Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պլատոնն ու Արիստոտելը վիճում էին, բայց համակարծիք էին մեկ հարցում՝ պետությունը պետք է կառավարեն արժանավորները, իսկ եթե այն հայտնվի պլեբսի ձեռքում, ապա կայլասերվի ու կկործանվի: Պլատոնը իդեալիստ էր, իսկ Արիստոտելը՝ պրագմատիկ: Վերջինս գտնում էր, որ պետության կառավարման ամենավատ ձևը օխլոկրատիան է՝ ամբոխավարությունը կամ ժամանակակից լեզվով ասած՝ պողոսապետությունը: Հիմա Հայաստանում պողոսների, այսինքն՝ քաղաքական «բոմժերի» իշխանություն է ձևավորվել»:
«ՉԻ». Երանելի ժամանակներում ենք ապրել, պարզապես գլխի չենք ընկել: Ըստ Քոչարյանի սիրելի քաղաքագետներից մեկի՝ ունեցել ենք որակյալ էլիտաների կառավարում, բայց, չգիտես ինչու, մերժել ենք և ընտրել նոր իշխանություններ:
Ըստ Թևանյանի՝ Քոչարյանը և Սարգսյանը արժանավորներն էին, իսկ ժողովուրդը չունեցավ իմաստություն, որ հասկանա, թե ինչ մեծություններ են կառավարում իրենց:
Պլատոնը իդեալիստ էր, Արիստոտելը պրագմատիկ էր, իսկ Թևանյանը՝ քոչարյանական: Գիտի, որ հանրությունը տանել չի կարողանում Քոչարյանին և Սարգսյանին, բայց նրանց նկատմամբ ատելությունը մեղմելու փոխարեն, փորձում է վիրավորանքներով էլ ավելի մեծ անջրպետ ստեղծել պսևդոէլիտայի և հանրության միջև:
Պետությունը պետք է կառավարեն արժանավորները, իսկ նրանց թեստավորումը բարեբախտաբար Թևանյանը չի անցկացնում: Հանրությունն է որոշում՝ էլիտա է արդյոք Սաշիկը, Միշիկը, Գագիկը կամ վերջապես հենց ինքը՝ Անդոն, որն արդեն տասնամյակներ շարունակ ծառայություններ է մատուցում բոլոր նրանց, ովքեր վճարում են:
Միայն կարելի է պատկերացնել, թե ինչպես կարձագանքեին Պլատոնը և Արիստոտելը, եթե դժբախտություն ունենային գեթ մեկ անգամ ընթերցել խիստ էլիտար Թևանյանի կողմից խմբագրվող «7օր էյեմը»: Ամենայն հավանականությամբ չէին բավարարվի նոր տրակտատներ գրելով, այլ կդառնային մարդասպաններ՝ էլտայի գաղափարը այս աստիճան վարկաբեկելու համար:
Ամեն դեպքում ամեն ինչ օրինաչափ է: Էլիտար Քոչարյանը գտել է իր մտահորիզոնին և աշխարհայացքին հարիր պրոպագանդիստի: Այդ հարաբերություններում միայն վճարումն է էլիտար, իսկ ծառայությունների որակը արևելյան շուկայից չի տարբերվում: