Արդեն իսկ վերլուծություններ են կատարվում, որ Արցախյան երկրորդ պատերազմն անխուսափելի պարտության էր դատապարտված: Եվ այդ պարտության հիմքերը «հայտնի ուժերի» գործողություններում էին՝ սկսված դեռևս 1996 թվականին Հայաստանի պետականության վրա ընդդիմության հարձակումով, ամրապնդված 1999 թվականի հոկտեմբերի 27-ով և կնքված 2008 թվականի մարտի 1-ի արյամբ: 2020 թվականի պարտությունը նաև բանակցություն առ բանակցություն փոքրիկ թվացող պարտություններում է:
Ստորև ներկայացվող «Չորրորդ իշխանություն» թերթում 2001 թվականին տպագրված հոդվածը Արցախյան հարցի նկատմամբ այդ տարիների պետականամոտ անձանց վերաբերմունքի ռազմատենչության արձանագրումն է:
Մինչ նախագահ Քոչարյանը բարեհաջող պարտակում է փարիզյան բանակցությունների պարտությունը, իսկ իշխանական մամուլը քաղաքական լուրջ վերլուծություններ է անում՝ հենվելով բացառապես Ալիևի ու Քոչարյանի ծնոտի կառուցվածքի վրա ու ասում, որ դատելով Քոչարյանի ժպտացող ծնոտից ու Ալիևի նույնքան չժպտացող ծնոտից՝ բանակցություններն անցել են մեր օգտին՝ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ էլեմենտներ կռիվ են գնում:
Այսուհետ, որպես քաղաքական կատեգորիա ընդունելով ծնոտի ու մասնավորապես դեմքի մկանների ֆիզիոլոգիական վիճակը, կարելի է ղարաբաղյան բանակցությունները տեղափոխել պլաստիկ վիրաբուժության դաշտ և ԵԱՀԿ եռանախագահողներին փոխարինել առողջապահության նախկին նախարար, պլաստիկ վիրաբույժ Ստամբոլցյանով, որը բանակցություններից հետո ուշադիր զննելով երկու նախագահների ծնոտն ու դիմածնոտային մկանների շարժը՝ հանրությանն ու մամուլին տեղյակ կպահի բանակցային գործընթացի մասին. իհարկե, խիստ կոնֆիդենցիալ որոշ մկանների շարժումները պահելով գաղտնի:
Ու մինչ, ինչպես տեղեկացնում է այլևս հանրային մեր հեռուստատեսությունը, Ալիևի ժպիտը սառն ու պարտվողական էր, իսկ Քոչարյանինը՝ ուրախ և հաղթական՝ հայաստանյան քաղաքական, ուժերը որոշում են՝ գնա՞լ կռիվ, թե՞ մնալ տանը:
Բնականաբար, ազգի համար վճռորոշ այս պահին Հայրիկյանը չէր կարող չցցվել ու չհայտարարել, որ եկել է Արդահանը, ձեռքի հետ էլ մի քանի այլ պատմական հողեր արյունով հետ նվաճելու ժամանակը: Ամսի 16-ին իր այս պահանջն առած՝ Հայրիկյանը շարժվելու է նախ դեպի արտգործնախարարություն, այնտեղից էլ՝ Ռուսաստանի դեսպանատուն: Վստահ ենք, որ ռուսները, տեսնելով հայ արծիվ Հայրիկյանի վճռական թռիչքը, տեղում չեղյալ կհայտարարեն Լենինի և Աթաթուրքի ստորագրած հակահայկական պայմանագիրը ու մեզ կվերադարձնեն ոչ միայն մեր պատմական հողերը, այլև Վլադիկավկազը, Բայկալը՝ Ամուրի վրա ու ընդհակառակը, չի բացառվում, որ մեզ տան նաև Մոսկվան: Հայրիկյանից բացի կռվի գնալու հավես ունի նաև Ազատամարտի վետերանների միությունը, որտեղ բացի Արցախյան պատերազմի վետերաններից՝ ինչի վետերան ասես՝ կա: Սույն անըմբռնելի կազմակերպության քաղաքական քարտուղար Սամվել Հարությունյանը ողջ ազգի անունից գնում է պատերազմ, հետո գրավում Նախիջևանն ու Գարդմանքը և վերադառնում Հայաստան: Հույս ունենք, որ տունդարձի ճանապարհին, Ազատամարտի վետերանների միությունն արյան ծով կդարձնի Ստամբուլն ու որպես քաղաքական հուշանվեր՝ այն կնվիրի դաշնակցությանը:
Այս օրերին կռիվ գնալու տենչանքով հանդես են եկել նաև «Կայունություն» կուսակցության անդամները: Մի քանի օր առաջ այդ կուսակցության ջահելները Սոսե մայրիկի գերեզմանի վրա երդում են կերել, որ կոտորելու են բոլոր թուրքերին: Թե ինչո՞ւ է հատկապես Սոսե մայրիկի գերեզմանի վրա տեղի ունեցել «Կայունության» զորակոչը՝ հայտնի չէ. կամ ջահելներն ավելի հարմար գերեզման չեն գտել, կամ որոշել են դրսևորել խիստ որոշակի կնամեծարություն: Իսկ վերջիններիս առաջնորդ Վարդան Այվազյանը, վերծանելով կռիվ գնալու իր ցանկությունը, ասաց՝ «մենք հավ չենք, որ մեզ պատերազմով վախեցնեն»: Իհարկե, մինչ օրս որևէ թռչնաբուծարանում մենք չենք հանդիպել պատերազմի սպառնալիքի ենթարկված հավի, բայց պարոն Այվազյանի հայտարարությունը պատրաստ ենք ընդունել ի գիտություն:
Կռիվ գնալու իղձեր կան նաև մեր խորհրդարանում. բացի երկրապահներից, որոնք նաղդ կռվող են, կռիվ գնալու և անպայմանորեն մեռնելու մտադրություն ունի Արտաշես Գեղամյանի սան, պատգամավոր Համլետ Հարությունյանը: Համենայնդեպս, ԱԺ ամբիոնից Համլետ Հարությունյանն ազդարարեց. «Իմացե՛ք, որ դեռ կան մարդիկ, որոնք ուզում են կռվել ու մեռնել»: Բոլոր ներկաները դա իմացան, ու հույս ունենք, որ պարոն Հարությունյանին չեն խանգարի: Չնայած, դրանից շատ ավելի առաջ մենք նաև գիտեինք, որ տապանաքարեր պաչպչողները, ամբիոններին գրկախառնվածներն ու հայրենիքի անունից մանր խուլիգանությամբ զբաղվողներն են առաջին պատվավոր դեզերտիրները լինում, որոնք հենց կռիվ լինի, թռնելու են Ամերիկա՝ իրենց մեռնող քեռիներին այցելության:
Իսկ եթե պատերազմ իսկապես լինի, այս անգամ շատ դժվար է լինելու ժողովրդին կռիվ քշելը, որովհետև պատերազմների պատմության մեջ չի եղել մի պատերազմ, որը հաղթելուց հետո հաղթող կողմը նորից գնա նույն պատերազմին: Այս պատերազմը մենք հաղթել ենք: Այդ հաղթանակը պահելն արդեն երկրի իշխանությունների գործն է: Կարող են՝ թող պահեն: Իսկ եթե չեն կարող՝ դրա համար պետք է ոչ թե հաղթանակած պատերազմը հանձնել, այլ իշխանություններին: Այդպես ավելի ազնիվ կլինի. հա՛մ հաղթանակը տանուլ չենք տա, հա՛մ էլ Քոչարյանից կպրծնենք:
Իսկ այսօրվա կռիվ գնացողներին խորհուրդ ենք տալիս երեկոները, քնելուց առաջ, կարդալ «Քաջ Նազարը»: Ասում են՝ օգնում է:
Նաիրա Կարապետյան
«Չորրորդ իշխանություն», մարտի 13, 2001թ.