ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել են խորհրդարան այցելած Արարատի մարզի Ոսկետափ համայնքի ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։
«Բաց դաս»-ը բովանդակային առումով կամբողջանար, եթե դրան մասնակցեր ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը։ Տեսեք՝ Աղազարյանը տնտեսությունից է խոսել, Ասլանյանը՝ կրթությունից։ Մեկն էլ պետք էր, չէ՞, որ երկրի անվտանգությանն առնչվող հարցերից խոսեր։ Ի դեպ, այս ավանդույթը դեռևս նախկինների օրոք էր ձևավորվել։ Բայց նախկիններն աշխատում էին այսօրինակ հանդիպումներին գործուղել իշխող խմբակցության ինտելեկտուալներին։ Հիմա ճիշտ հակառակն է արվում։ Բաց դասը վարում են իշխող խմբակցության այն պատգամավորները, որոնց ամեն հայտարարությունը հումորային ստենդափերի համար անսպառ նյութ է դառնում, ֆեյսբուքահայության համար՝ հայհոյելու առիթ, շատերի համար էլ՝ լուռ տխրելու։ Բայց իշխանությունն իր մարտավարությունն ունի՝ առաջ է մղում ու կարևորում նրանց, ովքեր անմնացորդ են քծնելու և համառ են անհեթեթություններ երկնելու հարցերում։ Ապագան հենց այս որակով ու տեսակով է պատկերվում, դրա համար էլ բաց դասի բանախոսներ ընտրվում են այս մարդիկ։
Գոհար Վեզիրյան