...

Գյուղացիները վնասներ են կրել

Գյուղացիները վնասներ են կրել

Կարկուտ է տեղացել

Արմավիրի մարզի Արազափ համայնքի բնակիչներն այս տարի դառը դատեցին, դատարկ նստեցին: Օրեր առաջ տեղատարափ անձրևն ու կարկուտը վնասներ են հասցրել:

Չզարմանաք, բայց Արարատյան դաշտում գրանցված 40 աստիճան տաքությանը հաջորդել է կարկուտը: Ամռան տապին երկնքից թափված սառցե գնդիկները գետնին են հավասարեցրել գյուղացիների աճեցրած գյուղմթերքը:

40 հեկտար ձմերուկ, սեխ, սմբուկ ու պղպեղ է վնասվել: Համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը տեղեկացրեց, որ վնասի չափը հաշվարկելու համար հանձնաժողով են կազմել: Վնասները ճշտելուց հետո կազմած արձանագրությունը մարզպետարան կուղարկեն:

«Ձմերուկն ու սեխը մոտ 60-70 տոկոսով են վնասվել, լոլիկն ու սմբուկն էլ են տուժել, բայց դրանք վերականգնվող բույսեր են: Կարկուտը ձմերուկն ու սեխը ծակել է, փտտել են արդեն»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց նա:

2016 թվականից Արազափում կարկուտ չէր եկել: Հարությունյանի խոսքով՝ հակակարկտային կայանքներն իրենց գործն արել են, հակառակ դեպքում, վնասն ավելի մեծ կլիներ:

«Հակակարկտային կայանքները համայնքից 1,5 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Դրանք մոտ 600 մետրի վրա են պաշտպանում բերքը կարկուտից: Այդ օրը 60 000 կրակոց են արձակել ոչ միայն մեր գյուղի հողատարածքների ուղղությամբ: Շատերն ասում են, որ հակակարկտային կայանքները չեն օգնում, բայց լավ էլ օգնում են: Եթե չկրակեին, ավերածություններ կլինեին՝ ոչ մի բույս չէր մնա: Հետն էլ տեղատարափ անձրև էր: 100 տարի նման անձրև չէր եկել»,- մանրամասնեց նա:

Չնայած տարերային աղետին՝ արազափցիները գյուղտարուց գոհ են: Եթե կորոնավիրուսը չլիներ և ռեստորաններն ու հանրային սննդի մյուս կետերն ամբողջ ծավալով աշխատեին, նախորդ տարվա նման բերք կտային և մթերման խնդիր չէին ունենա:

«Սմբուկի վիճակն այս տարի լավ չէ: Կիլոգրամը 30 դրամով վերավաճառողներին ենք հանձնում, նրանք էլ 70 դրամով են վաճառում, իսկ մայրաքաղաքում և այլ առևտրի ցանցերում գինը դարձնում են 200-250 դրամ»,- նկատեց Հարությունյանը:

Այս տարի հողագործներն ավելացրել են ցանքատարածությունները: Վարկերը մարելու նպատակով ավելի շատ են բերք աճեցրել՝ հուսալով, որ շահույթ կստանան, բայց վիրուսը իրացման հարցում խոչընդոտներ է ստեղծել:

Կարկուտը վնասներ է հասցրել նաև Արգավանդ համայնքին՝ վնասելով խաղողը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1011 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ