Այս օրերին հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ եթե մարդու իմունիտետը թույլ է, ցանկացած վիրուս հեշտությամբ կփոխանցվի և պետք է բարձրացնել այն:
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանն այս կարծիքը ճիշտ չի համարում: Նա «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե մարդը չունի խրոնիկ հիվանդություններ՝ սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում, բրոնխիալ ասթմա, իմունային համակարգի լուրջ հիվանդություններ, ապա տվյալ անձը իմունիտետի հետ կապված խնդիրներ չունի: Եվ իմունիտետը բարձրացնելու մասին խոսելը մասնագետը սխալ է համարում:
«Եթե իմունիտետը թույլ է, սննդի միջոցով դժվար է բարձրացնել: Այստեղ խորհուրդներն ընդհանուր են՝ առողջ սնունդ, սննդակարգից բացառել վնասակար մթերքները, վնասակար պատրաստման եղանակները՝ տապակելը, խորովելը: Պետք է նախապատվությունը տալ խաշելուն, կամ թարմ վիճակում օգտագործել, եթե դա միրգ կամ բանջարեղեն է»,- նկատում է դիետոլոգը:
Եթե մարդն ունի խրոնիկ հիվանդություններ, այդ խմբի ներկայացուցիչների համար շատ վտանգավոր են շնչառական բոլոր տիպի վիրուսները, այդ թվում Covid-19 -ը, H1N1-ը:
«Կորոնավիրուսը շատ վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ընդունում են հակահիպերտենզիկ՝ զարկերակային ճնշման բուժում: Այս մարդկանց համար է հատկապես վտանգավոր դառնում այս վիրուսը: Վերջերս հայտնվեց գիտական հոդված, որն ասում է՝ «Իբուպրոֆեն» դեղամիջոցի օգտագործումն է հեշտացնում կորոնավիրուսով հիվանդանալը: Աշխատենք այս օրերին «Իբուպրոֆենից» զերծ մնալ և ջերմիջեցնող, ցավազրկող նպատակներով օգտագործել «Պարացետամոլ» դեղը»,- շեշտեց նա:
Սննդակարգի վերաբերյալ էլ հորդորում է սնվել միայն թարմ մթերքներով: Խորհուրդ չի տրվում պատրաստված կերակրատեսակները երկար պահել:
«Քանի որ շատերը նստած են տանը, ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունեն, հատկապես ճարպակալման հակում ունեցողները պետք է իջեցնեն սննդի ընդհանուր կալորիականությունը: Քչացնեն ճարպերի, ածխաջրերի քանակը: Շատ օգտագործեն բանջարեղեն և միրգ: Կանաչեղեն, մանավանդ, որ արդեն բացվել է սեզոնը: Քաղցրավենիքի օգտագործման քանակը նաև պետք է նվազեցնել՝ հասցնելով մինիմումի: Ֆիզիկական ծախս չունեցող մարդկանց համար քաղցրավենիքը, շատ ճարպոտ սնունդը ռիսկի գործոն են: Հետևաբար, քանի որ մեր էներգիայի ծախսը քչացել է, պետք է նվազեցնել նաև այդ էներգիայի ստացումը: Նախապատվությունը տալ ընդեղենին»,- հորդորեց մասնագետը:
Հասմիկ Աբովյանն ընդգծում է՝ վիրուսից պաշտպանվում են ոչ թե իմունիտետ բարձրացնելով, այլ հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելով:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը չի վերաբերում միայն անհատական հիգիենային: Պետք է ուշադիր լինել նաև սննդամթերքի նկատմամբ:
«Մենք վարակվում ենք մակերեսներից, երբ ձեռք ենք տալիս վարակված մակերեսը: Այսօր կան շատ մթերքներ, որոնք փաթեթավորված են արդեն, ուրախանում ենք, որ արդեն փաթեթավորված է: Վերցնում ենք, փաթեթը բացում ենք և ներսի հացն օգտագործում ենք: Բայց դա արտաքին մակերեսով առնչվել է բազմաթիվ ձեռքերի հետ, միգուցե, մեկն այդ փաթեթի մոտ հազացել կամ փռշտացել է: Վարակվում ենք ոչ միայն անմիջական մարդու հետ շփվելով, եթե որևէ մարդուց վարակվենք, պետք է նա փակ տարածքում կանգնի և փռշտա մեր ուղղությամբ: Պետք է վնասազերծենք փաթեթները, նոր բացենք, հակառակ դեպքում անիմաստ է փաթեթավորումը: Միրգը, բանջարեղենը, կանաչին պետք է շատ լավ լվանալ: Մսամթերքը լավ ջերմամշակել բավարար ժամանակում: Օրինակ, եթե ձեռք ենք տալիս կարտոֆիլին, պետք է անմիջապես ձեռքերը լվանալ և նոր շարունակել ճաշի պատրաստումը»,- կարևորեց էնդոկրինոլոգը:
Նկատում է՝ անիմաստ է պաշտպանիչ դիմակներով դրսում գտնվելը: Այն պետք է ճիշտ ձևով կրել: Դիմակների կարիք ունեն արդեն հիվանդ մարդիկ, որպեսզի վարակը չտարածեն շրջապատում:
«Դիմակը պետք է հաճախակի փոխել: Այն մակերեսը, որն առնչվել է վարակի հետ, պետք է այդ մակերեսով ծալել և դեն նետել: Ձեռքերը հաճախակի լվանալ: Աշխատել դրսում ձեռքով չդիպչել դեմքին՝ քթին, աչքերին: Շատ կարևոր է հազալիս և փռշտալիս բերանը փակել և ինչով փակել ենք, ծալել և դեն շպրտել»,- եզրափակեց մասնագետը:
Մանյա Պողոսյան