...

Հակաահաբեկչական գիշեր Արաբկիրում

Հակաահաբեկչական գիշեր Արաբկիրում

Քանի «Էդգար Ղազարյան-2022» մրցաշրջանը տրենդի մեջ չի հայտնվել, ձեզ ասենք, որ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցի բնակչության մի մասը լարված գիշեր է անցկացրել և տագնապով փողոց է դուրս եկել: Վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն երրորդ տունն է, որ հրդեհ է ընկնում այնտեղ: Սկզբից՝ մի տունը, հետո՝ կողքինը, հետո՝ մյուս կողքինը: Երեք հրդեհ: Դժվար, չէ՞, դա պատահական լիներ: Ահաբեկչության հոտ է գալիս այս ամենից, բայց ում կողմից՝ չգիտենք: Ու ամեն հրդեհը կամաց մոտենում է այդտեղ գործող CPS բենզալցակայանին:

Գիշերն այրվող տունը բենզալցակայանից ընդամենը 20-25 մետր հեռավորության վրա է եղել: Բայց, ի պատիվ հրշեջ-փրկարարների, հասցրեցին շուտ գալ և լոկալիզացնել հրդեհը, որովհետև մի քիչ էլ, ու հրդեհը տարածվելու էր հարևան տների և օբյեկտների վրա:

Նույնիսկ չգիտենք, թե ինչ կլիներ, եթե CPS-ի բենզինի ցիստերները կպնեին: Այդ թաղի ժողովուրդն արդեն քանի տարի է, ահաբեկված է ապրում: «Սուրմալուից» հետո ընդհանրապես քուն ու դադար չունեն: Բենզալցակայանը մի քանի տանը կպած է, մի քանի տան տանիք էլ հենց դրա տակ է: Բոլորդ էլ տեսել եք դա Սարալանջով իջնելուց: Դե, ձեր հաշիվը վերցրեք, թե ինչ կարող է լինել, աստված չանի, եթե այս բենզալցակայանին մի բան պատահի:  

Բա որ իմանաք այս բենզալցակայանի պատմությունը: Իմիջիայլոց, «Հետքի» ու «Սիվիլնեթի» մեր գործընկերներին խորհուրդ կտանք մի հատ հետաքրքրվել, հետաքննություն անցկացնել. ձեզ բան ենք ասում, կոռուպցիոն պատմությունների ծննդատուն կբացեք: 

Ի սկզբանե այնտեղ առևտրի սրահ կառուցելու հայտ են ներկայացրել, շինթույլտվությունը ստացել են, բռնել բենզալցակայան են կառուցել: Արաբկիրի թաղապետարանը՝ ի պատասխան բողոքների, գրություն է ուղարկել, որ արդեն 8 ամիս է, այս բենզալցակայանին գործելու թույլտվություն չի տալիս, և դրա գործունեությունը ապօրինի է: Կամ՝ արտոնագիր, չգիտենք, դա արդեն կարող եք ճշտել թաղապետարանից: Հակահրդեհային ինչ-որ մարմին կա, եզրակացություն է տվել, որ բենզալցակայանը 5-6 կետով խախտում է անվտանգության և հակահրդեհային նորմերը: Ու այդքանից հետո գործում է: Ֆանտաստիկա չի՞:

Թաղի մարդիկ պատմում են, ասում են՝ գնացել ենք Արաբկիրի թաղապետարան ու Երևանի քաղաքապետարան, բենզալցակայանի ապօրինի գործունեության փաստերը դեմն ենք դնում, այնտեղ պատասխանում են՝ հա, գիտենք, տեղյակ ենք: Բա որ գիտեք, ինչի՞ չեք կասեցնում: Ասում են՝ թաղապետարանի ու քաղաքապետարանի չինովնիկները կողքերն են նայում, հետո աչքերով վերև են ցույց տալիս, իբր ինչ-որ թափով «շիշկա» կա, պահում է այս բենզալցակայանը, կամ՝ տանիքն է: Էն աստիճան, որ ծալած ունի քաղաքապետարանին էլ, թաղապետարանին էլ, տարբեր գերատեսչական մարմիններին էլ, ոստիկանությանը, քննչական մարմիններին... իմիջիայլոց, այս բենզալցակայանի հետ կապված քրեական գործ էլ կա վաղուց հարուցված, բայց մեկ է, ինքը գործում է, ժողովուրդ: Հա, ֆանտաստիկա է:

Լավ, ո՞վ է այդ բեն Լադենը, որ այսպես մի ամբողջ թաղամաս տեռորի է ենթարկում: Մենք իմանայինք, անունը կգրեինք: Թե՞ սպասում եք, որ հերթական «Սուրմալուն» լինի, որ հետին թվով սկսեք մեղավորներ փնտրել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7458 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ