Այս թեմային վաղուց էինք ցանկանում անդրադառնալ: Որովհետև հաճախորդների ինստիտուտը Հայաստանի ներքաղաքական հարաբերությունների անբաժանելի մասն է արդեն ավելի քան 20 տարի, իշխանություններ են փոխվել, տարբեր զարգացումներ, ընտրություններ, հեղափոխություն և հեղաշրջում է եղել, իսկ ահա հաճախորդները շարունակում են քաղաքական դաշտում պահանջարկ ունենալ:
Վերջին ամիսներին առավել հաճախ այս թեմայի ենթատեքստում սկսեցին նորից խոսել Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» մասին: Իհարկե, քաղաքական դաշտում դեռ իր առաջին քայլերն անելիս էին պրն Մարուքյանին կապում Միքայել Մինասյանի հետ, կամ՝ Սերժ Սարգսյանի հետ: Երբ մենք ասում ենք՝ «հաճախորդ», դա չի նշանակում, որ մեր ձեռքի տակ անժխտելի փաստեր կան, որ Է. Մարուքյանը Միքայել Մինասյանի հետ պայմանագիր է կնքել, 10 տարով, որ հաճախորդը պատվիրատուից ամսական «իքս» գումար է ստանալու, որի դիմաց սպասարկելու է պատվիրատուի շահերը: Մեր ձեռքի տակ չկան վճարումների ստացականներ, կատարված ծառայությունների նկարագրությամբ հաշիվ-ապրանքագրեր:
Հաճախորդը՝ առաջին հերթին քաղաքական տերմին է, որով քաղաքական ուժի կամ գործչի գործունեությունն է գնահատվում: Հետևելով քաղաքական ուժի կամ գործչի իրականացրած քաղաքականությանը, դա համադրելով ներքաղաքական զարգացումների հետ, համեմատելով այդ ուժի գործն ու խոսքը, վերհանելով դրանցում հակասություններն և համընկնումները, այս ամենի հիման վրա վերլուծություններ ենք անում, և եզրահանգումներ անում, թե այս քաղաքական ուժը կամ գործիչը հաճախորդ է՞, թե՞՝ ոչ: Այդ եզրահանգումները կարող են սուբյեկտիվ բնույթ կրել, հնարավոր է, որ մեր գնահատականներում սխալվենք, ոչ ոք դրանից երաշխավորված չէ, կարող է՝ չափազանցնում ենք, դա էլ բացառված չէ: Բայց մեր 20-25 տարվա գործունեությունը, մեր փորձառությունը, մեր անցած ճանապարհն ու պատմությունը հիմք են տալիս ասել, որ հաճախորդների վերաբերյալ մեր գնահատականներում բավական մոտ ենք եղել օբյեկտիվությանը և կյանքը ցույց է տվել մեր եզրահանգումների ճշմարտացիությունը:
Ասվածը մերկապարանոց չհնչելու համար կբերենք օրինակներ, որոնց մի մասը առաջին անգամ է գրվում:
Երևի սկսենք 2003 թվականից: Գիտեք, քաղաքական դաշտում դեռ ոչ այնքան հայտնի Ստեփան Դեմիրճյանը դրեց իր թեկնածությունը և իսկական իրարանցում առաջացրեց, քանի որ նրա վարկանիշը անհավանական թռիչք գրանցեց և ակնհայտ էր, որ հենց առաջին փուլով հաղթելու է: Մոտ 60-65 տոկոս վարկանիշ ուներ: Ընդդիմադիր դաշտում գործող բազմաթիվ կուսակցություններ, բազմաթիվ առաջադրված թեկնածուներ իրենց աջակցությունը հայտնեցին Ստեփան Դեմիրճյանին, բոլորը իրենց թեկնածությունները հանեցին նրա օգտին, բացի մի հոգուց՝ Արտաշես Գեղամյանից: Թունդ ընդդիմադիր էր ներկայանում, իր լալահառաչ ձայնով արմատական դիրքերից էր խոսում, Քոչարյանի վարչախումբը քշելու, նրանցից Հայաստանը ազատագրելու կոչերով էր հանդես գալիս, հաշվում էր ավազակապետության ժամերը, իսկ մենք գրում էինք, որ նա իշխանությունների հաճախորդն է: Գրում էինք, որ նա սպասարկում է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերը: Ինչո՞ւ էինք այդպես որակում. որովհետև արդեն պարզ էր, որ հիմնական պայքարը գնալու է Ստեփան Դեմիրճյանի և քոչարյանասերժական խմբի միջև, ամեն ձայնը կարևոր էր, ու Գեղամյանը «կաղ բադիկի» պես այդ երկուսի արանքում լավ տեղավորվել էր: Նա չէր կարող իշխանություններից ձայներ խլել, նա կարող էր միայն Ս. Դեմիրճյանից խլել, այսինքն՝ այդ հարցում իշխանությունների և Գեղամյանի շահերը համընկնում էին: Երկուսն էլ Դերմիճյանից պետք է ձայներ խլեին ու անում էին դա: Մենք էլ գրում էինք, որ Գեղամյանը հաճախորդ է:
Հիմա շատերը մոռացել են կամ չգիտեն, թե մեր մասին ինչեր էին գրում, Գեղամյանի կուսակիցները մեր հասցեին ինչ վիրավորական արտահայտություններ էին անում, էլ՝ ծախու, էլ՝ հոգիներս վաճառած, իշխանությունների պատվեր իրականցնողներ և այլն: «ՉԻ»-ի և «Ազգային միաբանության» միջև թունդ քարոզչական պատերազմ սկսվեց:
Ու մի օր Արտաշես Գեղամյանը իր տուն հրավիրեց մեր լրագրողին: Լուրջ խոսակցության: Մեր լրագրողը գնաց: Լավ, տեղը-տեղին հյուրասիրություն էր կազմակերպել, մի քանի ժամ միասին նստել են, խմել ու զրուցել ստեղծված իրավիճակի շուրջ: Գեղամյանը մի քանի ժամ շարունակ մեր լրագրողին բացատրել է, որ իրեն անվանարկում ենք, իր գործին խփում ենք, որ Դեմիրճյանը թույլ թեկնածու է, իշխանափոխություն անողը չի, որ միայն ինքն է ի զորու ժողովրդին ոտքի հանել, ինքը ունի հստակ ծրագիր, ինքը ժողովրդի հետ է, մի խոսքով, 4 ժամ փորձել է համոզել, որ ինքը ներդրված ական չէ և մենք զրպարտում ենք իրեն, առաջարկել է համագործակցել ու հետո մենք կհամոզվենք, թե որքան լավ, հայրենասեր, ժողովրդասեր մարդ է ինքը:
Մենք անդրդվելի ենք մնացել: Մի փոքր Գեղամյանի հանդեպ քննադատության տոնայնությունն ենք մեղմացրել, բայց հիմնական գնահատականը՝ ներդրված ական լինելու մասին, չենք փոխել:
Դե, մնացածն արդեն գիտեք. Գեղամյանը դարձավ Սերժ Սարգսյանի ամենամոլի ֆանատներից մեկը, երկու անգամ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձավ, այն օրն էլ գնացել էր դատարանի շենքի առջև իր զորակցությունն էր հայտնում Սերժ Սարգսյանին: Ու հետագայում Սերժ Սարգսյանը հենց Գեղամյանի մասին էր ասել՝ մի զրո պակաս, մի զրո ավել: Երբ հարցրել էին Գեղամյանին հովանավորելու մասին:
Անցանք 2008 թվականի նախագահական ընտրություններին: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվել էր նախագահի թեկնածու, և ընտրարշավի ընթացքում պարզ դարձավ, որ հիմնական պայքարն ընթանալու է Տեր-Պետրոսյանի և քոչարյանասերժական խմբի միջև: Բոլոր հարցումները վկայում էին, որ Առաջին նախագահի վարկանիշը շեշտակի, երկրաչափական պրոգրեսիայով աճում է, իշխանություններն էլ էին դա հասկանում, դրա համար էին ամբողջ ուժով գործի դրել ռեպրեսիվ մեքենան. ձերբակալություններ, ծեծեր, ահաբեկչություններ, էլ չենք ասում հեռուստաեթերով քարոզչական տեռորը: Ու այս պայքարի արանքում Արթուր Բաղդասարյանն էր: Թունդ ընդդիմադիր էր: Հանցագործ իշխանություններին վռնդելու կոչեր էր անում: Տեղ-տեղ Տեր-Պետրոսյանից ավելի արմատական ելույթներ էր ունենում: Մինչև վերջ պայքարելու և ավազակապետությանը վերջ տալու երդումներ էր տալիս: Իսկ մենք նրան ներդրված ական ու հաճախորդ էինք անվանում:
Դա էլ շատերը կարող է մոռացած լինեն, միայն տեսնեիք, թե մեր մասին ինչ էին խոսում օեկ-ականները: Հեղինե Բիշարյանից սկսած: Ծախված շներ, քյարթուներ, մեր տեղը աղբանոցն է, մենք դեռ պատասխան ենք տալու ժողովրդի թեկնածուին զրպարտելու համար և այլն: Ամեն աստծո օր մեզ վիրավորում էին: Ու այս քարոզչական պատերազմի եռուզերում մեր խմբագրություն էին այցելում ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչները, ընկերական խնդրում էին շատ չկպնել Արթուր Բաղդասարյանին, սուր բաներ չգրել, քանի որ նրա հետ բանակցություններ են տարվում, հնարավոր է, համատեղեն ուժերը, դաշինք կազմեն, միասին գործեն, համագործակցեն, միասնական թեկնածուով հանդես գան: Մենք պատասխանում էինք. մո-ռա-ցե՛ք, դա բացառված է: Անհնար է, որ Արթուր Բաղդասարյանը միանա Տեր-Պետրոսյանին: Սերժ Սարգսյանը 1999-ին ՕԵԿ-ը ստեղծել էր որպես հակակշիռ Վազգեն Սարգսյանին: Վերջինիս ու Կարեն Դեմիրճյանի դաշինքը անհավանական վարկանիշ ուներ, ու ՕԵԿ-ով Սերժ Սարգսյանը փորձում էր 1999թ. խորհրդարանական ընտրություններում գոնե ինչ-որ ձևով իր ազդեցությունն ունենալ ներքաղաքական դաշտում և այն պահպանել: Գրեթե 10 տարի Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ին ու Արթուր Բաղդասարյանին հովանավորում էր, օժանդակում էր, առաջ էր բրդում, «ծիծիկ» տալիս, ու այդքան փող ու նյարդեր նրա համար չէր ծախսել, որ ամենակարևոր պահին Արթուր Բաղդասարյանը կանգներ Առաջին նախագահի կողքին: Չէր կարող Ա. Բաղդասարյանը թռնել Սերժ Սարգսյանի գլխի վրայից, մտքով անգամ չէր անցնի շեֆին քցել, որովհետև գլուխը միանգամից կպոկեին: Վրան դաստաներով դոսյե ունեն, միանգամից, մի շաբաթում փոշի կսարքեին, դեն կշպրտեին:
Այս ամենը մենք բացատրել ենք, հիմնավորել Արթուր Բաղդասարյանի հարցով մեզ դիմողներին:
Մնացածն արդեն գիտեք. Արթուր Բաղդասարյանը ընտրությունների հետո սկսված համաժողովրդական շարժման ամենավճռորոշ պահին դաշինք կնքեց Սերժ Սարգսյանի հետ և արձակեց իշխանությունների ձեռքերը՝ մարտի 1-ի ոճրագործությունն իրականացնելու համար: Այսինքն, Արթուր Բաղդասարյանն իր անուղղակի դերն ու պատասխանատվությունն ունի իշխանության բռնազավթման, 10 մարդու սպանության մեջ:
Սա էլ՝ Արթուր Բաղդասարյանը:
Հիմա անցնենք Էդմոն Մարուքյանին: Վերջինս քաղաքական դաշտում բոլորովին անհայտ մարդ լինելով՝ հանկարծ 2012 թվականին Վանաձորից մեծամասնականով ընտրվում է ԱԺ պատգամավոր: Այն ժամանակ սա արդեն որոշակի կասկածներ առաջացրեց, որովհետև մենք չենք կարողանում մտաբերել, թե քոչարյանա-սերժական իշխանության տարիներին էլ ում է հաջողվել՝ անհայտ լինելով, չհանդիսանալով իշխանության ներկայացուցիչ, ընտրվել ԱԺ պատգամավոր, այն էլ՝ մեծամասնական համակարգով: Այն ժամանակվա քաղաքական իրողությունների և կոնյուկտուրայի տեսանկյունից դա նոնսենս էր: Մենք ենթադրել ենք, որ այդ մարդուն օգնել են պատգամավոր դառնալ: Ով է օգնել, ինչ չափով, չգիտենք, բայց իշխանությունների կողմից այդ հարցում խոչընդոտ չի եղել: Այդ տարիներին մեծամասնականով ընդդիմության բազմաթիվ խարիզմատիկ, վառ անհատականություններ են իրենց թեկնածություններն առաջադրել ու պարտվել էին: Պարտվել էին իրենցից շատ ավելի անհայտ, վարկաբեկված, անկապ դեմքերի, որոնք սակայն վայելում էին իշխանության աջակցությունը: Իսկ Է. Մարուքյանին հաջողվել էր հաղթել: Կարող էինք, չէ՞, այսքանից հետո ինչ-որ կասկածներ ունենալ, որ մի բան այստեղ այն չէ:
Լավ, համարենք, որ այս դեպքում իշխանությունների համար մեկ է եղել, թե ով կհաղթի, չի միջամտել, ու այդպես է ստացվել: Հետո ստեղծվում է «Լուսավոր Հայաստանը», որը 2017-ին «Ելք» դաշինքով խորհրդարան է մտնում՝ բավական շատ ձայներ հավաքելով: Համարենք, որ այստեղ կրիմինալ չկա, թեպետ զարմանալի է, որ ընդամենը 2 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում այդքան ձայն է հավաքում, բայց համարենք, որ մարդիկ գրագետ են աշխատել, կարողացել են կարճ ժամանակում մեծ թվով համակիրներ ձեռք բերել:
Դրանից հետո ի՞նչ է եղել. Էդմոն Մարուքյանը գնաց ու հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ՝ փաստացի իր աջակցությունը հայտնելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ:
Դրանից հետո թավշյա հեղափոխությունը եղավ, որը Է. Մարուքյանն ու իր կուսակիցները փշերով ընդունեցին, որևէ կերպ չաջակցեցին ու չմիացան հեղափոխական շարժմանը, մի երկու հոգի էլ հեղափոխության ծխից վատացան:
Բայց, Սերժ Սարգսյանի խաղի կանոններն ընդունելը և հեղափոխությանը չմասնակցելը կարելի է նաև բաց թողնել, դե, որովհետև շատերն էին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, միգուցե չեն պատկերացրել, թե այդ սահմանադրական փոփոխությունները ինչի համար էին, շատերը չեն միացել հեղափոխությանը, չեն պատկերացրել, որ այն կարող է իշխանափոխության հանգեցնել:
Իսկ ահա հետո՝ հեղափոխությանը հետևած Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» երկու տեղում էլ իր խմբակցությունն ունեցավ, արդեն ուրիշ բան է: Երբ վերլուծում ես Էդմոն Մարուքյանի և նրա կողմնակիցների գործունեությունը, գալիս ես եզրահանգման, որ այս ուժը մաքուր չէ:
Տեսեք. ԿԱՄԱԶ-ների պատմությունը: Երևանի աղբահավաքության միակ օպերատոր «Սանիտեքը» շանտաժի ենթարկեց Երևանի քաղաքապետարանին: Չէր աշխատում և փորձում էր իր պայմանները թելադրել: Աղբը չէր հավաքվում, և քաղաքը գարշահոտության մեջ էր թաղվել: Հայկ Մարությանը բավական ծանր դրության մեջ էր հայտնվել: Ի՞նչ արեց «Լուսավոր Հայաստանը»: Փոխանակ իրենց զորակցությունը հայտներ քաղաքապետին, դատապարտեր «Սանիթեքի» շանտաժը, ամեն օր Հայկ Մարությանին մեղադրում էր քաղաքը աղբանոցի վերածելու մեջ, աղբի լուսանկարներն էր տարածում, հետո էլ քաղաքապետին մեղադրեցին կոռուպցիայի մեջ, երբ վերջինս գործարարներից ԿԱՄԱԶ-ներ ստացավ:
Հիմա կհարցնեք, բա ի՞նչ կա դրա մեջ, բա ընդդիմադիր են, պետք է իշխանությունների թերությունները վերհանեն, քննադատեն և այլն: Մենք էլ կասենք, որ այսպիսի ընդդիմություն չի լինում, որը քաղաքին հայտարարված պատերազմում մի կողմ է քաշվել ու այդ պատերազմի հաշվին դիվիդենտներ է հավաքում: «Սանիթեքի» հետ կապված թեման քաղաքական չէր, դա բացահայտ շանտաժ էր, և իրական ընդդիմությունը պետք է դա հասկանար: Էդմոն Մարուքյանը դա չհասկանալու տվեց:
Սա մեզ հիշեցրեց արցախյան պատերազմը: Օրհասական վիճակ է, երկրի լինել-չլինելու հարցն է, իշխանությունները անասելի ջանքերի գնով զենք-զինամթերք էին հայթայթում, դիզվառելիք, իսկ ընդդիմությունը ամեն օր միտինգ էր անում ու հայտարարում, թե մազութը լափած է, կոռուպցիոն գործարքներ են իրականացվում ու մատը մատին չէր խփում այդ պատերազմում ինչ-որ օգուտ տալու համար: Մի բան էլ խանգարում էին: Հետագայում տեսանք, թե այդ ուժերը որտեղ հայտնվեցին, ում շահերն էին սպասարկում ու մինչև հիմա սպասարկում են:
Եվ երկրորդը՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը: Որ ասենք, Էդմոն Մարուքյանը հիմար մարդ է, մեր խղճին դեմ կգնանք: Խելացի է, պատրաստված, իրավաբանական կրթությամբ, այսինքն՝ շատ լավ հասկանում է, թե ինչ խարդախությունների ու կեղծիքների է գնացել նախկին իշխանությունը, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը: Հրայր Թովմասյանը ինչպես է դարձել ՍԴ նախագահ, ինչ ճանապարհով, ինչի համար, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ պետության համար: Բոլորը հասկանում է, բայց դեմ է արտահայտվում հանրաքվեին էլ, Հրայր Թովմասյանի և նրա խմբի ապօրինությունների դեմն առնելուն, մատը մատին էլ չխփեց, երբ մարտի 1-ի գործով մեղադրյալներին պատասխանատվությունից ազատելու գործընթացում ՍԴ-ն գործիք դարձրեցին: Դա միայն իշխանության գործը չէ, դա նաև ընդդիմության գործն է: Հասկանում է, որ ՍԴ-ի այս խումբը պետականության համար ինչ վտանգ է ներկայացնում, որ բացահայտ պատերազմ է հայտարարել հանրությանը, բայց գնում, կանգնում է քոչարյանական ու սերժական ուժերի կողքին՝ թե բա, հանրաքվեն սխալ է: Սխա՞լ է, թող ասի, թե ճիշտը որն է: Թող իր վրա վերցնի նախաձեռնությունը, ինքը ճգնաժամը լուծելու ուղիներ առաջարկի: Չի անում: Որ աներ, վարկանիշը հիմա թռել էր վերև: Ժողովրդի հերոս կդառնար: Այսինքն, ինչ-որ բանից կաշկանդված է, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը չի թողնում, որպեսզի իրականացնի հանրության և պետության շահերից բխող քայլեր: Եվ մեր պետության համար ամենավճռորոշ, կարևորագույն պահերին լրիվ այլ խաղ է տանում: Արդեն որերորդ անգամ:
Մենք էլ՝ վերլուծելով Էդմոն Մարուքյանի ահա այս գործունեությունը, գալիս ենք եզրահանգման, որ ինքը ինչ-որ մեկի շահերն է սպասարկում, ինչ-որ մեկի հաճախորդն է: Հնչում է սուբյեկտիվ, բայց նույնքան սուբյեկտիվ ենք եղել Արտաշես Գեղամյանի և Արթուր Բաղդասարյանի դեպքում: Բայց մենք արդեն նշել էինք, որ չունենք Է. Մարուքյանի հաճախորդային էությունը ապացուցող փաստեր, մերն ընդամենը վերլուծել և եզրակացություններ անելն է, իսկ մնացածը կյանքը ցույց կտա: Կսխալվենք, կասենք՝ կներեք, սխալվել ենք:
Հ.Գ. Չենք կարող չնշել, որ այս օրերին Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը և «Լուսավոր Հայաստանի» այլ ներկայացուցիչներ մեր հասցեին ինչպիսի վիրավորական արտահայտություններ են անում: Էլ դեղին մամուլ, էլ՝ ծախուներ, էլ՝ պատվեր կատարողներ: Դավիթ Խաժակյանն ասում է՝ դե, մենք գիտենք, դա ինչ լրատվամիջոց է, ով է դրա խմբագիրը, ում շահերն են սպասարկում:
Ապշեցուցիչ զուգադիպությամբ նույն որակումներն ու վիրավորական արտահայտությունները, նույն բառերով ու տոնայնությամբ, ժամանակին մեր հասցեին ասել են Գեղամյանի և Ա. Բաղդասարյանի կողմնակիցները:
Կարեն Միքայելյան