...

Հայելային ԱԺ

Հայելային ԱԺ

«Ինձ նայեք, ես այդքան վախեցողի տե՞սք ունեմ: Ես այստեղ եմ՝ պայքարելու համար, պայքարելու եմ մինչև վերջ: Ես թողել եմ իմ բոլոր կարևոր գործերը և եկել եմ ԱԺ՝ որպես հայ մայր, հայ կին, որպեսզի մի փոքր հայրենիքս կարողանամ պաշտպանել: Ես դա անելու եմ ու հասնելու եմ նրան, որ մի օր ինքը չլինի: Իրենք բոլորը պետք է ամաչեն փողոցներով քայլելիս ու պետք է պատասխան տան»,- «Aravot.am»-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանի մատ թափ տալու հայտարարությունից հետո «դուք խորշելո՞ւ եք ու այլևս նման բառեր չե՞ք ասելու, վախենալո՞ւ եք նրա խոսքից»։

Շատ ուշադիր նայելիս հասկանում ենք, որ տիկինը վախեցողի տեսք չունի։ Բայց ավելի ճիշտ կլիներ, եթե Ստամբուլյանը վերադառնար իր կարևոր գործերին. թե չէ դրանք թողնելն ու ԱԺ գալը ժամանակի զուր կորուստ է։ Ի դեպ՝ հայրենիքը ԱԺ-ում չեն պաշտպանում, ԱԺ-ն թշնամու դեմ ճակատ չէ, որ կռվելու և հայրենիք պաշտպանելու անհրաժեշտություն առաջանա։ ԱԺ-ն քաղաքական մարմին է, որտեղ մարդիկ, այսինքն՝ պատգամավորները, պետք է քաղաքականությամբ զբաղվեն՝ քաղաքական օրակարգեր ձևավորեն, օրենքներ հեղինակեն ու հետամուտ լինեն, որ դրանք սպասարկեն ՀՀ քաղաքացուն։ Մինչդեռ այսօրվա ԱԺ-ում երկու կողմից էլ հենց այն մտայնությունն է, թե ԱԺ-ն մարտի դաշտ է, որտեղ անպայման պետք է իրար ոչնչացնել փողոցային բառապաշարով, որևէ մեկին որևէ օգուտ չտվող անգրագետ հարցադրումներով և ելույթներով, իրար վրա շիշ նետելով, իրար ծեծելով ու հայհոյելով։ Իսկապես արդեն հոգնեցնող է այս ամենը։ Անդուր են թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական ընդդիմության նույն տոնայնությունն ունեցող պատգամավորները։ Վերջին հաշվով, իշխանությանը քննադատելը, նրան չընդունելը, իշխանափոխության հարցը օրակարգում պահելը այլ բան է, դրան անընդհատ նույն տեքստերով անիծելը՝ միանգամայն այլ։ Սա հակաքաղաքագիտական է, հակաքաղաքական է, ի վերջո՝ հակահիգիենիկ է։ Վերադարձեք ձեր կարևոր գործերին, դրանից բոլորը կշահեն։ Արեք դա երկուստեք՝ տեղ ազատելով քաղաքական ասելիք ու անելիք ունեցողների համար։ Արեք, որ կարողանաք փողոցում առանց ամաչելու քայլել։

Գոհար Վեզիրյան    

ՎԱՐԿԱՆԻՇ

   1403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ