...

«Դուխով» դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր

«Դուխով» դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր

«Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»,- ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թ․ փետրվարի 3-ին և հեռացավ իշխանությունից։ Թեպետ համոզված ենք, որ շատերդ այս տեքստն անգիր եք արել, այնուամենայնիվ խնդրում ենք՝ ուշադրություն դարձնեք ընդգծված հատվածին՝ «Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։ Մտապահենք հատկապես պետականության հիմնադրույթներ բառակապակցությունը և անցնեք առաջ, ավելի ճիշտ՝ հետ գնանք դեպի 1991։

1991 թ․-ից, այսինքն՝ Արցախյան առաջին պատերազմի թեժ օրերից մինչև այսօր «ազգային վերնախավի» ներկայացուցիչները չեն հասկանում, որ մեր հաղթանակը նախ և առաջ պետականության հաղթանակն էր։ 

Այսպես, 90-ականներից մինչ օրս նրանց հիմնական զբաղմունքը Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրվելն է։ Նրանց գլխավոր գաղափարախոսը՝ մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանը, օրինակ, վերջերս ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ բանակի մարտունակությունը գնահատելու համար մի բանաձև է առաջարկել՝ ասելով, թե միայն զինամթերքը և զենքը կամ զինվորների քանակը չի որոշում մարտունակությունը, այն գնահատվում է երկու փակագծի արտադրյալով․ առաջին փակագծի մեջ գրում են՝ տվյալ պետությունը ինչ ՀՆԱ ունի, ինչքան զենք, մարդ, ինչ ֆինանսական վիճակում է և այլն, երկրորդ փակագծում՝ մոտիվացիան, թե այդ ժողովուրդը այդ նպատակի համար պատրա՞ստ է իր կյանքը տալ, կռվել և այլն։ Հետո պնդել է, որ մեր հաղթանակը «եղավ երկրորդ փակագծի շնորհիվ»։ 

Ինչպես տեսնում եք՝ ըստ «համաշխարհային ազգի հոր»՝ 91-94թթ․ պետականության, պետական մտածողության, այսինքն՝ բանականության դերը զրոյական է, իսկ «մահ կամ ազատությունը»՝ հաղթանակի գրավական։ 

Վազգեն Մանուկյանն այսօր չունի 90-ականների վարկը, սակայն նա մինչ օրս մեր քաղքենի վերնախավի հավաքական կերպարն է։ Ահա այս վերնախավն էլ «ապահովեց» 1996 թ․ նախագահական ընտրությունների թատրոնը։ Պատերազմի տարիներին վազգենմանուկյանականներն էին, Երևանի սրճարաններում նստած, բողոքում տնտեսական դժվարություններից՝ «մոռանալով», որ երկիրը անհավասար կռիվ է տալիս հանուն Արցախի, հանուն Հայաստանի պետականության։ Նրա՛նք էին ՀՅԴ-ի հետ միասին արցախյան թեժ մարտերի օրերին ցույցեր անում Ազատության հրապարակում՝ պահանջելով իշխանության հրաժարականը, խոստանալով ծառերից կախել իշխանավորներին։ Իշխանությունը դիմանում էր։ 

Հետո՝ 1997-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածից հետո, Կինոյի տանն էր հավաքվում մեր «վերնախավը»՝ հուսալով, թե իշխանության է գալու։ 

Վազգեն Մանուկյան հավաքական կերպարը շատ լավ օգտագործեցին 1998 թվականի հեղաշրջումը կազմակերպողները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը։ Եվ Վազգեն Մանուկյանն իշխանություն չստացավ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ը մեր պետականությանը հասցված ծանր հարված էր։ Սակայն Վազգեն Մանուկյան հավաքական կերպարը պետք է արդարացներ ահաբեկիչներին՝ նրանց ռոմանտիկներ անվանելով։

2008 թ․մարտի մեկը մի մեծ ոճիր էր պետականության դեմ, որից հետո Վազգեն Մանուկյանը պարգևատրվեց՝ դառնալով Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհրդի նախագահ։

2020-ի պատերազմից հետո նա դարձյալ հայտնվեց քաղաքական ասպարեզում՝ բացառելով բանականությունը, և փրկեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Եվ այսօր, երբ հայոց պետականությունից փշրանքներ են մնացել, վազգենմանուկյանները շարունակում են իրենց պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, այսինքն՝ ընդդեմ բանականության, ընդդեմ Հայոց անկախ պետության։ Նրանց մետաստազները՝ երիտասարդ, ինֆանտիլ «մտավորականները» և «իրավապաշտպանները» 96-ն են հիշում, Արցախյան հաղթանակի տարիները շարունակում են համարել «ցրտի ու մթի», բողոքում են իրենց դժբախտ մանկությունից։ Այսինքն՝ կրկնում են Կինոյի տան քաղքենիների «խոհանոցային» թեզերը։ 

Նրանց «պրոդուկտն» է Նիկոլ Փաշինյանը, որ մեզ համառորեն տանում է դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Ահա սա՛ է խաղաղության և պատերազմի այլընտրանքը չհասկանալու, պետականության հիմնադրույթների խնդիրն արհամարհելու գինը։ Վայելե՛ք։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ