...

Հանուն ընկերոջ չի կարելի վարկաբեկել հեղափոխությունը

Հանուն ընկերոջ չի կարելի վարկաբեկել հեղափոխությունը

Ուղղորդված հակաքարոզչությունը և տեղեկատվական հիբրիդային պատերազմները չեն կարող հաջողություն ունենալ, եթե պարարտ հող չունենան: Այո, կարելի է ճոխացնել, մանիպուլացնել, թմբկահարել, կեղծ տեղեկություններ շրջանառել, բայց դրանք որևէ արդյունք չեն ունենա, եթե իշխանությունը երբեմն չոռոգի դրանք:

Իսկ տպավորություն է, որ իշխանության մեջ կան ուժեր, որ կոնկրետ հանձն են առել երբեք չչորացնել այդ հողերը: Մեկը՝ իր անմիտ քայլերով, մյուսը՝ իր անմիտ որոշումներով և նախագծերով, հաջորդը՝ իր տիրաժավորած անհեթեթ մտքերով:

Հիմա, եթե Հայկ Սարգսյանը չի պատժվում ու բավարարվում են 10000 դրամ տուգանելով, ինչո՞ւ պետք է միշիկածին կամ ռոբածին մեդիան առաջիկա մի քանի օրերին լուր չգրի հետևյալ վերնագրով՝ «Հայկ Սարգսյանը մտերիմների մոտ ասել է՝ ով է Փաշինյանը, որ ինձ պատժի»: Տեքստում կգրեն նաև, որ հայհոյել է և ասել՝ ես եմ նրան բերել իշխանության: Շատերը չեն հավատա, բայց հավատացողներ անպայման կլինեն: Եվ այդպես, մետր-մետր ոռոգելով ու մշակելով՝ ռևանշիստները ժամանակի ընթացքում կստանան մի մեծ, պտղատու, հիանալի այգի:

Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ուղղորդված գրոհների միջոցով փորձում են խեղճացնել թիմին: Բայց դրանից լավագույնս պաշտպանվելը ամեն գնով բալաստը պահպանելը չէ: Հայկ Սարգսյանին պահելով՝ իշխանական թիմը չի ուժեղանում: Եթե այդպես լիներ, Սերժ Սարգսյանի թիմն ամենից ուժեղը կլիներ և երբեք չէր տապալվի: Չէ՞ որ նրանք պաշտպանում էին իրենց թիմից յուրաքանչյուրին՝ անկախ նրանից, թե ինչ մասշտաբի հանցագործություն էր արել: Ի վերջո, կարելի է պահպանել թիմը, բայց կորցնել հասարակության աջակցությունը, որն անհամեմատ ավելի կարևոր է:

Սերժ Սարգսյանը երբեք չի ունեցել հասարակության աջակցություն և լրիվ տրամաբանական էր, որ փորձում էր դա կոմպենսացնել թիմի ամրությամբ: Նիկոլ Փաշինյանը ունեցել է և դեռ շարունակում է վայելել հասարակության մեծամասնության աջակցությունը: Ուստի, լրիվ արդարացված կլինի, եթե իրեն «շռայլություն» թույլ տա և հրաժարվի բոլոր նրանց ծառայություններից, որոնք զբաղված են միայն հեղափոխության վարկաբեկմամբ:

Ի վերջո, դժվար չէ հասկանալ, Հայկ Սարգսյանը իր անմիտ քայլերով այսօր միայն իրեն չի դրել անհարմար վիճակում: Խմբակցության ղեկավարը, փորձելով նրան չոր հանել ջրից, իրեն դրել է ոչ պակաս անհարմար վիճակում: Վաղը վարչապետը կփորձի փրկել Մակունցին և կրկին կհայտնվի նույն վիճակում: Հանուն անգամ ամենալավ ընկերոջ չարժե վարկաբեկել հեղափոխությունը և հուսախաբ անել մի ամբողջ ժողովրդի:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ