Համացանցում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ «Հրապարակ» թերթի լրագրողը հարցազրույց է վերցնում Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի տարեց բնակչուհուց: Շատերը քննադատում են տիկնոջը, որը, վիրավորական արտահայտություններ օգտագործելով, մեղադրում է առաջին նախագահին, իբր նա է ծախում Հայաստանը և Արցախը: Նրան անգամ չի հետաքրքրում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 23 տարուց ավելի է, ինչ Հայաստանի ղեկավար չէ:
Բայց պետք է հասկանալ, թե հոգեկան խնդիրներ չունեցող մարդն ինչու է նման պնդումներ անում և համոզված, որ ինքը ճիշտ է:
23 տարվա դաշնակ-հանրապետական-քպ-ական համատեղ հակաքարոզչությունը, ուղեղների լվացումը որոշակի հետևանքներ են առաջացրել: 23 տարվա հեռուստատեսային տեռորը, վերջին մի քանի տարում դրան ավելացած սոցիալական կայքերի տգետ, զոմբիացնող աշխատանքը թողել են իրենց հետևանքները: Մարդիկ, որոնք այսօր իբր պայքարում են ազատ խոսքի, իշխանական և ընդդիմադիր ֆեյքաբուծարանների դեմ, տարիներ շարունակ զբաղված են եղել Հայաստանի նորագույն պատմությունը կեղծելով, իրենց տերերին փառաբանելով և հաղթանակ ապահոված միակ ուժին վարկաբեկելով:
Ասվածի լավագույն ապացույցը լրագրողների ուղղորդող հարցերն են, որոնք մեկ նպատակ ունեն՝ հարցազրույց տվողից կորզել իրենց տերերին բավարարող «պատասխաններ»՝ անեծքներ և հայհոյանքներ: Հայտնի խմբագիրներն ու խմբագրուհիներն էլ կհրապարակեն տրամաբանության հետ որևէ կապ չունեցող զառանցանքը և կապահովեն իրենց լրատվամիջոցի գոյատևումը: Ընդ որում, այսպիսի լրատվամիջոցներն են պատեհ-անպատեհ պարծենում, թե հարցազրույց չեն վերցնում «ժեխից»: Որևէ մեկին վիրավորելու նպատակ չունենք, բայց չենք կարող չասել, որ նման վայ-լրագրողների հարցերն ու պահվածքն են իրականում «ժեխ»…