Հիմա մենք ո՞ւմ ենք պատկանում
«Բայց մերը հիմա իսկապես ողբերգություն է՝ հետադարձ հայացքիդ առջև այսքան տարի հետո սկիզբն ու սկսողներին չբացահայտող, տասնամյակների հեռուներում վերջը չնշմարող: Ինչ է լինում, ինչ է լինելու՝ ես չգիտեմ:
Մենք էլ, ահա, մեր ողբերգության կամա-ակամա մասնակիցն ենք, ներսում ամեն մեկս իր փայը ժրաջանորեն կրծում է և ամբողջը չի տեսնում - գլուխը կախ իր համար մենա՜կ, կուսակցություններո՜վ, թայֆաներո՜վ, մաֆիաներո՜վ... վաստակի, զոհի, արյան առևտրո՜վ, զուտ զորբայությա՜մբ, իրարու բերանից հաց խլելով, իրարու ծնող լացեցնելով... - միջուկի մեր կրծոցին ենք և ամբողջը չենք տեսնում, ամբողջը տեսնելու համար քո իտալացու նման պետք է դրսեցի լինեինք:
Այդ կուսակցությունների, ձեռներեցների և այլն և ուրիշների հաջողությունները պետք է որ ազգի, ասել է՝ մեր բոլորիս հաջողությունը լինեին. ապարանքներ են բարձրացել, կուտակումներ են եղել, կուսակցություններ ու խմբեր են ձևի եկել և այլն: Բայց ամբողջ անհեթեթությունն այն է, որ ամբողջը դրանից չի ուժեղացել, ամբողջը որպես այդպիսին դադարել է լինելուց, որ ամբողջի մասերը այլևս միմյանց չեն պատկանում, մենք այլևս չենք պատկանում միմյանց». Հրանտ Մաթևոսյան, 2002:
Ամերիկացիների մոտ կա «Արջամկան օրը» ֆիլմը: Դա ամերիկյան է: Միջին վիճակագրական ամերիկացու կրկնվող օրվա մասին: Երբ օրը փոխվում է, բայց շուրջը ոչինչ չի փոխվում: Եթե մեզ մոտ նման ֆիլմ նկարեին, անունը պիտի լիներ «Արջամկան դարը»: Որովհետև մեզ մոտ դարն է փոխվում, բայց ամեն ինչ նույնն է մնում: Հրանտ Մաթևոսյանը նկարագրել է անցած դարավերջը: Ինչ տեսել, զգացել է, դա էլ ասել է: Հիմա ինչ մենք տեսնում, զգում ենք, նույնը պիտի ասենք:
Դեպի պայծառ ակնթարթ
Նույնիսկ մի դարը մեզ համար ընդամենը մի ակնթարթ է, եթե չենք հասցնում նոր բան տեսնել, սովորել, խելք հավաքել, այն, ինչ խանգարում է, վերացնել, այն ինչ օգտակար է, զարգացնել: Չենք հասցնում ձերբազատվել հայի ետին մտքից, չենք հաշտվում Կիկոսի մահի հետ, չենք հրաժարվում զանգ կախելու ազգային գաղափարախոսությունից:
1992-ին մենք Լաչինի միջանցքը բացեցինք, Արցախի բլոկադան ճեղքեցինք, ալյուրով բեռնված ԶԻԼ-երը սուրացին դեպի Ստեփանակերտ՝ սոված մարդկանց փրկելու: Ֆանտաստիկ, ոչ հողեղեն ակնթարթ էր:
Դարը փոխվել է, բայց պատկերը նույնն է: Համարյա նույնն է. Արցախը նորից բլոկադայի մեջ է, մարդիկ հացի խնդիր ունեն, Լաչինի միջանցքը փակ է, պարզապես այս անգամ զենքի փոխարեն ֆուռերով ենք փորձում բացել միջանցքն ու ճեղքել բլոկադան: Գրողը տանի, ո՞նց կարող է այսպես լինել:
Եթե, աստված տա, միջանցքը բացվի, ֆուռերը հասնեն Ստեփանակերտ, մեկ է, արջամկան դարը կպրծնի, հաջորդ դարում նորից նույն պատկերն է լինելու: Որովհետև մեր համար դա ակնթարթ է, կանցնի, կգնա, բան չենք հասկանա: Իսկ մեր հարևանները դա հասկանում են, եթե համբերատար սպասում են, որ արջամկան դարն ավարտվի, նորը սկսվի:
Դուրս գալ այս շրջապտույտից... բարդ է, արդեն հազարից երկու հազար տարի է, չի ստացվում: Եթե այս անգամ էլ չստացվի, եսիմ, երևի գնանք տուն, պարան բերենք, կապենք ժայռին, մեզ դուրս հանենք:
Հ.Գ. Բարև ձեզ, որ խնդրենք, չեք լայքի՞...