ՆԳ նախարար Վահե Ղազարյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ վարչապետի տիկնոջը սպասարկող «Լեքսուս» ավտոմեքենայի ապակիները թաղանթապատ են, պատասխանել է, որ դրանից տեղյակ չէ, առաջին անգամ է լսում. «Եթե տեղյակ լինեմ, միանշանակ քայլեր կձեռնարկեմ»:
«ՉԻ». Ափսոս, որ լրագրողները չեն հարցրել. ո՞նց է հնարավոր, որ իրենք տեղյակ են, որ վարչապետի տիկնոջը սպասարկող «Լեքսուս» ավտոմեքենայի ապակիները թաղանթապատ են, իսկ նախարարը տեղյակ չի:
Եթե նախարարը դրանից տեղյակ չի, բա էլ ինչի՞ց է տեղյակ: Աննա Հակոբյանի մեքենային հաստատ ուղեկցում են ոստիկանական ուժեր կամ թիկնազորներ: Մեքենաներով: Հաստատ տեսել են, որ վարչապետի տիկնոջ մեքենան «պլյոնկած» է: Ընդ որում՝ ամեն օր, ամեն ժամ:
Եթե տեսել են, նշանակում է՝ բան չեն արել, որ մեքենայի ապակիները համապատասխանեցվեն սահմանված նորմերին: Ոչ արձանագրել են դա, ոչ էլ զեկուցել նախարարին: Երևի վերևից ասել են, որ նախարարը շատ փոքր մարդ է, իրեն չի հասնում տեղեկացված լինել:
Բայց հիմա նախարարը տեղյակ է: Հեսա տեսեք՝ ոնց է ձեռքը խփելու սեղանին ու «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Նիկոլայ Պետրովիչի պես իր տղամարդու խոսքն ասելու: