Ներկրման քարտեզը
Արդեն 2 շաբաթ է՝ ուտում ենք հայկական ձմերուկ, բայց դրա կողքին վաճառվում է նաև դրսից բերվածը:
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչ Հովիկ Հակոբյանը թաղանթի տակ աճեցրած ձմերուկն արդեն շուկա է հանում, սակայն, բաց դաշտինը դեռ մի քիչ ուշ կհավաքի: Միջին բերք է ստացել: Անմիջապես դաշտից ձմերուկի կիլոգրամը 100-110 դրամով է վերավաճառողներին հանձնում, նրանց «թեթև» ձեռքով էլ գինը հասնում է 150-200-ի:
Դժգոհում է՝ այս տարի ձմերուկ շատ է ներկրվել: Հիմա, երբ արդեն մեր քաղցրահամ բերքը շուկա ենք հանում, դրսից ներկրելն այլևս ձեռք չի տալիս:
«Ինչ բերել, բերել են, արդեն դրանք են վաճառում: Հիմա նույնիսկ «տակ» էլ են տալիս: Պարսկաստանից շատ են ձմերուկ բերել, մերը դուրս եկավ, եթե ներկրեն էլ, վնասով են աշխատելու: Թանկ են բերել, հիմա, որ չի վաճառվում, էժանացրել են: Ընկերներ ունեմ, որ ձմերուկ են բերում, ասում են՝ իրենց վրա ձմերուկի կիլոգրամը 130 դրամ է նստում: Պետք է 150 դրամից էլ թանկ վաճառեն, որ եկամուտ ստանան: Եթե 100-110 դրամով են վաճառում, «մինուսով» են աշխատում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց ֆերմերը:
Գյուղատնտեսը մտահոգվում է. եթե ուզում են տեղական արտադրանքը զարգացնել, պետք է սահմանափակել ներկրումները, այլապես գյուղացին չի կարողանում մրցակցել և արդյունքում պարտքերն են կուտակվում:
Հիմա Հայաստան բերված ձմերուկի մասին:
Ովքեր հունվարից մինչև օրս ձմերուկ են կերել, ներկրված է եղել: Հուլիսի 12-ի դրությամբ Հայաստան է ներկրվել 47005 78,2 կգ ձմերուկ:
Իսկ ո՞ր երկրներից է ձմերուկ ներմուծվել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում 6 երկրից է ձմերուկ բերվել:
Ներկրումների ամենամեծ ծավալը Իրանից է: Ձմերուկ է ներկրվել Վրաստանից, Ղազախստանից, Իրաքից: Հայկական շուկայում ձմերուկ է եղել նաև Գվինեայից: Այս երկրից ներմուծվել է 13967 կգ ձմերուկ: 210 կգ ձմերուկ էլ ունեցել ենք Նիդեռլանդներից:
Դժվար է ասել՝ շուկան դեռ կողողվի՞ դրսից բերված ձմերուկով, թե՞ ոչ, եթե հաշվի առնենք, որ բերքն այս տարի առատ չէ: Իսկ այս հարցում մեծ դեր են խաղացել եղանակային պայմանները: Նախ, բերքն ուշ հասունացավ երկարատև անձրևների պատճառով: Խոնավությանն էլ հաջորդեց տաքությունը, եղանակային կտրուկ տատանումները հօգուտ ձմերուկի չէին:
Չնայած ոչ բարձր բերքատվության ցուցանիշին՝ գինը ևս բարձր չէ:
«Այս սեզոնի համեմատ թանկ չէ: Ղարաբաղից էլ է ձմերուկ բերվում: Եթե Պարսկաստանից ձմերուկ է բերվում, էժան չի վաճառվի: Գինը 200-220 դրամ է եղել»,- նշեց Երասխահուն համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը:
Երասխահունը հայտնի է իր ձմերուկներով: Այս տարի համայնքի հողատարածքի 100 հեկտարն է ձմերուկը զբաղեցնում:
Ինչպես տարբերել տեղականը ներկրվածից
Այժմ շատերին հուզող հարցի մասին՝ ինչպես տարբերել ձմերուկը տեղակա՞ն է, թե՞ ներկրված:
Եթե ձմերուկի պոչի հատվածը կտրելուց ջուր չի կաթում, ուրեմն, հին է՝ դրսից բերված: Իսկ մերը կանաչ է և թարմ՝ բացատրում է Արմեն Ավետիսյանը:
Որոշ սպառողներ ֆեյսբուքում նկարներ են հրապարակում և դժգոհում, որ կիլոգրամը 150 դրամով գնած խոշոր, կարմիր ձմերուկը թթվաշ է: Կասկածում են, որ մեր հողերում չի աճում:
Ավետիսյանը կասկածները ցրում է և բացում գաղտնիքը. Մասիսի շրջանում ձկնաբուծության համար նախատեսված լճերի տեղում հիմա ձմերուկ են մշակում: Հողը բերրի է՝ խոշոր պտուղներ են ստացվում, բայց նեխած ջրի ու ձկան համն անցնում է բերքին: Պնդում է՝ այդ ձմերուկներն անվտանգ են, կերեք, հաստատ ներկրվածից ավելի համեղ է և օգտակար:
Մանյա Պողոսյան