Պարույր Հայրիկյանը 168.am կայքի հետ զրույցում ասել է. «Այսօր տեսել եմ մի շատ հայտնի քաղաքական գործչի կնոջ, առաջին բառը սա եղավ՝ «Դրան սատկացնել է պետք»։ Սարսափեցի։ Այսօր տեսա նաև ԿԳԲ-ի գնդապետի. մանրամասները չասեմ, որ մարդիկ չկռահեն, թե ում մասին է խոսքը։ Առաջին բառը՝ «Պարույր, մտածում եմ, որ այլ ելք չկա, դրան սատկացնել է պետք»։
«ՉԻ». Սե՞նց էլ փորձանք կլինի, այս ո՞ւր ենք հասել: Մեր բոլոր մանկական պատկերացումները, տարիներով խնամված հավատամքը տանում գցում են ջուրը:
Ինչպես փոքր հասակում հավատում էինք, որ ուսուցիչը զուգարան չի գնում, այնպես էլ հավատում էինք, որ ոչ մի դեպքում չի կարող տեղի ունենալ Պարույր Հայրիկյան-ԿԳԲ-ի գնդապետ մտերմիկ զրույց, որում վերջինս նրա հետ կկիսվի ահաբեկչություն կատարելու ծրագրերով: Գործող իշխանությունը որքան ապիկար, ձախողված, ազգադավ, արկածախնդիր, թուրքասեր պիտի լինի, որ ԿԳԲ-ի գործակալը իր ծրագրով կիսվի Հայրիկյանի նման գործչի հետ, որն ամբողջ կյանքում պայքարեց սլավոնական արտաքինով ԿԳԲ-ական գործակալների դեմ:
Ամեն դեպքում, եթե անգամ Հայրիկյանը չի պատրաստվում օգնել սատկացնել պատրաստվողներին, կարող է նրանց խորհուրդներ տալ, պատմել թե ինչպես խուսափեց Վարդան Սեդրակյանի կողմից իրեն սատկացնելու փորձից, որպեսզի մարդամեկը չկարողանա իր պես փրկվել:
Հ.Գ. Ինչ վերաբերում է անուններ տալուն կամ չտալուն: Գրեթե կասկած չի հարուցում՝ առաջինը Վազգեն Մանուկյանի կինն է՝ Վարդուհի Իշխանյանը, երկրորդը՝ Գառնիկ Իսագուլյանը: