...

Հայկական Սաակաշվիլիի կոտրած տաշտակը

Հայկական Սաակաշվիլիի կոտրած տաշտակը

Ոսկե ձկնիկի լիմիտն ավարտվեց

Շաբաթն ավարտվում է, և իմիջիայլոց, սա առաջին շաբաթն է վերջին 5000 տարվա պատմության մեջ, երբ ունենք 29800 հազ. ք/կմ տարածք, և դա սակարկման ենթակա չէ: Սա մենք չենք ասում, այլ իշխանությունները, որոնք Գրանադայում ինչ ուզել են, ստացել են: Ափսոս միայն, որ շատ քիչ բան են ուզել: Էդ օրը Ֆրանսիան ու Գերմանիան մեր հանդեպ ոսկե ձկնիկի պես առատաձեռն են եղել, հարցրել են՝ ձեր երեք ցանկությունը, մերոնք էլ ասել են՝ խորհրդային գենշտաբի քարտեզով Հայաստան, Հայաստանի տարածքային ամբողջականություն, մեկ էլ՝ փող: 

Արցախի, արցախահայության իրավունքների, ադրբեջանական ագրեսիայի, հայ ռազմագերիների, Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ ցանկություններին հերթ չի հասել: Շատ ափսոս: 

Նախկին երեք ղեկավարների օրոք այսպիսի շռնդալից հաջողություններ չենք ունեցել: Լևոնի կամ Ռոբերտի մտքով կանցնե՞ր Ալմա-Աթայի հռչակագիրը թողած, Գրանադայի հռչակագրով ամրագրել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Իհարկե, ոչ:

Օրհնվի էն սհաթը, երբ ռուսական բենզինը...

Բայց սա նաև առաջին շաբաթն է, որն ավարտում ենք առանց Արցախի: Սա էլ պետք է իշխանություններն իրենց վերագրեն: Առայժմ չեմուչում են անում, թե մենք ի՞նչ անենք, մեղավորը Ալմա-Աթան է ու Ռուսաստանը, բայց Պուտինը հանգամանալից բացատրեց, թե որը որից հետո է եղել, ու Ալեն Սիմոնյանն առայժմ չի արձագանքել: Դե, հո չի՞ ասելու, թե չի պատրաստվում ինչ-որ քոսոտ երկրի միջազգային հանցագործ ղեկավարին պատասխանել: 

Ընդհակառակը, որտեղից որտեղ, հանկարծ մեր իշխանությունները բացահայտել են, որ բենզինի սուր դեֆիցիտ կա, շուկան թանկացումների եզրին է, ու փոխանակ Ֆրանսիային, Գերմանիային դիմեն, Ռուսաստանին են աղաչել, որ մեզ ախպերականով բենզին ու դիզվառելիք հասցնեն: Ռուսներն էլ с барского плеча մի 20 հազար տոննա բենզին կուղարկեն: Շատ անամոթ ու անվստահելի դաշնակից են, գոնե 30 հազար տոննա ուղարկեին:

Փորձանք իմացեալ՝ փորձանք է

Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ: Այսինքն՝ ընդունում է, որ վարի է տվել այն ամենը, ինչ հնարավոր էր վարի տալ, բոլոր ոլորտներում ձախողել է, բայց չի գնա, քանի որ, ինչպես ինքը հայտարարեց, եթե հրաժարական տա, ավելի վատ կլինի: Չգիտենք, թե ավելի վատը որն է այսքանից հետո, երևի ատոմային ռումբով Հայաստանը վերացնելը:

Ամենավատն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտակցում է, որ իր մնալով Հայաստանը (դե, Արցախն արդեն չկա, էդ մեկն իր օրակարգից դուրս եկավ) նոր աղետների է ենթարկվելու: Ավելի լավ այս փաստարկը ոչ ոք չի հիմնավորել, ոնց որ հենց ինքը՝ Փաշինյանը: 2009թ. մարտի 26-ին ինքն է հիմնավորել, թե ինչու պատերազմում պարտված Սաակաշվիլին պետք է հեռանա: «Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա»:

Իսկ հետո Փաշինյանը ավելի մղձավանջային կանխատեսումներ է արել պարտված Սաակաշվիլիի վերաբերյալ. «Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, ԲԱՅՑ ԵՎ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԵԼԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՑ: Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Հիմա Վրաստանի իշխանությունները ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԻԲՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ ԿԱՆԽՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՊԱՏՎԻՐՎԱԾ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ: Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ՝ ԱԿՆՀԱՅՏ Է»:

Ոչ թե 10-ից 9-ը, այլ 10-ից 10 Փաշինյանը անում է այն, ինչ Սաակաշվիլիին է վերագրել: Մի հատ նայեք, մեկը մեկին նույնն է արել, ինչ գրել է: Բա սա չի՞ նշանակում, որ լավ էլ հասկանում է, թե ինչ նոր փորձանքներ է բերելու մեր գլխին: 

Հ.Գ. Իմիջիայլոց, «Ոսկե ձկնիկի» պատմությունն ավարտվում է կոտրած տաշտակով: Գրանադայի հերոսները թող սա ականջին օղ անեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   677 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ