...

Հայերենը տրամաբանության լեզու է

Հայերենը տրամաբանության լեզու է

ՏՐԵԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական ոգին է ստեղծել և ստեղծում հայ ազգային արվեստ, իսկ այդ ոգին ամենից առաջ և ամենից ավելի հայերեն լեզվամտածողությունն է: 

Ռաֆայել Իշխանյան

Հետաքրքիր է՝ աշխարհում կա՞ ևս մի երկիր, որի նախագահն ու արտգործնախարարը գրեթե չեն տիրապետում դրա պետական լեզվին: Ճի՛շտ է, չկա: Այստեղ էլ ենք ինքնատիպ: Ինքնատիպ ու յուրօրինակ ենք ազգայինի մերօրյա ըմբռնմամբ: Որովհետև, ինչպես միշտ, կարևորն ու երկրորդականը չենք կարողանում տարբերել: Չենք հասկացել, որ ազգային իղձերի իրականացման լավագույն գրավականը մեր տասնամյա պետականությունն է: Ու պետության շահն այսօր օտար լեզուներով մտածող «ազգայինները» ստորադասում են ազգայինին՝ իրենց պատկերացմամբ: Իսկ ո՞րն է իրենց «ազգայինը»՝ բացի տեսլականից, չեղած զենքուզրահի զնգզնգոցից, ատրճանակ-երդումների ու բենզինի շշերի սպառնալից պատկերավոր արտահայտություններից: Ընդ որում՝ սպառնալիքն ուղղվում է սեփական ազգի ներկայացուցիչների դեմ: Համատարած հանդուրժողական անտարբերության պայմաններում հայազգի պատգամավորները որոշել են պաշտպանել ռուսաց լեզվի ոտնահարված իրավունքները: Առիթն էլ, իբր թե, Ռուսաստանի դժգոհությունն է: Սուտ է: 
Հայազգի ծնողները փաղանգներով ջարդում են ռուսական դեսպանատան դռները՝ բողոքելով, որ իրենց զավակներին ռուսական դասարաններ չեն ընդունում, որ նախորդ «ապազգային» իշխանությունները փակել են բաղձալի ռուսալեզու դպրոցները ու զրկել նրանց ապագա արտագաղթողներ նախապատրաստելու հաճույքից: Այդ «ապազգայինների» նախագահը շատ-շատերին է նյարդայնացրել իր փայլուն հայերենով: Հայկական պետության «ապազգային» հիմնադիրները՝ Լ. Տեր-Պետրոսյանը, Վ. Սարգսյանը, Վ. Սիրադեղյանը, մտածում էին հայերեն, գրում էին հայերեն, խոսում էին հայերեն: Ու այդ հայերենը մեր ոսկեղենիկ լեզուն էր՝ անխառն, անապական, ճկուն ու տրամաբանված: 

Հայոց լեզվին այդպես տիրապետելը հեշտ չէ: Հայոց լեզվի տրամաբանությունն սկսվում է Մաշտոցից ու Խորենացուց

Մեր բազմադարյան պատմությունը պեղելիս դժվար է գտնել հայոց իրական շահը այսքան ճիշտ գնահատող գործիչների: 

Հայոց գրերը դարձան մեր ինքնությունը փրկող միակ զենքը՝ անթագավոր ու անգո այս երկրում: «Հայոց պատմության» հայամտած ու հայագիր դասագիրքը 1500 տարի կիսատ-պռատ ըմբռնող մեր հայրենակիցներն այնտեղ տեսան լոկ Տիգրան Մեծին ու չանսացին Խորենացու ձայնին: Այնինչ՝ Մաշտոցը պաշտպանեց ազգային գոյության միակ փաստը, Խորենացին թողեց ինքնուրույն պետություն ունենալու երազ-պատգամը: 

Իրականություն դարձած պետության առաջին խնդիրը հենց կարևորագույն ազգային արժեքի՝ լեզվի պաշտպանությունն էր: Ումի՞ց: Մեզ նմաններից, ազգային լեզվից և այդ լեզվով կրթվելու հեռանկարից լեղապատառ եղածներից: Որովհետև պարզ էր, որ ազգային ձևանալու էժանագին միջոցներ շատ կան: Օրինակ՝ տրեխ հագնելն ու տոլմա ուտելը, ազգի կենացը խմելը, «միայն զենքով կա հային փրկություն» դաշնակցական կարգախոսը հեգելը, ծովից ծով Հայաստան եվրոպաներից «ուզելը»: Ո՞րն ասեմ: Հայերեն մտածելն ու արտահայտվելը դժվար է կեղծ-ազգայինների համար, հայերենը մտավոր մեծ կարողություններ ունեցողի լեզու է: Հնարավոր չէ հայերեն խոսել ու գրել, եթե թերարժեքության բարդույթը խեղդում է քեզ, իսկ քո ինքնահաստատումն ապահովելու համար դու ընտրում ես հեշտ ճանապարհը. դադարում ես մտածել: Թերարժեքության բարդույթով հիվանդացածները նորից գտել են փրկության խարիսխը: Ռուսական դպրոցների վերաբացումը պահանջող հայ պատգամավորները ո՞ր լեզվով են ներկայացնելու իրենց օրինագիծը: Եվ ընդհանրապես, ո՞ր լեզվին են տիրապետում կատարելապես: Ոչ մի: Մայրենի լեզուն օտար է մերօրյա «ազգայինների» համար: Իսկ օտար լեզուները հանկարծ դարձան հարազա՞տ: Ո՛չ, հարազատ չեն: Պարզապես կիսատ-պռատ տրամաբանություն ունեցողների համար դժվար է որևէ կատարյալ գիտելիք ունենալը, մանավանդ՝ լեզվական: Կիսատ-պռատ մտածողները չեն խայտառակվի օտար լեզվով կիսատ-պռատ արտահայտվելիս: Իսկ հայերե՞նը... 
Հայերենը լոկ խոսք չէ, հայերենը մտածողություն է, հայերենը մշակույթ, արվեստ է, հայերենը մեր պայծառ գրականություն-փիլիսոփայությունն է՝ Մաշտոց ու Խորենացի, Նարեկացի, Քուչակ ու Թումանյան, Չարենց ու Մաթևոսյան: Հայերենը մեր պետականության գրավականն է, ազգային կարևորագույն նվաճումն ու արժեքը, մեր գոյության փաստը: 

Ու հայերենը բարձր է: Ձեր խելքի բանը չէ, ճիշտ այնպես, ինչպես ձեր գաղափարական հայրերի պատճառով շագրենի կաշու պես փոքրացած Հայաստան-պետությունը: 

Լ. Ասատրյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 202, մայիսի 18, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ