապարակային գործունեությամբ խնդիրներ են առաջացնում Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Եթե ներքին քաղաքականության վերաբերյալ նրանց խնդրահարույց մտքերը հնարավոր է լինում լղոզել, ապա արտաքին քաղաքականության մեջ դա կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:
Իշխանությանն անհրաժեշտ է ներքին շրջաբերական, որտեղ հստակ կնշվի, թե ով իրավունք ունի խոսել արտաքին քաղաքականությունից: Իհարկե, արդյունքում խոսելու իրավունք ունեցողների թիվը կլինի խիստ սահմանափակ:
Չէր խանգարի, որ սահմանափակում դրվեր նաև հումորի փորձ անողների վրա: