«Բայց ներկաները լավը չեն: Հաճախ նույնքան վատն են, որքան նախկինները: Որոշ հարցերում՝ ավելի վատը, որովհետև եթե նախկիններն իրենց ապազգայնության և հանցավորության մեջ անկեղծ էին և դա չէին էլ թաքցնում, ապա ներկաները, հաճախ լինելով նույնը՝ թաքցնում են դա պոպուլիզմով և որոշակի խմբերի ուղղակի հիմարացնում պրիմիտիվ ստերով և ամբոխավարական հնարքներով ու օրակարգերով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը:
«ՉԻ». Վերջը արտահայտվեց հարգարժան դոկտորը, այլևս չկարողացավ իր մեջ պահել: Եվ, մեծ հաշվով, ճիշտ էլ արեց. ներս գցելով՝ հազար ու մի հիվանդություն կարող էր ձեռք բերել: Բայց ինքն իր քաղաքագիտական և համաճարակաբանական խորը գիտելիքներով դեռ շատ է պետք ողջ հայությանը:
Այո, նախկիններն ավելի լավն էին, գոնե մեկ ամսով գործ տվեցին դոկտորին, բայց հետո՝ տեսնելով նրա պոտենցիալը, շատ արագ շպրտեցին համակարգից դուրս: Իսկ ներկաներն անգամ այդ շանսը չեն ուզում տալ Մարտիրոսյանին, կարող էին գոնե այս խառնակ իրավիճակում նրան տեղավորել պարետատանը ինչ-որ մի գործի: Չէ՞ որ նա առավոտից երեկո կարդում է միջազգային լրահոսը և հստակ պատկերացնում է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի մի քանի օրում հաղթահարվի այս ճգնաժամը:
Չի կարելի չհամաձայնվել դոկտորի հետ: Իհարկե ներկաներն ավելի վատն են, քան նախկինները: Օրինակ՝ նախկինները բանտարկել էին Սասնա ծռերին, իսկ ներկաներն ազատեցին նրանց: Իհարկե ներկաներն ավելի վատն են, քան նախկինները: Նախկինները չէին թողնում, որ ծռերը մասնակցեն ընտրություններին՝ դրանով նրանց փրկելով կոնֆուզից, իսկ ներկաները թողեցին, և նրանք ստացան 1 տոկոս ձայն:
Դոկտորի մոտ ակնհայտ ախտանիշներ կան, և նրա հետ առնչվող քաղաքական ուժերը պետք է օր առաջ նրանից տարանջատվեն, հակառակ պարագայում վարակն անխուսափելի է: