...

Ձեզ ի՞նչ եղավ

Ձեզ ի՞նչ եղավ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած դեպքերի առթիվ:

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է նոտայի մեջ:

«ՉԻ». Հետաքրքիր մարդիկ են այս ռուսները: Այս երկու օրը «Սուրմալուի» պայթյունի շուրջ այնքան վարկածներ են շրջանառվել, թե ում մատն է խառը: Էլ երկիր չմնաց, որ անունը չշրջանառվեր: Ու դա դեռ՝ չհաշված քաղաքական ուժերի, գործիչների, գործարարների անունների հիշատակումը:

Ու մենակ ռուսներն են արձագանքել այս ամենին: Ընդ որում, չգիտենք էլ, թե որ լրատվամիջոցն է ռուսական հատուկ ծառայություններին, կամ ընդհանրապես Ռուսաստանին մեղադրել: Ռուսական հետքի վարկածն ամենաքիչը քննարկվող թեմաներից մեկն է, մի երկու օգտատեր էին դրա մասին գրել, ինչքան տեսել ենք: Ավելի շատ թուրք-ադրբեջանական հետքի մասին են խոսում, իշխանություններից են խոսում, ընդդիմությունից, Դաշնակցությունից: 

Մի հատ հլը խոստովանեք՝ ռուսներին ո՞վ է բան ասել: 

Բա ի՞նչ է նշանակում՝ «ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն»: Այսինքն՝ հրահանգո՞ւմ եք իշխանություններին, թե ինչ անեն, ում ոնց ճնշեն: 

«Սուրմալուի» ողբերգության առթիվ ցանկացած անհիմն, մերկապարանոց հայտարարություն, շահարկում անընդունելի ու դատապարտելի է, անկախ նրանից, թե ում դեմ է ուղղված՝ ռուսների, Խաչատուր Սուքիասյանի, ամերիկացիների: Բայց նման ոճով արձագանքելն էլ մի բան չէ:

Իմիջիայլոց, էլ ինչի՞ ենք էսքան տառապում. թող ռուսները դիմեն էն Արմինե Ադիբեկյանին, մի րոպեում կասի, թե ով է կազմակերպել «Սուրմալուի» պայթյունը, հարցը փակենք:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ