«Առավոտի» լրագրողը հայտնել է, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջանցքով անցնելիս տեսել է օպերատորներին աթոռներին նստած, հետ է դարձել, լուսանկարել ու գնացել: «Րոպեներ անց ԱԺ աշխատակիցները միջանցքի աթոռները հավաքել են, իբր պատժում են էլի այսպես ԶԼՄ-ներին: Հիմա մնացել ենք առանց աթոռի, պիտի կանգնած նյութ գրենք»:
«ՉԻ». Լրագրողների վրդովմունքն անհասկանալի է: Բա ո՞վ է տեսել, որ ԱԺ նախագահը իր սեփական անձով քայլի, իսկ լրագրողները նստած մնան: Դա խաթարում է պետականության հիմքերը:
Որ ուզում եք իմանաք, լրագրողները Ալեն Սիմոնյանին տեսնելիս ոչ միայն պետք է կանգնեն, այլ նաև ստոյկա տան, «հավսա´ր, զգա´ստ» հայտարարեն, հետո գլուխները խոնարհեն, ու այդ պոզայով մնան այնքան ժամանակ, մինչև Ալեն Սիմոնյանը հեռանա, լրագրողները նրան չտեսնեն թիկունքից, քանի որ դա սիրուն չի:
Մարդն էդքան գործ է անում, չարչարվում, Հունաստանից մինչև Մոսկվա աշխարհաքաղաքական կապեր է ստեղծում, հարցազրույցներ տալիս, դա պետք է ըստ արժանվույն գնահատվի:
Ընդհանրապես, ժամանակն է, որ օրենսդրորեն ամրագրվի, որ լրագրողները ԱԺ նախագահին դիմեն «Մեծարգո պարոն Սիմոնյան»: