...

Հայկական չկայացած Իվանիշվիլին

Հայկական չկայացած Իվանիշվիլին

Թվում էր՝ հաջողակ գործարարը, առավել ևս կրթական բարձր ցենզ ունեցողը պետք է իրատես լինի։ Բայց․․․ 

Բայց մեր բախտը չի բերում, և հայկական Իվանիշվիլին չկա ու չկա։

Թվում էր՝ ռուսաստաններ և ոչ միայն ռուսաստաններ տեսած Ռուբեն Վարդանյանը, որ հավակնում է կիրթ և իրատես կոչվելուն, մեր երկրում կարող էր եղանակ փոխել։ Մանավանդ վաղուց էր սկսել մտածել Հայաստանի ապագայի մասին։ 2002թ․-ին Նուբար Աֆեյանի և այլոց հետ մի ծրագրի սկիզբ էր դրել, որ կոչվում էր «Հայաստան 2020»։ Թե ինչ կարող էին անել երկու տասնամյակում, եթե իսկապես խնդիրը պետության ապագայի հետ կապված լիներ, երևաց հենց 2020-ին։ 

Սակայն սա հիմա չենք քննարկի, այլ ձեր ուշադրությունը, սիրելի՛ ընթերցողներ, կհրավիրենք մի կարևոր բարդույթի վրա, որ բնորոշ է թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը, թե՛ «աշխարհ տեսած», բայց չկայացած հայկական Իվանիշվիլիներին։ Եվ դա, իհարկե, իրատեսության պակասն է, ավելի ճիշտ չգոյությունը։

Այսպես, Ռուբեն Վարդանյանը պնդում է, որ պետք է դուրս գալ զոհի գաղափարից. «Մեր պատասխանատվությունն է, որ մենք հաղթող ժողովուրդ ենք, ոչ թե պարտություն կրող: Արցախը նաև կարևոր էր նրանով, որ մենք հաղթել ենք: Ճիշտ է, շատ զոհեր ենք տվել, բայց հաղթել ենք և այդ զգացողությունը, որ հաղթել ենք, այլ ոչ թե զոհ ենք և պահանջում ենք ուրիշներից օգնություն, դա շատ կարևոր է: Այդ հաղթանակի համն ու հոտը պետք է լինի մեր արյան մեջ, որ մենք պարտավոր ենք հաղթել, ոչ թե պարտվել»:

Հասկացա՞ք։ Կա՛մ պրն Վարդանյանը ժամանակի մեքենա ունի և տեղափոխվել է 2000-ականների սկիզբ, կա՛մ մասնակի ամնեզիայի մեջ է, կա՛մ համառորեն չի ուզում տեսնել իրականությունը։ 

Ըստ երևույթին, իրականությունը չտեսնելու՝ պարտությունը հաղթանակ համարելու բարդույթը վարակիչ է։ Վարակը Նիկոլ Փաշինյանից անցել է նաև մեր հաջողակ գործարարին, որն այսօր «մոռացել է» 2020-ի խայտառակ պարտությունը, «մոռացել է», թե ինչ վիճակում է Արցախը, «մոռացել է», որ բզկտվում է Հայաստանը՝ բառիս բուն իմաստով։ Կարող ենք ենթադրել մոռացումի հիմնական պատճառը․ Ռուբեն Վարդանյանը չի ուզում հարաբերությունները փչացնել ոչ միայն հայկական, այլև ռուսական իշխանությունների հետ, որոնց համար պատերազմի և պարտության թեման, մեղմ ասած, անցանկալի է։ Եվ ահա, առանց այդ էլ պատրանքներով և միֆերով կերակրվող հասարակությանը համոզում է, որ մենք հաղթող ազգ ենք։ Հարց՝ արդյո՞ք պատրանքներով կարող ենք հասնել մինչև 2040թ․, արդյո՞ք նոր 2020 չենք բերելու գլխներիս։ Բայց մեր բիզնեսմեններին սա չի հետաքրքրում, որովհետև պետությունը չի հետաքրքրում, նրանք այլ շահեր ունեն։ Ինչպես ինքը՝ Վարդանյանն է պնդում, հայերը պրակտիկ են։ Բնականաբար ավելի պրակտիկ են գործարարները, բայց պրակտիկ են իրե՛նց համար, ոչ պետության։

Ռուբեն Վարդանյանի երկրորդ զավեշտալի պնդումը, որը, իհարկե, ներկայացվում է հարկադրական եղանակով, հետևյալն է՝ մենք պետք է ապագայի հանդեպ միայն լավատես լինենք։ Ինչպե՞ս։ Եթե աշխարհիս հզորներն այսօր առանձնակի լավատեսություն չունեն ապագայի նկատմամբ, մենք՝ հայերս, անտեսելով Հայաստանի գլխին կախված բոլոր վտանգները, պետք է միայն լավատես լինենք։ Կարծում ենք՝ սրանով պրն Վարդանյանն անգնահատելի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին, քանի որ փորձում է հակադրվել ընդդիմադիրների սև հոռետեսությանը։ Համոզված ենք, սակայն, որ իր բիզնես ծրագրերում հայկական չկայացած Իվանիշվիլին ո՛չ լավատես է, ո՛չ էլ հոռետես։ Նա իրատես է։ Իսկ պետությունն իրենցը չէ, պետության հարցում իրատեսություն պետք չէ։ 

Զարուհի Գաբրիելյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   4460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ