...

Դեսպանի պատասխանը նախկիններին ու նրանց սպասարկող մեդիաներին

Դեսպանի պատասխանը նախկիններին ու նրանց սպասարկող մեդիաներին

«Ներկա ահագնացող խառնաշփոթի մեջ, երբ Փաշինյանը հարձակվում է իր քաղաքական ընդդիմախոսների վրա և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս, կիրառելով բանավոր վիրավորանքից մինչև առցանց ոտնձգություն ու քրեական հետապնդում, ըստ Ձեզ՝ նման բռնապետական հավակնությունների ծավալումը միջազգային հանրությունը մինչև որտե՞ղ կարող է հանդուրժել: Եթե այս միտումը հասնի ժողովրդավարության, օրենքի գերակայության, Հայաստանի միջազգային պարտավորությունների ոտնահարման, ապա Փաշինյանն ի՞նչ հակադարձման կարող է արժանանալ միջազգային հարթությունում»:

«Դեսպանատունը Հայաստանի ներկա քաղաքական մթնոլորտն այսկերպ չի բնութագրում, հետևաբար, այս հարցի առնչությամբ հետագա մեկնաբանություն չունի»:

Սա հատված էր «Հրապարակ» թերթի լրագրողի ու Հայաստանում ԱՄՆ դեսպանի գրավոր հարցուպատասխանից:

«ՉԻ». Այս փոքրիկ դրվագը լավագույնս է բացահայտում ռևանշիստների տոննաներով հնչող մեղադրանքներն ու Արևմուտքում Հայաստանի վերաբերյալ ունեցած գնահատականները:

Այս դրվագը բացահայտում է, որ Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները չեն հավատում նախկինների արցունքներին: Դեսպանի պատասխանը բացահայտում է, որ ռևանշիստների մեդիա տեռորը առնվազն իրենց վրա որևէ ազդեցություն չի թողել:

Զրո ազդեցության մասին է խոսում այն փաստը, որ դեսպանը դիվանագիտական պատասխանների փոխարեն կարճ ու կոնկրետ ասում է՝ մենք համաձայն չենք ձեր բնութագրման հետ:

Լրագրողին թվում է, թե դեսպանատանը հետևում են միայն Փաշինյանի ելույթներին ու ծանոթ չեն, թե ինչ ագրեսիվությամբ և ինչ բառապաշարով են իրենց քննադատությունը կառուցում նախկինները և նրանց սպասարկող մեդիաները:

Հետաքրքիր է, որ մեկ հարցի մեջ լրագրողը հասցնում է ինքն իրեն հերքել: Սկզբում ամրագրում է, որ Փաշինյանի ռեժիմը բռնատիրական է, հետո հարցնում՝ եթե միտումը հասնի ժողովրդավարության, օրենքի գերակայության ոտնահարման, ապա Փաշինյանն ի՞նչ հակադարձման կարող է արժանանալ միջազգային հարթությունում: Եթե արդեն բռնատիրական է, էլ ի՞նչ միտում, միանգամից պահանջեք, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի և, ասենք, պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ:

Բայց պատժամիջոցների փոխարեն, ի դժբախտություն «Հրապարակի» լրագրողի, միջազգային հանրությունն այսօր այսպիսի գնահատական է տվել Հայաստանում ընթացող գործընթացներին. Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ