ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինեանը վարչապետ է ընտրուել գործող խուժան սահմանադրութեամբ եւ նրանից բխող օրէնքներով։ Եթէ ինքը չի ճանաչում գործող սահմանադրութիւնը, չի կատարում դրա պահանջները, դա հաւասարազօր է նրա հրաժարականին։
Սահմանադրութեան հստակ արտայայտուած պահանջները չկատարելը նշանակում է Սահմանադրութեան մերժում, իսկ դա նշանակում է, որ ինքն էլ վարչապետ չէ՝ ԻՐ ԲՈԼՈՐ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ: ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՉՃԱՆԱՉԵԼԸ, ՆՐԱՆ ՉԵՆԹԱՐԿՈՒԵԼԸ ԲՆԱԿԱՆՈՆ Է ԵՒ ՕՐԻՆԱԿԱՆ»:
Որ ասում էինք, Նիկոլ Փաշինյանի վրա շատ թանկ կարող է նստել, որ Վազգեն Մանուկյանից ներողություն էր խնդրում 1996թ. իրադարձությունների համար, ահա սրա համար էինք նաև ասում:
Հիմա ուշադրություն դարձրեք. 1996թ. սեպտեմբերին Ազգային Ժողով ներխուժած, խորհրդարանի ղեկավարներին դաժան ծեծի ենթարկած, հեղաշրջման փորձ կատարած գլխավոր դերակատարներն այսօր Նիկոլ Փաշինյանի ամենաթունդ հակառակորդներն են: Վազգեն Մանուկյանը՝ իր «Մայն կամպֆով», Դաշնակցությունը՝ իր պարտիզաններով, Գառնիկ Իսագուլյանն ու Պարույր Հայրիկյանը՝ գործող իշխանությանը չենթարկվելու հայտարարություններով: Ու Նիկոլ Փաշինյանը սրանցից ներողություն է խնդրում՝ չգիտակցելով, որ դրանով երկրում սահմանադրական կարգերը տապալելու, բռնությունները լեգիտիմացնելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու ինդուլգենցիա է տալիս նրանց:
1996 թվականին խորհրդարանում ջարդ կազմակերպած ուժերը հետագայում առանց բացառության գործարքի են գնացել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Թքել են իրենց ընտրողների վրա, կայացրել անձնական շահերից բխող որոշումներ, որոնք ծանր են նստել պետության վրա, աջակցել են ավազակապետության բռնություններին, ջարդերին, սպանություններին, դրա դիմաց ստացել իրենց թուլափայերը, ու այդքանով հանդերձ շարունակում էին համարվել խորհրդային այլախոհներ, դիսիդենտական շարժման առաջնորդներ, Հայաստանի հիմնադիրներ, պատերազմի հաղթողներ և այլն:
Հիմա տեսեք սրանց իրական դեմքը: Մեր խոսքն այս դեպքում ուղղված է նոր սերնդին, երիտասարդությանը, որոնցից շատերը այս թայֆային ճանաչել են Արծվիկ Մինասյանի եղբոր թխած պատմության դասագրքերով: Նայեք իրականությանը, ինչպիսին որ կա: Համոզվեք, որ ընդամենը գործ ունենք մանր չարչիների, առևտրականի հոգեբանությամբ, իրենք իրենց քաղաքական կարիերայի վրա խաչ քաշած, կեղծիքն ու զոռբայությունը պաշտամունք դարձրած էակների հետ:
Սրանք երբեք չեն հաշտվի այն մտքի հետ, որ նորագույն Հայաստանի պատմության մեջ ունենալու են ոչ թե նույնիսկ երկրորդական, այլ՝ երրորդական դերեր, սրանք երբեք չեն հաշտվի, որ ժողովուրդը չի գնահատում իրենց «հերոսական» անցյալն ու կուռք չի համարում: Այդ պատճառով էլ պատրաստ են գնալ Կայենի ճանապարհով, որը նույնպես այդպես էլ չհաշտվեց այն իրողության հետ, որ Աստված չգնահատեց նրան այնպես, ինչպես ինքն էր ճիշտ համարում ու գնաց եղբայրասպանության:
Այնպես որ, Պարույր Հայրիկյանին ու 96-ի «ֆեյք» հերոսներին վերապահված է նույն վախճանը, ինչ ունեցավ Կայենը. հանրային բացարձակ թշվառություն և մոռացություն: