...

Հայաստանում հաստատվել է հանրապետական կուսակցության մենիշխանությունը

Հայաստանում հաստատվել է հանրապետական կուսակցության մենիշխանությունը

Ներկայացնում ենք 2015 թվականին անցկացրած Սահմանադրության փաստացի հետևանքը՝ 2017-ի վիճակով՝ նյութի արդիականության շուրջ մտորումները թողնելով ընթերցողին։

ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Դեռևս սահմանադրական փոփոխություններից առաջ կանխատեսվել էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած շղթայական գործընթացը պարզապես կառավարման համակարգի և սահմանադրության փոփոխություն չէ։ 

Դա առավել ընդգրկուն ընթացք և թիրախներ ունեցող փաթեթային ծրագիր էր, որի իրական նպատակները քողարկված էին և ոչ այնքան ընթեռնելի։ Սահմանադրական փոփոխությունների քննադատների առաջին և հիմնական հակափաստարկը Սերժ Սարգսյանի հավանական վերարտադրության մտավախությունն էր։ Իհարկե Սարգսյանը նախատեսել է այդպիսի հեռանկար, բայց վերարտադրվելու է ինքը, այլ ոչ թե տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգը։

Արձանագրենք. 

  1. 1990-ականների երկրորդ կեսին 2000-ականների սկզբին ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգը սպառվել է։ 
  2. Սերժ Սարգսյանը փորձում է վերարտադրվել և հավերժացնել իր իշխանությունը։ 
  3. Իշխանական բուրգում կային «պահպանողական» գործիչներ (ընտրություններից առաջ և հետո նրանք չեզոքացվեցին` Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան և այլն), որոնք առաջին կետում նշված համակարգի պահպանման ջատագովներն են։ 

Առաջին կետում նշված քրեաօլիգարխիկ համակարգը շուրջ երկու տասնամյակ կենսունակ է եղել։ Ձևավորվել էր հստակ բուրգ, որտեղ տեղադրված ամեն մի քար ուներ հստակ դերակատարություն, ավելին` անփոփոխ գործառույթներով օժտված։ Բացի այդ, ստեղծվել էր տիրող իրավիճակին համապատասխան ֆինանսական համակարգ, որը խճանկարային տրամաբանությամբ և մաթեմատիկական ճշգրտությամբ գունազարդված էր և տարանջատված։ Բայց ժամացույցի օրինաչափությամբ աշխատող այս մեխանիզմը չուներ երկարաժամկետության և շարունակականության երաշխիքներ։ Դեռևս ձևավորման փուլում այս համակարգի առջև ծառացել էին տարաբնույթ մարտահրավերներ։ Դրանք ուղեկցել են քրեաօլիգարխիկ համակարգին նրա գոյության ամբողջ ընթացքում։ 

Արդյունքում այն պարբերաբար ցնցվել է` ենթարկվելով զանազան փորձությունների։ Համանման բուրգաձև, հիերարխիկ կառույցների առջև մշտապես դրվում է հետևյալ հարցադրումը. ո՞վ է հաջորդը, որ պետք է հայտնվի բուրգի գագաթին։ Սկզբում Քոչարյանը, իսկ հետո նրան փոխարինեց Սերժ Սարգսյանը։ Փոխարին- ման պրոցեսը ուղեկցվեց հուժկու ցնցումներով։ Համակարգը տվեց առաջին ճաքերը։ Բայց ո՞վ պետք է լինի Սերժ Սարգսյանից հետո։ Սա է բուն մարտահրավերը։ Հավանական հաջորդի թեկնածուները այս անգամ շատ էին։ Սարգսյանն էլ իր հերթին չէր ցանկանում հեռանալ։ Չէր ցանկանում, բայց և չէր կարող պահպանել գործող բուրգը։ Նոր բուրգ ստեղծելու անհրաժեշտություն էր ստեղծվում։ Այդ նպատակի սպասարկման համար ասպարեզ մտավ Կարեն Կարապետյա- նը։ 

Հին բուրգը հնարավոր չէ կտրուկ միջոցներով գլխատել։ Դրա մնացորդները դեռ կան, և այդ մնացորդները փափագում են կամ վերականգնել հինը, կամ էլ իրենցով անել կառուցվող նորը։ 

Այսպիսով, սահմանադրական հանրաքվեի արդյունքում փոխվել է ոչ միայն պետական կառավարման համակարգը, այլ նաև պետականության ողջ բովանդակությունը։ Կատարվել է արագ և լայնածավալ անցում, իսկ այդ տեղաշարժը, ինչպես նշեցինք, ապահովել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Մինչև սահմանադրական հանրաքվեն` ամեն ինչ հստակ էր. կար համակարգ, այն ուներ նախագահ, վարչապետ-կառավարություն, խորհրդարան և կուսակցություն, որն ուներ ցեմենտի միավորող գործառույթ և ակումբի կարգավիճակ, որտեղ խմբված էին ֆեոդալական տարրերը։ Պետության ղեկը գտնվում էր նախագահի ձեռքում, նա էր տնօրինում իրար սերտաճած գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները։ Այժմ համակարգն այդ սպառվել է և առաջին հերթին շարունակականության տեսանկյունից։ 

Վերոհիշյալը Սերժ Սարգսյանի առջև ծառացած բարդագույն խնդիր էր, ինչը ստիպեց նրան արագ անցում իրականացնել և նոր համակարգ կառուցել։ Արդյունքում` վերևում թվարկված հերթականությունը փոխվեց՝ նախագահ-վարչապետ-կառավարություն-խորհրդարան-կուսակցություն համակարգին փոխարինելու եկավ  կուսակցություն-խորհրդարան-վարչապետ-կառավարություն համակարգը։ Այսինքն, Հայաստանում հաստատվեց կուսակցապետություն։ 

Իշխանության է գալիս մեկ կուսակցություն։ Սահմանադրությամբ ընդգծվում է դրա առանձնահատուկ կարգավիճակն ու դերը, և պետությունը արդեն իսկ կառավարվում է կուսակցության մեջ կամ հետևում պատսպարված ինչ-որ ազդեցիկ գործչի կողմից։ Սա մանրամասն մտածված և բավակա- նին էֆեկտիվ ծրագիր է։ Դրա իրականացումը կենսական անհրաժեշտություն է Սերժ Սարգսյանի և նրա ակումբի համար։ 

Գործընթացը պարտադրվել է ֆինանսական, քաղաքական և տնտեսական մի շարք մարտահրավերներից ելնելով, որոնք ինտենսիվորեն մաշեցրել էին գործող համակարգը։ Դրա շուրջը պտտվող միավորները աստիճանաբար կորցնում էին ձգողականության ուժն ու հավասարակշիռ ընթացքը։ Իսկ շարունակականության խնդիրը մաշվող համակարգի համար անշուշտ կատալիզատորի դեր էր խաղալու՝ արագացնելով քայքայման պրոցեսը։ Ինչպես տեսնում ենք, սահմանադրական հանրաքվեն լուծեց բոլոր այդ խնդիրները։ Նոր համակարգը արդեն իսկ կառուցված է, իսկ անցումն էլ՝ իրականացված։ Մնում է միայն ապահովել էվակուացիան, այսինքն, Սերժ Սարգսյանի ակումբի փոխադրումը դեպի նոր համակարգ։ Էվակուացիայի մեկնարկը դրվեց ընտրությունների միջոցով, իսկ շարունակությունը կլինի առավել հանգիստ և քողարկված պայմաններում։ 

Միով բանիվ, եթե ՀՀԿ ցուցակի առաջին համարը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն էր, իսկ վարչապետի թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը, ապա Սերժ Սարգսյանը չլինելով խորհրդարանում և զբաղեցնելով ՀՀԿ նախագահի պաշտոնը, կարող է հեշտությամբ կառավարել պետությունը։ Նոր համակարգի տրամաբանությունը տալիս է դրա համար բոլոր նպաստավոր պայմանները։ Ավելին՝ Սարգսյանը կարող է և կուսակցության նախագահի պաշտոնն էլ չզբաղեցնել, այլ ստանձնել որևէ ոչ այնքան առանցքային կուսակցական պաշտոն և նորից կառավարել երկիրը։ Իրավիճակը այսպես կարող է շարունակվել մինչև որ կուսակցության ներսում ներքին հեղաշրջում կլինի, և պետությունը կսկսեն կառավարել այդ նույն կուսակցության այլ անդամներ։ Ըստ էության կուսակցական հեղաշրջումները կարող են հաճախակի կրկնվող երևույթ դառնալ։ Բոլոր այս կանխատեսումները պատմության մեջ ունեն իրենց նախադեպերը։ 

Իմ խորին համոզմամբ, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փորձում է կրկնել Սիրիայի Բաաս կուսակցության 1960-ական թթ. պրակտիկան։ 1966 թ. փետրվարի 23-ին Սալահ Ջադիդը և Հաֆեզ Ասադը Սիրիայում իրականացրեցին հերթական զինված հեղաշրջումը։ Ասադը նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ Ջադիդը, համեստ և ոչ առանցքային կուսակցական պաշտոն ստանձնելով, փաստացի ղեկավարում էր ամբողջ երկիրը։ Իրավիճակն այդ շարունակվեց մինչև 1970 թ., երբ պաշտպանության նախարար Հաֆեզ Ասադը զինված հեղաշրջում իրականացրեց և հեռացրեց Ջա- դիդին։ Ի տարբերություն Ջադիդի` Ասադը դարձավ Սիրիայի նախագահ։ Փաստորեն Սիրիա- յում հաստատվել էր մեկ կուսակցության մենիշխանություն, որի առանձին անդամներ վիճարկում էին իշխանությունը, իսկ նրանցից մեկը երկիրը ղեկավարում էր առանց որևէ պաշտոն ստանձնելու։ 

Սերժ Սարգսյանը կանգ է առել հենց վերջին տարբերակի վրա։ Բնականաբար Հայաստանում իրավիճակն այլ է։ Այստեղ բացակայում է զինվորականության այն ազդեցիկ ինստիտուտը, որը կա արաբական երկրներում և Թուրքիայում։ Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում Թուրքիայում և այլ երկրներում զինվորականությունն այն կենսունակ այլընտրանքն էր, որը հակակշռում էր իսլամիզմին և քաղաքական միավորներին։ Ինչպես նշեցինք, Հայաստանում այդ այլընտրանքը չկա, դեռ ավելին՝ Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանին նշանակելով, էլ ավելի նվազեցրեց զինվորականության դերը և քաղաքական գործընթացներին միջամտելու միտումը։ 

Ի դեպ` համանման գործընթաց կատարվում է նաև Թուր- քիայում։ Բայց եթե Հայաստանում բացակայում է ազդեցիկ զինվորականության ինստիտուտը, ապա անկասկած կարող է գործել կոմունիստական կուսակցության պրակտիկան։ Այսինքն, պետությունը գլխավորելու է կուսակցության ղեկավարը, իսկ իշխանության փոփոխությունը լինելու է դրա ներսում տեղի ունեցող հեղաշրջումների կամ էլ գաղտնի դռնփակ ընտրությունների միջոցով, երբ գործող կուսակցապետը մահանա։ Իոսիֆ Ստալինի մահվանից հետո այդպես ընտրվել է Նիկիտա Խրուշչովը։ Լինելով ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար՝ նա իշխանությունից հեռացվեց կուսակցության ներսում տեղի ունեցած գաղտնի հեղաշրջման արդյունքում, երբ հանգիստն էր վայելում Աբխազիայի ծովեզերքում։ 

Այսպիսով Հայաստանում 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո  հաստատվեց Հանրապետա- կան կուսակցության մենիշխանությունը։ 

Կարպիս Փաշոյան 
«ՉԻ», ապրիլի 21, 2017թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   7569 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ