Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրային լողափերին ու հայտարարել, թե «փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու, թող լինի էժան, սիմվոլիկ վճարով, բայց լինի արժանապատիվ»։
Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մտասևեռված է ստամոքսաաղիքային տրակտի գործունեության վրա, բայց որ կոնկրետ վայրի կոնկրետ զուգարանի հարցն ուղիղ եթերով կքննարկվի կառավարության նիստում՝ անպատկերացնելի էր։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանի «մոտիվացիան» հասկանալի է։ Ըստ երևույթին նա խորհրդակցություն է հրավիրել, պարզել, որ, ասենք, մինչև շրջափակումը Լաչինի միջանցքով օրական 2000 հոգի էր անցնում, իսկ հանրային զուգարաններից օգտվում է օրական 120 հազար մարդ, ու որոշել, որ «հուսահատության զուգարանների» հարցը 60 անգամ ավելի կարևոր է։
Այնպես որ՝ առաջարկում ենք շտապ հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ ու քննարկել երկու հարց․ հանրային սննդի վայրերում ատամի չոփիկների նվազագույն տրամագիծն ու հանրային զուգարաններում թղթի առկայության նվազագույն մետրաժի չափորոշիչները։ Եվ այդ ամենը ցուցադրել ուղիղ եթերով։ Խոստացել էին, չէ՞, որ թափանցիկ են լինելու։