Արա Պապյանը սպառնում է տարվա արդյունքներով դառնալ մեր ամենասիրած հերոսը: Տառացիորեն երեկ էր աչքի ընկել՝ համոզմունք հայտնելով, թե Միացյալ Նահանգները Աֆղանստանում հաղթանակ է տարել: Իսկ այսօր արդեն չհեռանալով նույն թեմայից՝ սքրին-շոթ է տարածում, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը թալիբների մասնակցությամբ լուսանկար է հրապարակել, իսկ Աֆղանստանի փոխարեն գրել է Աղվանստան:
Մոտավորապես մի 200 հոգի բացատրում են նախկին դեսպանին, որ ֆեյք նկար է տարածում, որ Նիկոլի էջում նման բան չի եղել, որ հանրային գործիչը ապատեղեկատվություն տարածելու իրավունք չունի, բայց Պապյանը մնում է անզիջում: Դա դեռ քիչ է, իրեն նրբանկատորեն դիտողություն անողներին էլ անվանում է Նիկոլի կողմնակիցներ: Մինչդեռ նրանցից շատերը պակաս հակակրանք չեն տածում Փաշինյանի նկատմամբ, պարզապես դեմ են ապատեղեկատվություն տարածելուն:
Եթե կառավարությանը կից տեղեկատվական ՊՈԱԿ-ը կամ ինչպես ընդունված է ասել՝ ֆեյքերի ֆաբրիկան մի փոքր հարգում է իրեն, ապա պետք է հուժկու հարված հասցնի Պապյանին: Օրինակ՝ լուսանկար տարածի, որ Պապյանը 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է ադրբեջանցիների կողմից:
Ինչպես ինքն է ասում՝ թող հակառակը ապացուցեն: Դե ինքն էլ թող ապացուցի, որ վարձկանների հետ միասին չի կռվել: