Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ այլ օգտատերերի կողմից բռնության կոչեր պարունակող գրառումների լուսապատճեններ է հրապարակել և գրել.
«Ահա, գոմից փախածների մի խմբաքանակ, մարդկային կերպարանքը կորցրած, կամ չունեցած, էս կարգի անկման ու ինքնաոչնչացման հասած մի նախիր, կարդացեք, հասկացեք, թե գոմում, կոյուղու ու թրիքի մեջ ինչ է աճել, չաղացել... Կարդացեք, մի ալարեք, տեսեք ոնց է անմեղսունակ ֆաշիզմը ծաղկում:
Իրավապահներից արթուն մարդ կա՞, ուրիշ ժամանակ, պոստերը կարդում, գնում էիք տներով, թե խուճապ եք տարածում, հանեք գրառումը: Հիմա ստեղ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածով տժժում են, չհաշված էլի մի քանի հոդված»:
Պարոն Բարսեղյանի հետ մի հարցում համաձայն չենք. այո, միգուցե նախիր է, միգուցե մարդկային կերպարանքը կորցրել են, կոյուղի, թրիք-մրիք, բայց սրանք անմեղսունակ չեն: Լավ էլ ուղղորդված, կազմակերպված արշավ է իրականացվում: Սպանելու, գլխատելու, ոչնչացնելու կոչերը պատահական չեն արվում, ու պատահական մարդիկ չեն անում: Հանկարծ մոլորության մեջ թող ոչ ոք չընկնի ու սա չվերագրի դրանց անմեղսունակությանը:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չմոռանաք: Այն ժամանակ էլ Նաիրի Հունանյանն էր այստեղ-այնտեղ հայտարարում, որ Վազգեն Սարգսյանին պետք է վերացնել, շատերը լուրջ չէին ընդունում, ասում էին՝ ցնդածի մեկն է: Բայց այն ուժերը, որոնք շահագրգռված էին Վազգեն Սարգսյանի վերացմամբ, նրանք հո գիտեին, թե ով է Նաիրի Հունանյանն ու ինչի է ընդունակ: Վանո Սիրադեղյանն էլ դա գիտեր, հասկանում էր, հազար անգամ զգուշացրեց Վազգեն Սարգսյանին, բայց... տեղի ունեցավ այն, ինչ՝ տեղի ունեցավ:
Նույնն էլ հիմա է: Նրանք, ովքեր բացահայտ կոչ են անում ֆիզիկապես ոչնչացնել այս իշխանության ղեկավարներին կամ սորոսականներին, սրանք ուղղորդվում են նույն այն ուժերի կողմից, որոնք կազմակերպել էին հոկտեմբերի 27-ի սպանդը:
Այնպես որ, անմեղսունակության մի վերագրեք այս կոչերը:
Իսկ ո՞ւր են մեր իշխանությունները: Ո՞ւր են մեր իրավապահները: Ո՞նց անենք, որ քնից զարթնեն: Պատկերացնո՞ւմ եք, Քոչարյանի օրոք մեկը բռնության այսպիսի կոչեր աներ: Ազգուտակով կտանեին բաժին, կողերը կջարդեին, մի քանի հոդված էլ կդնեին վրաները, բանտ կուղարկեին: Ջանիկ Ադամյանը Քոչարյանի մասին մի անմեղ բանաստեղծություն էր գրել, ամբողջ դատախազությունով ընկել էին հետևից, քրեական գործ էին հարուցել:
Իսկ այս իշխանությունները՝ հե՜չ, կոչեր անեն, չանեն, ինչ կգրեն, ինչ կտարածեն, ձայն բարբառո հանապատի: Ինչպե՞ս բացատրենք, որ այսպիսի կոչերի հեղինակներին անպատիժ թողնելով՝ հանրության շրջանում անպաշտպանվածության տրամադրություններ եք առաջացնում: Ինչը ավտոմատ վերածվելու է իշխանությունների հանդեպ անվստահության: Տրամաբանական է, չէ՞, որ եթե ինչ-որ մեկը սպանելու կոչեր է անում, ու դա անում է անթաքույց, ամեն օր, ամեն տեղ, ու որևէ պատասխանատվություն չի կրում, հասարակ քաղաքացին ի՞նչ պետք է մտածի. որ իշխանությունը թույլ է, անգործունյա, ուժը չի պատում, որպեսզի կանխի բռնության այս աննախադեպ քարոզը:
Ավելին, հերիք չէ, բան չեն անում, դեռ մի հատ էլ ձայնակցում են բռնության կոչեր անողներին, թե բա՝ Սորոսը ում շունն է, սորոսականներն ովքե՞ր են, թող ձենները կտրեն: Իբր թե՝ նայեք ժողովուրդ, մենք կապ չունենք Սորոսի հետ, մենք էլ չենք սիրում նրանց, մեզ իրենց հետ մի կապեք: Ձեզ ուրիշ բան ասենք. քչերը երևի գիտեն, որ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ իրենց կենսագրությունից ջնջել են այն հատվածները, որտեղ նշված էր, որ իրենք աշխատել են «Բաց Հասարակության հիմնադրամում», կամ այդ հիմնադրամների ֆինանսավորած ծրագրերում են ներգրավված եղել, կամ՝ գրանտներ են ստացել տարբեր նպատակներով: Չկա: Կարծես համաձայնվել են, որ Հայաստանի թիվ մեկ թշնամին այդ չարաբաստիկ Սորոսն ու սորոսականներն են, հիմա զղջում են, որ ժամանակին նրանց հետ առնչվել են, փող են ստացել, աշխատել: Չեն զղջում, վախենում են: Այո, վախենում են, ընդունում այն թեզը, որ այսօր Հայաստանում սորոսական լինելը ավելի ահավոր մեղք է, քան՝ իշխանություն զավթելը, երկրի հարստությունը մսխելն ու յուրացնելը, հոկտեմբերի 27 և մարտի 1-ի սպանդ իրականացնելը, Սևանա լճի ափը սեփականություն դարձնելը: Բա, հիմա մոդան Սորոսին ցեխը կոխելն է:
Սթափության կոչ չենք անում, քանի որ դա վերջին երկու տարում հազար անգամ ենք արել, բանի տեղ դնող չկա: Բայց մենք ուրիշ կոչ կանենք. եթե չեք կարողանում մեր անվտանգությունն ապահովել, պաշտպանել մեր իրավունքները, եթե մենք մեր երկրում ապահով չպետք է զգանք, եթե մարդասպաններն ու արյան մեջ թաթախվածները պետք է մեզ վրա հոխորտան, հանգիստ սկուտեր քշեն, մեզ վրա ծիծաղեն, բարի եղեք, թողեք, գնացեք կամ ձեր տեղը զիջեք նորմալ ուժերի, որոնք ի վիճակի կլինեն երկրում կարգ ու կանոն հաստատել: Որքան ձեր երկիրն է Հայաստանը, այնքան էլ՝ մերն է: