...

Գոնե պաշտոն տվեք

Գոնե պաշտոն տվեք

Հեղափոխության համար 100-150 հազար մարդ է պետք ու աճողական միտումով այն, ինչը ունեցավ Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլի 24-ից ընկած ժամանակահատվածում․ «Առաջին ալիքի» եթերում նման բան է հայտարարել Արամ Զավենի Սարգսյանը (Tert.am)։ «Հիմա ընդդիմությունը 10000-12000 մարդ է հավաքել, այդքան մարդով իշխանափոխություն չեն անում, ծիծաղելի է, չէ՞։ Այսօր Հայաստանի որևէ օլիգարխ եթե ուզի, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, վաղը 12000 մարդ ոտքի կհանի` մի աշխատավարձ լրացուցիչ տալով։ Հիմա քանի որ հեղափոխության ընտրազանգված չեն հավաքել, իրենք գնում են ապստամբության, հրահրում են վեճեր, հրում են ոստիկաններին, մայթով անցնողներին, վարորդներին են վիրավորում։ Սրանո՞վ են Հայաստանն ուժեղացնում, իրենք հակաժողովրդական են բառի բուն իմաստով»,- ասել է Սարգսյանը՝ հարցադրում անելով․ «Իսկ ո՞վ է տալիս երաշխիք, որ այդ անհասկանալի ժամանակավոր կառավարության ժամանակ պատերազմ չի սկսվի»։ Հիշեցնենք, որ նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Դա չի՛ լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից»։

Արամ Սարգսյանին շատ կարևոր ֆունկցիա է վստահել իշխանությունը։ Պարբերաբար թվեր ներկայացնել, թե ինչքան մարդ է դուրս եկել փողոց և այն հակադրել Նիկոլ Փաշինյանի համար դուրս եկածների թվին։ Ասել է թե՝ անընդհատ թեժ պահել այն թեզը, թե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, ըստ այդմ՝ չեն աջակցում փողոցում պայքարող ուժերին։ Բայց դա դեռ չի նշանակում, որ փողոց դուրս չեկողներն աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Արամ Սարգսյանը մոռանում է, որ շուրջ կես միլիոն մարդ չի մասնակցել վերջին ընտրություններին, ըստ այդմ՝ մերժել է այն իշխանությանը, որին ընտրել էր պատերազմից առաջ։ Չնայած՝ Արամ Սարգսյանը այնքան բան է մոռացել, որ սա ընդամենը փոքրիկ բան է դրա դիմաց։ Վազգեն Սարգսյանի անունն այս համատեքստում չտանք։ Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի՝ օլիգարխներին գործի դնելու մեսիջին, ապա սա իսկապես արժեքավոր խորհուրդ է իշխանության համար։ Ժամանակն է վերջապես պարգևատրել Սարգսյանին, նրա անձնուրաց ջանքն ու ծառայելու պատրաստակամությունը։ Արդեն տևական ժամանակ նա սպասում է։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ