2020-ի նոյեմբերի 9-ից հետո պարզ էր, որ ՀՀ իշխանությունը, մեղմ ասած, չի համապատասխանում պետության կառավարման պահանջներին։ Այսինքն՝ երկրի կենսական շահերը պաշտպանելու, հետագա աղետներից քիչ կորուստներով դուրս գալու կարևորագույն պայմանն իշխանություն ունենալն էր։ Խնդիրը չի լուծվել։ Ընդգծենք, որ այն չի կորցրել արդիականությունը։ Որովհետև «ապաշնորհ», «անմեղսունակ», «դավաճան», «կապիտուլյանտ», «ազգակործան պատուհաս» իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, այսօր աճուրդի է հանել Հայաստանի «ինքնիշխանությունը», պարզ ասած՝ երկրի գոյությունը։
Ինչո՞ւ չենք լուծել հարցը։ Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը հաղթեց հայաստանյան բոլոր հակառակորդներին։ Այսպես․
ա․ «նախկինները» խոցելի էին հոգեբանական և տնտեսական պատճառներով, որովհետև հասարակությունը իսկապես չէր ուզում, որ նրանք վերադառնան, և ամենակարևորը, նրանք՝ այդ նախկինները, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց թիմերը շատ հաճախ կախված էին իշխանության բարեհաճությունից՝ կուտակած հարստությունը կորցնելուց վախենալով։
բ․ «նախկինների» խոցելիությունը ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին, որը որոշակի չափով նրանց վարձահատույց եղավ։ Հիշենք միայն ՍԴ վճիռը, որով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, «ազատվեց» 2008 թ․ մարտի մեկի ոճրագործության համար մեղադրվելուց։
գ․ «նախկինների» ֆոնը հրաշալի առիթ էր քաղաքական պատկերն ամբողջությամբ աղավաղելու համար, որովհետև մեր հարմարվող հանրույթի մի ստվար զանգված հարց էր տալիս․ «Որ ուրիշը գա, ի՞նչ է անելու»։
դ․ ստիպված ենք կրկնել, որ իր դերը կատարեց նաև հասարակության գլխին թափվող տեղեկույթային հեղեղը, որի աղմուկի մեջ բանական խոսքը, բանական առաջարկը ուղղակի չէր լսվում։
Թեպետ բազմիցս ենք պատասխանել «Որ ուրիշը գա, ի՞նչ է անելու» հարցին, կրկնենք՝ 2020-ի ջախջախումից հետո երկրի գլխին պատերազմ բերած իշխանությունը մեկ օր անգամ մնալու իրավունք չուներ, որովհետև այն վերածվել էր օտարի կամակատարի։ Թե որ օտարի, կարծում ենք՝ հասկացաք։ Հետևաբար կապիտուլյանտի իմիջից ազատ «ուրիշը» կարող էր շատ ավելի հաշվարկված քաղաքականություն վարել՝ հանուն Հայաստանի։
Սակայն վերադառնանք խնդրի արդիականությանը։ Ինչպես ցույց տվեց Երևանի ավագանու ընտրական գործընթացը, հասարակությունը չի վստահում ոչ մեկին։ Պատճառը շատ պարզ է․ ստեղծված վիճակը հաղթահարելու իրական առաջարկ չեն գտնում։ Եվ մեր քաղգործիչների և վերլուծաբանների հաճախ ինքնագոհ ելույթները ոչինչ չեն փոխում։ Այո՛, Նիկոլ Փաշինյանին պետք է քննադատել։ Բայց այդ քննադատությունը, կներեք, ինքնանպատակ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն այն բանի տեղ չի դնում, այսինքն՝ նա միևնույնն է, անելու է այն, ինչ իրենից պահանջում են դրսից։
Ուրեմն գոնե այժմ պետք է մի կողմ դնենք Հայաստանի գոյության սպառնալիքից, այսինքն՝ բառիս բուն իմաստով լինել-չլինելու խնդրից անկարևոր հարցերը, այդ թվում՝ տնտեսական, և իրական գործողությունների պլանով ներկայանանք թե՛ հայ հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։ Որովհետև, այո՛, իշխանությունը վատն է, խորհրդարանական ընդդիմությունը՝ նույնպես, իսկ մենք ո՞ւր ենք։ Մի՞թե չենք կարողանալու սեփական հավակնությունները մի կողմ դնելով՝ ձևավորել նորմալ իշխանություն։
Հիշե՛ք՝ մեր առասպելական Հայկը երեքթևյան նետով էր, իսկ մեր գլխին կախված է բայրաքթարը։
Զարուհի Գաբրիելյան