...

Գագիկ Ծառուկյանը մասնակցում է օտար պետությունների քայքայիչ ծրագրին

Գագիկ Ծառուկյանը մասնակցում է օտար պետությունների քայքայիչ ծրագրին

«168 ժամ»-ի տաղավարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Հայաստանում Քրիստոսի արձանը կառուցելու Ծառուկյանի ծրագրին, հայտարարել է․ «1700 տարի չենք ունեցել Քրիստոսի արձան, մերժել ենք ունենալը, ոչ թե պարզապես էնպես է ստացվել, որ չենք ունեցել, գաղափարաբանության, պատկերամարդության, պատկերահարգության խնդիր է եղել։ Այսօր դա դարձյալ կարող է դառնալ այն սեպը՝ Հայ եկեղեցին բաժանելու արձանապաշտների և ոչ արձանապաշտների։ Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցուց սրանով կարելի է մի հատված պոկել, որոնք դուրս են գալիս եկեղեցու դեմ այս հողի վրա՝ ասելով, որ եթե արձան չի ընդունում Հայ առաքելական եկեղեցին, ուրեմն ես չեմ ընդունում այդ եկեղեցին։ Սա արտասահմանյան ծրագրի մի հատված է, բայց վստահաբար եմ ասում, մեկ տոկոս անգամ չեմ կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը չի անդրադառնում, որ դրանով Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված պայքարի մասնակից է դառնում, օտար պետությունների՝ Հայ առաքելական եկեղեցին քայքայելու ծրագրի մասնակից է դառնում»։ 

Ծառուկյանը չի անդրադարձել այս հայտարարությանը։ Երևի նրա նեղ շրջապատը վախեցել է զեկուցել, որ նման կարծիք է դրվել շրջանառության մեջ հենց հոգևորականի կողմից։ Մի օր մի տեղից կլսի, որ իրեն հռչակել են օտար պետությունների գործակալ և հուժկու հակահարվածով կփարատի բոլորի կասկածները։ Ի դեպ՝ հայաստանյան հոգևոր դասը մինչ այս արտասահմանյան կամ օտար պետությունների դավադրություն էր դիտարկում աղանդների անխոչընդոտ գործունեությունը Հայաստանում։ Տեղ-տեղ օրվա իշխանությունների հետ առճակատման էր գնում՝ փորձելով հասնել աղանդների գործունեության սահմանափակմանը Հայաստանում։ Իշխանությունն էլ եվրոպական կոնվենցիաներ էր մեջբերում, Արևմուտքի առաջ ստանձնած իր պարտավորություններից էր խոսում։ Վերջում ընդհանուր հայտարարի էին գալիս ու անցնում առաջ։ Հիմա փաստացի Ծառուկյանին մեղադրում են, որ նա մասնակցում է Հայ առաքելական եկեղեցին քայքայելու ծրագրին, ասել է թե՝ նրան համարյա աղանդավոր են հռչակում։ Բայց դե Ծառուկյանն անգամ գործակալ կամ աղանդավոր հռչակվելու գնով ուզում է Քրիստոսի արձան ունենանք, մնացած գաղափարաբանական հարցերը նրան չեն հուզում։ Մարդը սովոր է հաց ու տեսարաններ բանաձևով «աշխատելուն», իսկ գաղափարով ոչ փոր կկշտացնես, ոչ էլ աչք կշոյես։ 

Գոհար Վեզիրյան  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ