...

Եթե պետությունը հրաժարվում է, մնում է «աշխարհասփյուռ հայությունը»

Եթե պետությունը հրաժարվում է, մնում է «աշխարհասփյուռ հայությունը»

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ՀՅԴ Բյուրոյին հանձնելն (առաջարկը հենց Բյուրոյին էր արվել, և ոչ թե կոնկրետ Դավիթ Իշխանյանին) ընդամենը արցախյան ներքաղաքական իրադարձություն չէ, այլ շատ լուրջ շրջադարձ, որին արժե անդրադառնալ ավելի հանգամանորեն։

Եվ այսպես, Արցախի ԱԺ նորընտիր նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հայտարարում է, թե «մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու 1988-ին որդեգրած ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևավորված կարևոր ռազմավարական նպատակի իրացմանը»։ Լավ բան է ասում։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ 1988-ին ձևակերպված նպատակը խորհրդային Հայաստանի և խորհրդային ԼՂԻՄ-ի միացումն էր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո ղարաբաղյան խնդրի հիմքում արդեն ինքնորոշման իրավունքի իրացումն էր, պարզ ասած՝ Արցախը չպետք է լիներ անկախ Ադրբեջանի կազմում, դրա իրավունքն ուներ, փաստացի հասել էր դրան, և պետք էր աշխարհի համար ընդունելի ու հասկանալի տարբերակով արձանագրել այդ իրողությունը։ Խնդիրն այն է, որ այդ ճանապարհին երկու տարբերակ կար։ Առաջին․ Հայաստանն այդ հարցը լուծում է որպես պետություն՝ հաշվի առնելով սեփական ռեսուրսները և բանակցելով մեկ այլ պետության՝ Ադրբեջանի հետ։ Երկրորդ․ մենք փորձում ենք այդ հարցը լուծել ոչ թե որպես պետություն, այլ որպես աշխարհասփյուռ հայություն, եթե կուզեք՝ «համաշխարհային ազգ», որի հավաքական կարողությունների ցանկում ՀՀ-ն ընդամենը բաղադրիչներից մեկն է։ 

Երկրորդ տարբերակն ավելի գայթակղիչ էր թվում, որովհետև Հայաստանը, որպես նախկին խորհրդային փոքրիկ հանրապետություն, մի՛ «քաշային կատեգորիայում» էր, նույն Հայաստանը 6 միլիոնանոց Սփյուռքի հետ՝ բոլորովին այլ «քաշային կատեգորիայում»։ Բայց արցախյան առաջին պատերազմը նախկին խորհրդային փոքրիկ հանրապետությունն էր հաղթել՝ նախկին խորհրդային փոքրիկ ինքնավար մարզի հետ, իսկ 6 միլիոնանոց Սփյուռքից պատերազմին մասնակցել էր առավելագույնը մի քանի տասնյակ հոգի։ Խորհրդային բանակի հարյուրավոր հայազգի սպաներին այդ ցուցակում ներառել չի կարելի, որովհետև նրանք սփյուռքահայեր չէին, պարզապես Հայաստանի իշխանություններն այնքան խելք էին ունեցել, որ պետական մակարդակով կազմակերպել էին նրանց տեղափոխումը Հայաստան և անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Այլ հարց է, որ որպես պետություն պատերազմում հաղթելուց հետո մեզ թույլ չտրվեց նաև խաղաղությո՛ւնն ամրագրել որպես պետություն։ «Գաղափարն» այն էր, որ թեև պատերազմը պետությունն էր հաղթել, բայց բանակցությունների սեղանի շուրջ պիտի ոչ թե որպես պետություն նստեինք, այլ որպես աշխարհասփյուռ հայություն կամ «համաշխարհային ազգ»։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև 1997-ին առաջարկվող կարգավորումը նախկին խորհրդային փոքրիկ հանրապետության համար անվիճելիորեն փայլուն հաղթանակ էր երեք անգամ ավելի մեծ պետության նկատմամբ, իսկ «համաշխարհային ազգի» համար այդ նույն կարգավորումը համարյա պարտություն էր՝ «պադումայեշ, 10 միլիոնանոց աշխարհասփյուռ հայությունը կակոյ-նիբուձ քոսոտ Ադրբեջանի է հաղթել, էն էլ՝ գրավածի մեծ մասը վերադարձնում է»։ Համ էլ՝ նախկին խորհրդային փոքրիկ հանրապետությունը շրջափակմանը չի դիմանա, իսկ աշխարհասփյուռ հայության համար մի պուճուր երկիր կերակրելն ի՞նչ է, դեռ 100 տարի էլ կզարգանանք շրջափակման պայմաններում։

Արդյունքը եղավ այն, որ Հայաստանը, որպես պետություն, առանձնապես չէր ձգտում կարգավորել ղարաբաղյան խնդիրը, Սփյուռքի ահռելի նյութական աջակցությունն էլ «նստվածք էր տալիս» կոռումպացված իշխանությունների գրպաններում։ Հետո հայտնվեց Նիկոլը, կիսաքաղց «քայլիստների» իր ոհմակով ու բացառիկ բթամտությամբ քանդեց հնարավոր ամեն ինչ, փլուզեց շատից-քչից աշխատող անվտանգության համակարգը, ջարդեց բանակի ողնաշարը, կործանման հասցրեց Արցախն ու ձեռքերը լվաց՝ «վերջ, Հայաստանն արդեն որպես պետություն արցախյան խնդրի հետ կապ չունի, գնացեք ինչ ուզում եք՝ արեք, մեկն էլ լինի՝ Հայաստանի՛ անվտանգությունն ապահովի»։

Տեսականորեն այս իրավիճակից երկու ելք կար։ Առաջին՝ Հայաստանում ձևավորել նորմալ, ադեկվատ իշխանություն և փորձել պետական մակարդակով փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել, և երկրորդ՝ մոռանալ Հայաստանը որպես պետություն և փորձել Արցախը փրկել որպես պետականություն չունեցող աշխարհասփյուռ հայություն, այսինքն՝ օգտագործել լոբբիստական կառույցները, Հայ դատի գրասենյակները, «Արցախի բարեկամների ցուցակը» և այլն։ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ՀՅԴ Բյուրոյին հանձնելով՝ գործնականում ընտրեցինք երկրորդ տարբերակը և փաստացի իսկապես էլ վերադարձանք 1988-ի վիճակին, երբ անկախ պետություն չունեինք։ 

Մի տարբերությամբ՝ այն ժամանակ Ադրբեջանը նույնպես անկախ պետականություն չուներ, իսկ հիմա ունի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ