...

Հատված ՀՅԴ փակ-գաղտնի ընդհանուր ժողովից

Հատված ՀՅԴ փակ-գաղտնի ընդհանուր ժողովից

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ՀՅԴ ընդհատակյա փակ-գաղտնի ընդհանուր ժողովում ընկ․ Հրանտ Մարգարյանի արտասանած ելույթից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

․․․ Ընկերնե՛ր։ Մեր հայրենիքը վտանգված է, հետևաբար՝ Դաշնակցությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Թեև մեր քաղաքական հակառակորդները պնդում են, թե իրականությունը ճիշտ հակառակն է՝ Դաշնակցությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը, դրա համար էլ մեր հայրենիքը վտանգված է։ Բայց այսօր վտանգված է ոչ միայն մեր հայրենիքը, այլև մեր 131-ամյա կուսակցության ապագան (ծափահարություններ)։ Որովհետև ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ ծովից ծով Հայաստանի և ոչ մի թիզ հող չզիջելու գաղափարախոսությունը լուրջ մրցակից է ձեռք բերել և այլևս միայն մեր մենաշնորհը չէ։

Մեր ընկերների ընդհատակյա հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՅԴ-ի և ՔՊ-ի միակ սկզբունքային տարբերությունն այն է, որ մեր նվիրյալներն ատրճանակի վրա են երդվում, իսկ նրանք՝ չալաղաջի։

Գաղափարական այլ տարաձայնություններ չկան։ Բայց նրանց գործունեությունն ավելի վտանգավոր է։ Ուղիղ 100 տարի առաջ մեր հերոսական կուսակցությունը ձգտում էր, որ Հայաստանն իր 4 հարևաններից 3-ի հետ ունենա ճակատ և միայն մեկի հետ՝ սահման, որովհետև այդ սահմանով էր, որ Առաջին հանրապետության դաշնակցական կառավարությունը պիտի երկրի տարածքից դուրս բերեր և փրկեր հանրապետության ոսկին (ծափահարություններ)։ Բայց բանկային փոխանցումների մեր դարաշրջանում սրանց նույնիսկ այդ սահմանը պետք չէ, և սրանք ընթանալու են բոլոր հարևանների հետ ճակատ ունենալու ճանապարհով։

Ընկերնե՛ր։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակում մեր պարտքն է ունենալ հզոր և իմաստուն ղեկավար, և ես ուզում եմ այդ սուրբ պարտականությունը դնել ընկեր Իշխանի ուսերին։ Մեր կարգախոսն է՝ ծովից ծով Հայաստան, և ձկան անունով առաջնորդ ունենալը պիտի խորհրդանշի մեր ապագա փառավոր հաղթանակները։ Բացի այդ, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հետևանքով դալաններում ծեծ ուտելու հեռանկարները, ընկեր Իշխանի արագավազությունը կարող է փրկարար դեր կատարել մեր հերոսական կուսակցության համար (ծափահարություններ)։ Մահ կամ արագավազությո՛ւն։ Գալ տարի Սարսանգին մե՛ջ (բուռն, երկարատև ծափահարություններ)։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ