...

Երեք քարի կոմբինացիա՝ «խաղաղության դարաշրջանին»

Երեք քարի կոմբինացիա՝ «խաղաղության դարաշրջանին»

Մինչ Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներն ինքնամոռաց քննարկում են Նիկոլ Փաշինյանի պոկած ցնցուղի շուկայական արժեքը, Ալիևը Բաքվում հարցազրույց է տալիս, որից հասկանալի է դառնում, թե ինչ նկատի ուներ ՀՀ արտգործնախարարը, երբ խոսում էր բանակցային գործընթացում «բովանդակային հետընթացի» մասին։ Ալիևը Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «խաղաղության դարաշրջանի» վրա միանգամից երեք քար է դնում՝ հայտարարելով․ առաջին՝ մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պիտի անցնեն առանց ստուգումների, ու եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի՝ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանն այլ վայրում չի բացի, երկրորդ՝ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը հստակեցված չէ, Ադրբեջանը ոչ մի քայլ ետ չի քաշվելու 2021 և 2022 թվականներին գրաված դիրքերից, այսինքն՝ դուրս չի գալու ՀՀ տարածքից, և երրորդ՝ Ադրբեջանը պահանջում է «ութ գյուղերը», այսինքն՝ անկլավները, և սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրակարգում էլ միայն մի հարց է՝ այդ անկլավների վերադարձը։

Հիմա փորձենք հասկանալ, թե գործնականում ինչ է նշանակում այս ամենը։ Ադրբեջանը չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել ՀՀ-ից, որովհետև այդ տարածքները վիճելի է համարում։ Բայց պահանջում է երեք անկլավները, որովհետև Նիկոլ Փաշինյանը դրանք վիճելի չի համարում։ Նա է, չէ՞, հայտարարել, որ այդ երեք էքսկլավներն, այո, պատկանել են խորհրդային Ադրբեջանին, ու Հայաստանի՝ իր ասած 29,8 հազար քկմ տարածքի մեջ չեն մտնում։ Դե եթե չեն մտնում՝ Ալիևն էլ պահանջում է։ Նաև ճանապարհներն է պահանջում, որովհետև երբ ասում է, որ «մարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պիտի անցնեն առանց ստուգումների», հասկանալի է, որ խոսքը միայն Նախիջևանի մասին չէ, նաև երեք անկլավների՛ մասին է։ Այլ կերպ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ, ասենք, Տիգրանաշենը (Քյարքին) Ադրբեջան է, Ալիևն էլ պահանջում է, որ Նախիջևանից Տիգրանաշեն (այսինքն՝ Ադրբեջանից Ադրբեջան) ճանապարհը, որն անցնում է Երասխով, գործի անխոչընդոտ՝ առանց հայկական կողմի վերահսկողության։ 

Հայաստանի իշխանությունները, իհարկե, կասեն, որ դա «խաղաղության պայմանագրի» ամենաբարդ կետերից մեկն է, որ դա իրենց համար «կարմիր գիծ» է, հետո կպարզվի, որ իրականում այնքան էլ կարմիր չէ, վարդագույն է, որ իրենք դեմ չեն «դյուրացումներին» ու պատրաստ են բանակցել այդ ուղղությամբ, և այլն։ Բայց որևէ բանակցություն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե կողմերի նպատակը որևէ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելն է, իսկ այս դեպքում Ադրբեջանին ոչ թե հարցի լուծում է պետք, այլ լուծման բացակայություն։ Եվ ակնհայտ է, որ եթե անգամ Նիկոլի ասած ու արդեն իսկ «ռոզըվիին խփող» կարմիր գիծն ընդհանրապես ջնջվի, և Հայաստանը համաձայնվի որևէ կերպ չվերահսկել «Ադրբեջանից Ադրբեջան» ճանապարհները, միևնույն է՝ մի քանի ամիս անց Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի ու նոր քար կդնի «խաղաղության դարաշրջանի» վրա։ Օրինակ՝ կպահանջի «մի քանի հարյուր հազար ադրբեջանցի փախստականների վերադարձը իրենց պատմական հայրենիք», կպահանջի «դատել Ադրբեջանի դեմ ագրեսիային մասնակցած ռազմական հանցագործներին», և այլն։ Ընդ որում՝ խաղաղություն չի հաստատվի նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանն այդ պահանջները նույնպես կատարի։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև գրոշի արժեք չունի խաղաղության պայմանագիրն այն երկրի հետ, որն ի վիճակի չէ կամ ցանկացած պարագայում հրաժարվում է պատերազմել։

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանին միայն մի բան է մնում․ «խաղաղության խաչմերուկի» գովազդային քարտեզի մյուս երեսին հրաժարականի դիմում գրել ու ինքնակամ տնային կալանքի ենթարկվել՝ սպասելով արդարադատությանը։ Վախենալ չարժե, Հայաստանում «գնդակահարության պատեր» չկան, պատմության դատաստանն էլ սննդակարգի վրա չի ազդում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ