2022 թ․ հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝ 2022-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 86 հազարով, իսկ առկա բնակչության թիվը՝ 182 հազարով։
Հենց 2021-ին էր, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններով վերընտրվեց վարչապետի պաշտոնում՝ «Ապագա կա՛ ապագա» կարգախոսով։ Փաստորեն 86 հազար մարդ ճիշտ չի հասկացել այդ կարգախոսը և որոշել է, որ ապագա կա, բայց՝ Հայաստանից դուրս։ 182 հազար մարդ էլ համարել է, որ ապագա գուցեև կա, բայց ավելի լավ է դրան սպասել դրսում՝ Հայաստանում «առկա չլինելով»։ Ի դեպ՝ Հայաստանի առկա բնակչությունը 2021 թվականին նույնպես նախորդ տարվա համեմատ նվազել էր, բայց՝ «ընդամենը» 121 հազարով։ Երկու տարում՝ 303 հազար։
Բայց ուշադրություն դարձրեք՝ 44-օրյա պատերազմից հետո երկրի փաստացի բնակչությունը նվազել է 121 հազարով, իսկ Նիկոլի վերընտրությունից հետո՝ 182 հազարով։ Երևի շատերն այնուամենայնիվ հասկացել էին, որ նա պատերազմով միայն կեսն էր կործանել, մյուս կեսը հետո էր կործանելու, հետևաբար՝ նրա վերարտադրությունը գուցե նույնիսկ ավելի մեծ աղետ էր, քան պատերազմը։