...

Ղազախական ծամոնը մեր սահմանների հետ կապ չունի

Ղազախական ծամոնը մեր սահմանների հետ կապ չունի

Ղազախական տափաստաններից բարձրացե՛ք հայկական լեռները։ Ձեր աշխարհաքաղաքական նկրտումները պինդ պահե՛ք ներքնակների տակ և վերադարձե՛ք իրականություն։ Սթափության այս կոչը բնականաբար ոչ թե մեր իշխանությանն է վերաբերում, այլ հասարակական կարծիք ձևավորող կազմակերպություններին, անհատներին, իբր ընդդիմադիր կուսակցություններին և այլն։

Մինչ մենք ղազախական ծամոն ենք ծամում, իսկ Նիկոլ Վովայևիչին շնորհակալություն են հայտնում միջինասիական դիկտատորիկները, մեր սահմաններում վիճակը նույնն է։ Գրեթե ամեն օր թշնամին կրակում է․ ահա՛․

Ս․թ․ հունվարի 8․ «Ադրբեջանական զինուժն այսօր առավոտյան կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ»։ 

Ս․թ․ հունվարի 10․ «Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ»:

Սոցցանցերի թիթեռնիկ բնակիչների համար այսպիսի լուրերն արդեն սովորական են դարձել։ Սակայն դույզն-ինչ սթափ մարդիկ շատ լավ հասկանում են Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի չափը։ Ուստի անհրաժեշտ է դուրս գալ մեդիաթմբիրից և վերադառնալ ռեալ խնդիրներին և կրկին բարձրացնել մեր կառավարության համար այնքա՜ն տհաճ հարցերը․

1․ Ի՞նչ վիճակում են մեր սահմանները․

2․ Գոնե խրամատ փորե՞լ եք․

3․ Մեր սահմանապահ զինվորներն ապահովվա՞ծ են զենքով, հագուստով, կացարանով, թե՞ միայն ելակով են սնվում, բայց չունեն համապատասխան հագուստ, քնում են հնամաշ վրաններում, փամփուշտն էլ քիչ է։

Հասկանում ենք, որ Վովայևիչը հիմա զբաղված է մի ամբողջ Ղազախստան փրկելով, Մեծ Թուրանի կառուցման ծրագիր վիժեցնելով, մի խոսքով՝ ազգակործանից վերածվել է աշխարհափրկչի։ Հասկանում ենք, որ երազանքներում ամեն կին կարող է Անգլիայի թագուհի դառնալ, իսկ ամեն տղամարդ՝ առնվազն Նապոլեոն։ Բայց մեր փոքրիկ, խոցված երկրին նորմալ տեր է պետք, և եթե չունենք համարժեք իշխանություն, ուրեմն տիրոջ ծանր բեռը մենք պետք է վերցնենք՝ ով ինչպես կարող է։ 

Նորից ու նորից ասենք։ Անհրաժեշտ է ճիշտ հարցեր տալ, խոսել իրական խնդիրների մասին, մեր հնարավորությունների սահմանը ճիշտ գնահատել։ 

Որովհետև մեր քաղաքական կոչվող ուժերի չտեսության, ճոռոմախոսության և կոռումպացվածության պատճառով արդեն զրկվել ենք այն բոլոր նվաճումներից, որ ունեինք մինչև 2020-ի պատերազմը։

Որովհետև 1998-ից ի վեր ընկանք անիրական երազանքների գիրկը՝ համաշխարհային ազգից մինչև Բաքվում չայ խմելը։ Որովհետև 2018-ին իշխանության եկածը որոշեց, որ Սևրի մեռյալ պայմանագիրը լավ բան է, որոշեց, որ մեր ժամանակների Տիգրան Մեծն է, և ծափ-ծնծղաների տակ կործանեց Արցախը, Հայաստանը զրկեց սեփական իրավունքները հավուր պատշաճի պաշտպանելու հնարավորությունից։ 

Ուստի գոնե եղածը պահպանելու, երկիրը դատարկվելուց փրկելու համար անհրաժեշտ է անխոնջ, աննկուն զբաղվել երկրի անվտանգության ռեալ հարցերով։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ