...

Հաղթանակը ձեր հագով չէր

Հաղթանակը ձեր հագով չէր

Ս․թ․ հունվարի 9-ին խոստացել էի անդրադառնալ Արցախյան առաջին պատերազմի տարիները «ցրտի ու մթի» անվանողներին։ Խոստումս կատարեմ՝ նրանց հավելելով «օբյեկտիվների» փոքրաթիվ, բայց որոշակի ազդեցություն ունեցող ջոկատը։

90-ականների սկզբին՝ պատերազմի թեժ փուլում, հայ քաղքենի մտավորականի նվնվոցը ոչ մի նորմալ մարդ բանի տեղ չէր դնում, քանի որ նորմալ մարդիկ գործով էին զբաղված և շատ լավ հասկանում էին, թե ինչ դժվարություններ է հաղթահարում երկիրը։

Ովքե՞ր էին դժգոհ կենցաղային պայմաններից, ովքե՞ր էին Երևանի աղքատիկ սրճարաններում անդադար բամբասում գործող իշխանությունից, ովքե՞ր էին ապահովում ֆինանսական կասկածելի աղբյուրներից սնվող ընդդիմադիր, հաճախ ստահոդ թերթերի սպառումը։

Այո՛, չեք սխալվում, հայ մտավորականներն էին՝ մեծ, միջին և փոքր տրամաչափի։ 

Եթե կարծում եք, որ միայն տնտեսական դժվարություններն էին այս մարդկանց մաղձի պատճառը, սխալվում եք։ Սրանց մեծամասնությանը մի բան հանգիստ չէր տալիս․ ինչո՞ւ պետք է իշխանության Օլիմպոսում հայտնվեին մտավորականներ Լևոնը, Վանոն, Վազգենը, իսկ իրենք՝ ոչ։ Նախանձն էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ սրանց հավաքական կերպարը և բաղձալի «առաջնորդը» դարձավ Վազգեն Մանուկյանը՝ «համաշխարհային ազգի» հոգեհայրը։

Հայոց նորաստեղծ բանակի հաղթանակները սրանց համար այնքան անսպասելի էին, շփոթեցնող, որ, օրինակ, Շուշիի գրավման օրը մտավորականներից մեկը համերգային լեփ-լեցուն դահլիճում հայտարարեց, թե քաղաքը մերոնք չեն գրավել, այլ ռուսները։ (Անունը չեմ տալիս՝ խղճահարությունից ելնելով․ արդեն ծեր է)։ 

Եվ ինչպե՞ս կարող էին բանական քաղաքականություն, ռազմավարություն, բանակ, հաղթանակ մարսել մարդիկ, որոնց կյանքի իմաստը ազգային ողբն էր, ուրիշներից ինչ-որ բան պահանջելը, ռուսներին իրենց իսկ շահը բացատրելը, աշխարհը չար, անարդար հայտարարելը։ 

Ինչո՞ւ եմ սրանց կրկին ու կրկին անդրադառնում։ Որովհետև ֆոն ստեղծեցին, նախապատրաստեցին 1998 թ․ հեղաշրջումը, այսինքն՝ կործանեցին Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման լավագույն և արժանապատիվ տարբերակը։ Հետագա տարիներին զգայացունց հոդվածներ և օրհներգեր ձոնեցին հաղթանակին՝ ջնջելով դրա ամենակարևոր բաղադրիչը՝ բանական քաղաքականությունը։ Մեր պատմաբանները, գրողները, վերլուծաբաններն ու պարզապես հանրային դեմքերը ոչ մի րոպե չհրաժարվեցին «ցրտի ու մթի տարիներ» կոնցեպտից՝ 20 տարի լվանալով հասարակության ուղեղը։ Հաղթանակը նրանց հագով չէր։ Բթացման արդյունքը Նիկոլ Փաշինյանն է և պարտությունը։ 

«Օբյեկտիվների» փոքրիկ ջոկատը մեկ այլ ծառայություն մատուցեց Հայաստանի թշնամիներին։ Համոզված եմ՝ նրանք չէին գիտակցում, որ Հայաստանի բոլոր ղեկավարներին նույն հարթության վրա դնելով՝ ոչ թե օբյեկտիվություն են ապահովում, այլ տաղավարային, իսկ հետո արդեն սոցցանցային փնթփնթոց, թե բոլորն էլ նույնն են, 30 տարի քանդել-կերել են։ «Օբյեկտիվների» հիմնական դժբախտությունն այն չէր, որ ստիպված էին համակերպվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ճնշումներին, այլ այն, որ իրենց անձնական հավակնություններն էին բավարարում՝ սնելով Նիկոլ Փաշինյանին։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանը պարտությունն է՝ այլանդակ ու շարունակվող։ 

Ու հիմա, երբ նույն մտավորականները ողբում են երկրի վիճակի համար, իսկ «օբյեկտիվները» մեկ-մեկ սուբյեկտիվ են դառնում, թող հիշեն, որ նաև իրե՛նց բուռն գործունեության արդյունքն ենք «վայելում»։

Ո՞նց եք, լա՞վ եք, ցուրտ ու մութ չէ, բայց երկիր ենք կորցնում, սակայն ձեզնից ոչ մեկը դեռ չի ապաշխարել։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ