...

Հատված դատական փակ նիստի սղագրությունից

Հատված դատական փակ նիստի սղագրությունից

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Հատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստից։

Դատավոր- Մեղադրյալ Տոնոյան, 44-օրյա պատերազմը սկսվելու ժամանակ Դուք զբաղեցնում էիք ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Կոնկրետ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան որտե՞ղ էիք։ 

Տոնոյան - Ես մեղադրյալ Փամփուշտ Դավիթի հրավերով գտնվում էի Բուլղարիայում, որպեսզի տեղում ուսումնասիրեմ մի շարք ժամանակակից զինատեսակներ։ Ու քանի որ նախորդ օրը մինչև ուշ գիշեր բազմաթիվ զինատեսակներ էինք ուսումնասիրել և հաջորդ օրը գլխացավ ունեինք, առավոտյան ևս մեկ-երկու զինատեսակ ուսումնասիրեցինք, որից հետո որոշում ընդունեցի անհապաղ վերադառնալ Հայաստան։ Հաջորդ օրը երեկոյան արդեն ինքնաթիռում էի։ Այնտեղից էլ կապվեցի «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակի հետ՝ ռազմաճակատում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով․․․

Դատավոր - Իսկ ինչո՞ւ չփորձեցիք կապվել գերագույն-գլխավոր հրամանատարի հետ։

Տոնոյան - Արդեն ասեցի, չէ՞, որ երեկո էր։ Փորձեցի կապվել, բայց ինձ ասացին, որ պրն Փաշինյանը բունկերում տարբեր զինատեսակներ է ուսումնասիրում, ու քանի որ արդեն բավականին ուսումնասիրել է՝ ավելի լավ է հաջորդ առավոտյան կապվեմ։

Դատավոր - Իսկ ինչո՞ւ էիք շտապում։ Ուզում էիք պարզել, թե «նոր պատերազմ-նոր տարածքներ» սկզբունքով ի՞նչ նոր տարածքներ ենք գրավել։

Տոնոյան - Բայց ո՞վ է գրավելու անուն տվել։ Ես ընդամենը ասել էի «նոր պատերազմ-նոր տարածքներ»։

Դատավոր - Ի՞նչ նկատի ունեիք։

Տոնոյան - Նկատի ունեի, որ նոր պատերազմի դեպքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները նոր տարածքներում են տեղաբաշխվելու։ Սև լճի մոտ, Սոթքում, Շուռնուխում․․․

Դատավոր - Լավ, շարունակեք։ Հետո՞ ինչ արեցիք։ 

Տոնոյան - Հետո զանգեցի Արծրունին, տեղեկացա, որ Հադրութի ուղղությամբ դագդիգագան նահանջ ունենք, բայց բոլորին զգետնում ենք, հետո քարտեզի վրա գտա Հադրութը և համոզվեցի, որ իրավիճակը լիովին վերահսկում ենք, հետո ինձ զանգահարեց Փամփուշտ Դավիթը և տեղեկացրեց, որ կարող է հարմար գներով հրթիռներ ճարել, որոնք թեև մի քիչ ժամկետանց են, բայց շատ էֆեկտիվ են պայթում, ու շատ սիրուն կադրեր կստացվեն․․․ Բայց չհասկացա, պրն դատավոր, էս մենակ դուք ե՞ք հարցեր տալիս։ Կարելի՞ է մի հարց էլ ես տամ։

Դատավոր - Համեցեք։

Տոնոյան - Ձեր տված հարցերն ի՞նչ կապ ունեն իմ խափանման միջոցի հետ, միևնույն է՝ որոշումը Դուք չեք ընդունելու։ Ավելի քան երկու տարի ես աշխատել եմ պրն Փաշինյանի հետ և վստահ եմ, որ Դուք նախապես արդեն ունեք որոշում․․․

Դատավոր - Հավատացնում եմ՝ այս պահի դրությամբ դեռ որոշում չունեմ։

Տոնոյան - Ինչո՞ւ։

Դատավոր - Դե որովհետև պրն Փաշինյանը զբաղված է, երեկվանից տարբեր զինատեսակներ է ուսումնասիրում․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ