ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը ազատվել են իրենց պաշտոններից:
ԶՈւ Գլխավոր շտաբի պետ կնշանակվի Օնիկ Գասպարյանը, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ՀՀ Ոստիկանության պետ:
«ՉԻ». Դե ինչ, իրադարձությունները սրընթաց արագությամբ են զարգանում: Երևի Փաշինյանը կադրային այս հեղեղով արձագանքում է վերջին օրերին իր դեմ սկսված հակահեղափոխական շարժմանը: Նույնիսկ շատերը գրում են, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր քայլերով ըստ էության ազդարարեց թավիշի ավարտը։
Սա՝ կապրենք, կտեսնենք: Մենք մի թեթև հարցախույզ արեցինք ուժային կառույցներին մոտ կանգնած շրջանակներում՝ պարզելու, թե ովքեր են ուժային կառույցների նոր ղեկավարները (պաշտոնապես նրանք կնշանակվեն միայն նախագահի հրամանագրից հետո):
Օնիկ Գասպարյանի մասով խնդիր չկա, նա մեծ հարգանք է վայելում Զինված Ուժերում, դեռ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, հենց նրա թեկնածությունն էր շրջանառվում որպես ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, սակայն այն ժամանակ նշանակվեց Արտակ Դավթյանը:
Վահե Ղազարյանը ոստիկանական համակարգում է արդեն մոտ 25 տարի: Շատ կցկտուր են նրա մասին տեղեկությունները, առավել ևս՝ համակարգին ծանոթ գործիչները դժվարանում են ասել, թե ինչպես նա իրեն կդրսևորի ոստիկանապետի պաշտոնում: Սա շատ շուտով կերևա:
Ամենահետաքրքիրը Արգիշտի Քյարամյանի նշանակումն է ԱԱԾ պետի տնօրենի պաշտոնում: Ավելի ճիշտ՝ գնդապետ Արգիշի Քյարամյանի: Չէ, ոչ թե նրա համար, որ վերջին շրջանում նրան ամեն օր մի կառույցից մյուս կառույց էին տեղափոխում, ինչը դարձել էր բազմաթիվ մեմերի, անեկդոտների թեմա:
Խոսքը իշխանամերձ գործիչների, քաղաքացիների ոգևորվածության մասին է, որ... վերջ, հեսա տեսեք՝ Քյարամյանն ինչ է անելու, սաղ հակահեղափոխականների պորտը տեղն է դնելու: Թե որտեղի՞ց նման համոզվածություն, չգիտենք, Արթուր Վանեցյանին նշանակելիս էլ կային այդ ոգևորվածությունն ու սպասումները, տեսանք, ինչ եղավ, հետո՝ նույնկերպ Էդվարդ Մարտիրոսյանին նշանակելիս եղան «հեսա ձեր հալը կտեսնեք» կարգի արձագանքներ, հիմա էլ՝ Արգիշտի Քյարամանի դեպքում է պատմությունը կրկնվում: Իսկ պատմությունը առաջին անգամ ողբերգության, երկրորդ անգամ՝ ֆարսի տեսքով է կրկնվում: Թե երրորդ անգամ ինչ տեսքով է կրկնվում, պատմությունն այս մասին լռում է: