Ամանորից առաջ Արցախի Անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ այլևս թույլ չի տալու, որ արցախցի պաշտոնյաները աշխատանքային ժամերին օգտվեն ֆեյսբուք սոցիալական ցանցից: Նա հատուկ նշեց, որ դա վերաբերում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
Հայտարարությունից անցել է ավելի քան 10 օր, բայց Հարությունյանը շարունակում է ակտիվորեն օգտվել ֆեյսբուքից, գրառումներ անել պաշտոնական հանդիպումների և միջոցառումների մասին:
Այսինքն՝ կարելի է փաստել, որ Բալասանյանը չի կարողացել կյանքի կոչել առաջին իսկ հրապարակային խոստումը՝ Հարությունյանը, նրա խոսնակը և մյուս պաշտոնյաները շարունակում են իրենց «գործունեությունը» ֆեյսբուքում:
Հիմա արցախահայությունը, իսկ հետո նաև ամբողջ աշխարհի հայությունը պետք է գնահատեն, թե որքան արժանահավատ են Բալասանյանի խոսքերը, թե առաջիկայում հետ ենք բերելու Հադրութը և Ասկերանի կորսված գյուղերը: Եթե ֆեյսբուքն օգտագործելը չես կարողանում կանխել, ինչպես խոստացել ես, ինչպես ես տարածքները վերադարձնելու:
Սա գալիս է փաստելու միայն մեկ հանգամանք. Բալասանյանը չի սիրում ֆեյսբուքը, բայց շատ է սիրում իրենց հսկողության տակ գտնվող մեդիաների սկանդալային վերնագրերը: