40 անց «կարդացած» տղաների մի խումբ (Հ. Տեր-Աբրահամյան, Հ. Բադալյան) Ն. Փաշինյանին արդարացնելու համար իրեն պատեպատ է զարկում, սոցցանցերն ու մամուլը ողողում «աննախադեպ» գաղափարներով: Սրանց պնդումներն օրինաչափ ոգևորությամբ տարածում են քոչարյանականներն ու նիկոլականները: Ոչմիթիզականների նախանձելի միասնություն է՝ ընդդեմ Լ. Տեր-Պետրոսյանի, ընդդեմ բանականության: Եվ հիմա ես հասկանում, թե որքան ճիշտ էր Գալուստ Սահակյանը, երբ ասում էր. «Երեխաները պարտավոր են մեծանալ»: Այս երեխաները չեն մեծացել, չեն հասունացել, բայց դե փող են աշխատում՝ իրենց անհաս պնդումները հասարակության գլխին փաթաթելով:
Եվ այսպես, 40, 50, 60 անց տղաները պնդում են, որ մենք աշխարհաքաղաքական խաղի զոհ ենք դարձել, որ մեղավոր են Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, Թուրքիան, էլ չգիտես ով, իսկ Նիկոլ Փաշինյանն անմեղ է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրն էն գլխից սխալ էր: Այսինքն՝ մենք՝ փոխզիջումներով խաղաղության հասնելու կողմնակիցներս, չէինք հասկացել, որ «Պատերազմը Ղարաբաղի պատերազմ չէր, ու հարցը Ղարաբաղի հարց չէր, այլ Հայաստանի» (Հրանտ Տեր-Աբրահամյան, ֆբ, 27.05.2021թ.): Հետևաբար, Նիկոլը ճիշտ էր, երբ հրաժարվեց բանակցություններից և ի լուր աշխարհի գոչեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Գոչեց և տվեց պատերազմի մեկնարկը...
Սույն պնդման հիմնական նպատակը պատերազմն արդարացնելն է և դրանում մեղավորներ փնտրելը: Ընդ որում, սլաքն ուղղված է Ռուսաստանի դեմ: Այսինքն՝ ՀՀ նախկին բոլոր իշխանությունների ռուսական կողմնորոշումն էր սխալ, և մեզ պետք էր ինտեգրվել ռազմաքաղաքական այլ դաշինքի: Բայց դե Ռուսաստանը չէր թողնում: Պետք էր խոսել Թուրքիայի հետ, ու էլի ոմանք չէին թողնում: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն անմեղ է: Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ էր, երբ ուզում էր հարցը խաղաղ կարգավորել: Խաղաղ կարգավորման դեպքում Հայաստանը կամրապնդվեր որպես պետություն, Արցախը կմնար հայկական: Բայց դե Լևոնը սխալ էր: Մի՛ չարչարվեք, տրամաբանություն չկա:
Որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ 1997-98թթ. խաղաղության ծրագիրն այլընտրանք չուներ, որ 2017-ին, կրկնելով խաղաղության գաղափարը, Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր կանխել պատերազմը, հետևաբար՝ հայկական պետականության կորուստը: Սակայն դուք և ձեր պաշտպանյալը՝ Նիկոլ Փաշինյանը, բոլորովին այլ կողմում էիք: Դուք դարձել էիք ոչմիթիզականների կցորդը, որովհետև Նիկոլը պետք է հայտնվեր ԱԺ-ում: Դուք շարունակում եք հակառուսականության քարոզը, մինչ ձեր պաշտպանյալը Սյունիքում հող է նվիրում ռուսներին:
Ռազմավարական դաշնակցի հարցում ձեր մեղադրանքներն անդադար կարող եք կրկնել. դրանից ոչինչ չի փոխվում: ՆԱՏՕ-ն տռճիկ տալով հայերիս իր գիրկը չի առնում: Ավելին՝ Արցախյան խնդրի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումը միասնական էր՝ Արցախից դուրս եղած շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամներից է և մեր անմիջական հարևանը: Արևմուտքը Թուրքիայի շահերը հանուն մեզ չի զիջի: Ռուս-թուրքական մերձեցումը կարելի էր կանխատեսել, մանավանդ այն պարագայում, երբ հենց մեր ոչմիթիզական կառավարիչներն էին նվազեցրել հայկական գործոնը: Նիկոլ Փաշինյանը չեզոքացրեց այն:
Ուստի պատերազմի և պարտության, Հայաստանի ինքնիշխանության կորստի մեղքը մեզնից դուրս փնտրողներն իրականում զրոյացնում, ոչնչացնում են հայկական գործոնը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ էլ, այսօր էլ փորձում է փրկել հայկական պետականությունը:
Զարուհի Գաբրիելյան