...

Հանրային խորհրդի ղեկավարը չի պահպանում քաղաքական չեզոքությունը

Հանրային խորհրդի ղեկավարը չի պահպանում քաղաքական չեզոքությունը

Լայն քննարկումների առարկա է դարձել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը վարչապետ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով։ Վազգեն Մանուկյանն ասուլիս է հրավիրել և ասել է․ «Ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել եւ հայտարարել, որ մենք միասին աշխատել չենք կարող: Նույն պահին ես դուրս կգամ: Բայց քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող է ինքս նախաձեռնեմ, մոտ օրերս հանդիպեմ վարչապետին, միասին նայենք, քննարկենք հետագա գործունեությունը իմաստ ունի՞, թե՞ ոչ»։  

Սահմանադրությամբ չեզոք մարմնի՝ Հանրային խորհրդի ղեկավարը, չպահպանելով քաղաքական չեզոքությունը, խոսել է նաև ներքին քաղաքական խնդիրներից. «Ես, անկեղծ ասած, մեր հասարակությանը ըսենց բզկտված դեռ չէի տեսել, իրար նկատմամբ թույնով լցված: Բաբլոյանի դեմ քրգործը, որ հարուցել են, մարդու զարմանք է առաջացնում: Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը՝ մեր պարծանքը, որով մենք հպարտանում ենք աշխարհում, մեկ էլ հայտնվում է... մի ստորակետ ճիշտ է դրել, սխալ է դրել, ես չեմ էլ իմանում, էդ ստորակետի պատճառով քրեական գործ են հարուցում իր դեմ»,- նկատել է համաշխարհային ազգի առաջնորդը։ 

Սկսենք վերջից։ Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ոչ այն բանի համար, որ սեփական մասնագիտությանը չտիրապետող վատ բժիշկ է և մասնագիտական սխալ է թույլ տվել, այլ մեղադրանք է առաջադրվել միանգամայն ուրիշ հոդվածներով։ Հանգիստ թողնենք անվանի բժիշկ Արա Բաբլոյանին, ինքը ժամանակ կունենա իր անմեղությունն ապացուցելու, իսկ մենք անցնենք առաջ և տեսնենք, թե ինչպե՞ս է եղել, որ Վազգեն Մանուկյանը մոռացել է 90-ականները, երբ իր ԱԺՄ-ով ու դաշնակներով պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ատելություն էր քարոզում և թույն արտանետում, իսկ հիմա զարմանում է։ 

Մի 4 էջանոց թերթ ունեին՝ «Այժմ», որն անվճար բաժանում էին։ Ամբողջ 4 էջը իշխանությունների ատելության քարոզն էր, ցրտի ու մթի, «լափած մազութի» մասին։ Տեսնում էր, որ «լափած մազութի», ցրտի ու մթի քարոզը այնքան էլ մեծ ազդեցություն չի ունենում, մարդիկ հասկանում էին, որ պատերազմական իրավիճակում ենք, այդ ժամանակ երկնեց «համաշխարհային ազգ»-ի թեզը. մենք համաշխարհային ազգ ենք, և մեր տնտեսության բարգավաճմանը խոչընդոտում է միայն ու միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե համաշխարհային ազգը ի՞նչ առավելություն ունի մնացած ազգերի հետ համեմատած։ Եթե ինքը լիներ երկրի նախագահը, սարեր էր շրջելու։ Ու այսօր Վազգեն Մանուկյանը հասարակության բզկտվածությունից և միմյանց նկատմամբ թույնով լցվելուց է խոսում և ազնիվ խոսք է ասում, երբ հասարակությունն ականատես է եղել իր ազգակործան քաղաքականությանը։ Այ սա արդեն ամբողջացնում է Վազգեն Մանուկյան երևույթի կերպարը։ 

Իսկ հիմա Հանրային խորհուրդ կոչվող ամուլ կառույցի մասին, որ մեկ տասնամյակից ավել հարկատուներիս հաշվին գոյություն ունի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրային խորհուրդ կոչվող կառույցը 2008թ. Սերժ Սարգսյանի երախտագիտությունն էր առ Վազգեն Մանուկյան։ Անհասկանալի է, որ հեղափոխությունից հետո դեռ շարունակում է գոյություն ունենալ այդ ամուլ կառույցը։ Մեկ անգամ չէ, որ Վազգեն Մանուկյանը գերազանցում է սահմանադրությամբ ամրագրված իր լիազորություները և քաղաքական հարցեր է քննարկում։ Ոչ վաղ անցյալում էր, որ ստեղծեց «Վերնատուն» ակումբը, ինչպես ինքն է ասում, որ կոնսոլիդացնի հանրությանը, որն իրականում կոնսոլիդացնում է Քոչարյանի փոքրաթիվ կողմնակիցներին և պայքարելու է հանրության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունների դեմ։ Փաստորեն հանրային խորհրդի նախագահը պայքարում է հանրության դեմ։ Բա սա աբսուրդ չէ։ Միայն այս փաստը բավարար է, որ Վազգեն Մանուկյանը նման կառույց չղեկավարի։ 

Բոլորից լավ Վազգեն Մանուկյանն ինքն է հասկանում, որ կառույցն ամուլ է, և ինքն է ասում վարչապետի հետ հանդիպման մասին և քննարկել է ուզում, թե կառույցի հետագա գործունեությունը իմաստ ունի՞, թե՞ ոչ։ Կարծես մեկ տասնամյակ էր պետք, որպեզի Վազգեն Մանուկյանը հասկանար՝ կառույցի գոյությունն անիմաստ է, և եթե հեղափոխությունից հետո դեռ գոյություն ունի նման կառույց, միայն Նիկոլ Փաշինյանի բարի կամքի շնորհիվ։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ինչպես է ստեղծվել այդ ամուլ կառույցը, բայց գաղտնիք է, թե հեղափոխությունից հետո դեռ ինչի է շարունակում գոյություն ունենալ։ Գուցե սահմանադրական փոփոխություններով պիտի վերջ դրվի այս և նման մի քանի անկապ կառույցների գոյությանը, որ նախկինները ստեղծել են իրենց յուրայիններին պարզապես երախտագիտություն հայտնելու համար։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում կատարել հեղափոխության հիմնական պահանջը՝ փոփոխություներ անել Սերժի հագով կարած սահմանադրությունում, վազգենմանուկյանները հարկատուներիս հաշվին պիտի վայելեն իրենց բարեկեցությունը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ