...

Հիմա հասկացա՞ք ով ում հոգեզավակն է

Հիմա հասկացա՞ք ով ում հոգեզավակն է

Եթե նկատել եք՝ այս օրերին լրատվամիջոցների և սոցկայքերի միջոցով անուղղակիորեն ակտիվ քննարկումներ են ընթանում Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Զուգահեռաբար էլ՝ ինչպես միշտ, ակտիվացել են քննարկումները, թե ի վերջո ո՞ւմ «հոգեզավակն» է Նիկոլ Փաշինյանը։ 

Զուտ մարդկային որակների առումով այս հարցի պատասխանն ակնհայտ է։ Հայաստանում իշխանության գալով՝ Ռոբերտ Քոչարյանն առաջին հերթին «իրենով արեց» բոլոր ուժային կառույցները, ֆիսկալ մարմինները (հարկային-մաքսային և այլն) ու տնտեսական լծակները, և կարճ ժամանակ անց նրա մերձավոր թիմակիցները դարձան օլիգարխներ։ Ճիշտ նույն կերպ վարվեց Նիկոլ Փաշինյանը։ Քոչարյանն ասաց «ո՞վ է այն տղամարդը, որ․․․» և այլն, Փշինյանն ասաց «ոչ մի մուկ և ձուկ չի պլստալու, բոլորին կծեփեմ պատերին», Քոչարյանն ասաց «իմ կուսակցությունը ժողովուրդն է», Փաշինյանն ասաց, որ իզմ-եր չունի և ժողովրդի վարչապետն է, Քոչարյանն ասաց «ի՞նչ Ղարաբաղի հարց, մենք այդ հարցը լուծել-վերջացրել ենք», Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու այդպես շարունակ։ 

Բայց սրանք, կրկնենք, զուտ արժեհամակարգային նույնականության ապացույցներ են։ Շատ ավելի կարևոր է այսօր ընթացող միջնորդավորված երկխոսության բովանդակությունը։ Նկատե՞լ եք, որ Փաշինյանի ու Քոչարյանի թիմակիցների՝ առաջին հայացքից կատաղի թվացող բանավեճն իրականում միմյանց մեղադրող գաղափարակիցների երկխոսություն է հիշեցնում։ Քոչարյանենք ասում են. «այ բալամ, ի՞նչ ուժերի հարաբերակցություն, ինչ կլնի՝ կլնի, անկախ ամեն ինչից՝ պիտի մինչև վերջ պայքարել», Նիկոլենք ասում են՝ «դե հա, օրումեջ ասում ենք, որ մինչև վերջ պայքարելու ենք 29,8 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի յուրաքանչյուր միլիմետրի համար», Քոչարյանենք ասում են՝ «ասելով չի, դրա համար պիտի հզորացնել բանակը, զենք-բան առնել», Նիկոլենք ասում են՝ «դե հա, այ ախպեր, է՛դ ենք անում, էլի, մենք ի՞նչ անենք, որ զենք ծախող չկա, դաժե փողը առել են՝ զենքը չեն տալիս», Քոչարյանենք ասում են՝ «որովհետև անբաշար եք, չեք կարողանում ռուսներին լա՛վ բացատրել իրենց շահերը, լավ օբյեկտներում չեք պատիվ տալիս, Արևմուտքին լավ չեք բացատրում, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, թշնամու ագրեսիան բավականաչափ սիրուն կադրերով չեք ներկայացնում, ռադ էղեք՝ մենք կգանք ու կբաշարենք»։

Այսինքն՝ անելիքների հարցում տարաձայնություն չկա, լիակատար փոխըմբռնում է, տարաձայնությունները լավ կամ վատ անելու շուրջ են։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կողքից կամաց ասում է՝ «հարգելիներս, Քոչարյանը փորձեց՝ բան դուրս չեկավ, Սերժը փորձեց՝ բան դուրս չեկավ, Նիկոլը փորձեց՝ բան դուրս չեկավ, եղած-չեղածն էլ քանդեց, գուցե պատճառը ոչ թե անձերն են, այլ օբյեկտիվ իրողություննե՞րը, որոնց հետ պետք է հաշվի նստել և փոխել ռազմավարությունը»։ Ու բնականաբար, միանգամից բոլոր կողմերից հարձակվում են՝ «ախպոր նման, դու սո՛ւս, մենք ստեղ ավելի կարևոր հարց ենք քննարկում»։ 

Հիմա հասկանալի դարձա՞վ, թե իրականում ում հոգեզավակն են այսօրվա իշխանությունները։ Ի վերջո, եթե հրաժարվում ես օբյեկտիվ իրողությունների հետ հաշվի նստելուց, մեծ տարբերություն չկա՝ դրա փոխարեն հույսդ դնում ես, ասենք, Շոյգուին «Արարատի պադվալում» պատիվ տալո՞ւ, թե՞ Մեծ յոթնյակի անդամ որևէ երկրի ղեկավարի հետ արված սելֆիների թվի վրա։ Որովհետև նրանք, այո, և՛ «Արարատի պադվալը» շատ բարձր կգնահատեն, և՛ սելֆիների թիվը՝ որպես Հայաստանի ժողովրդավարացման ապացույց, բայց կշարունակեն առաջնորդվել բացառապես սեփական շահերով։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ