...

Երկու օր է՝ «ստոպ» են տվել

Երկու օր է՝ «ստոպ» են տվել

Արտահանման գինն իջեցրել են

Արմավիրի մարզի Փշատավան համայնքում եռուզեռ է: Գյուղացիներն Արարատյան դաշտի արևահամ բարիքներից մեկն են հավաքում՝ խաղողը: 2 օր է, սակայն, դադարել են խաղողը դաշտից տուն բերել: Արտահանողները չեն գալիս:

Փշատավանում հիմնականում աճեցնում են սեղանի սորտի խաղողներ: «Քիշմիշ» սորտի խաղողը Ռուսաստանի Դաշնություն է արտահանվում: Համայնքից արդեն խաղող տարել են, բայց վերջին մի քանի օրերին գնորդները պասիվացել են: Հայկական «Քիշմիշը» վաճառվում է Մոսկվա, Պյատիգորսկ, Ռոստով քաղաքներում:

«ՌԴ-ում չի ծախվում, դրա համար 2-3 օր է՝ «ստոպ» են տվել: Վերջին ֆուռը մեկ օր առաջ է գնացել: Այսօր ու վաղն էլ չեն հավաքելու: Տեսնենք՝ այնտեղից ինչ նորություն կլինի: Ռուսաստանում էլ վաճառքը «լռված» է: Կորոնավիրուսն ազդել է առևտրի ծավալների վրա»,- «ՉԻ»-ի հետ զրույցում մանրամասնեց համայնքի ղեկավար Ազատ Քյարամյանը:

Բերքից դժգոհ չեն՝ ցուրտ չի եղել, կարկուտ՝ նույնպես, միայն թե քամիներն են մի փոքր վնասել խաղողը:
Արևիկ համայնքում խաղողի վազերը ողկույզների ծանրությունից ճկվում են: Բերքը քաղում են, բայց խաղող կա ու կա:

Արևիկցիները դժգոհում են արտահանման գներից: Նախորդ տարվա համեմատ արտահանողները խաղողի գինը նվազեցրել են: Եթե անցյալ տարի առաջին բերքը տանում էին կիլոգրամը 1000 դրամից սկսած և հետո գինը դարձնում 500, այս տարի միանգամից 500-600 դրամ են առաջարկել: Հականում են՝ դրսում էլ իրացումն առաջվանը չէ, բայց ապրանքն էժան տանելու դեպքում իրենք են տուժում:

«Քիշմիշը» սկզբից սկսեցին 600 դրամով հավաքել, հիմա արժեքը դարձրել են 400: Այստեղից խաղող, դեղձ ու սալոր են տանում՝ կրկին «Ֆուդ սիթիում» վաճառելու համար, շուկան հիմա հայ առևտրականների համար գործում է»,- նշեց խաղողագործ Գառնիկ Ծատուրյանը:

Այգետերերն ասում են, որ ռուբլու գնանկման հետևանքով է նաև, որ այս տարի խաղողի գինն էժան է:

Արևիկում 2000-2500 տոննա խաղող ունեն: Նրանց խոսքով, եթե առաջիկայում արտահանողները չգան, և բերքը դաշտում մնաց, ստիպված են վերամշակող գործարաններին խնդրել էժան գներով սեղանի սորտը մթերել:

Գինը դեռ պարզ չէ

Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում էլ են գոհ խաղողի բերքատվության ցուցանիշներից: Առատ խաղողը, սակայն, գյուղացիներին այդքան չի ուրախացնում՝ պետք է իրացնեն: Արտահանումը կաղում է, իսկ մթերումն անորոշ է:

Գործարաններն արդեն իրենց պայմաններն առաջարկել են խաղողագործներին: Մթերման խաղողի դիմաց 130-150 դրամ գին են սահմանել, բայց դեռ չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչքանով են տանելու:

«Անցյալ տարի 150 դրամով են մթերել, հիմա ասում են, որ կրկին 150-ով կտանեն, բայց կոնկրետ բան չեն հայտնում: Իմ կարծիքով՝ ամեն ինչ կախված է Երևանի կոնյակի գործարանից: Սպասում են, տեսնեն, թե գործարանն ինչ գին կառաջարկի»,- նշեց համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը:

Երևանի կոնյակի գործարանը մթերման քանակությունն է կրճատել: Պայմանագրով աշխատող խաղողագործներին զգուշացրել են, որ հնարավոր է չկարողանան գրավոր համաձայնության եկած քանակության խաղողն ընդունել:

«Ոստանի գինու գործարանի հետ ենք երեկվանից պայմանագիր կնքում, նման բան չեն ասել, որ քիչ են մթերելու: Նույնը՝ «Մխչյան» գործարանն ու «Պռոշյանը»: Մնացածները սահմանափակումների հետ կապված ոչ մի բան չեն ասում, ընդհակառակը, պնդում են, որ ամբողջը մթերվելու է: Ոստանի գինու գործարանի տնօրենն ասաց, որ անսահմանափակ քանակությամբ մթերելու են»,- փոխանցեց նա:

Կառավարությունը խաղողի մթերման կազմակերպման գործում իր քայլն արդեն արել է: Հայաստանի կոնյակի ու գինու արտադրության ոլորտին աջակցելու ծրագիր է ընդունվել: Կառավարությունը վճարելու է ոչ թե վերամշակող ընկերությանը, այլ խաղողագործին: Այդպես է արվել, որ արտադրողները չուշացնեն գյուղացիների վճարումները։

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   898 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ