...

Հոռետեսները, լավատեսները և իրատեսները

Հոռետեսները, լավատեսները և իրատեսները

Խորհրդային մի անեկդոտ կար՝ լավատեսներն անգլերեն են սովորում, հոռետեսները՝ չինարեն, իսկ իրատեսներն ուսումնասիրում են Կալաշնիկովի ինքնաձիգը։

Հայաստանում լավատեսները իշխանական բուրգում են, հոռետեսները՝ ընդդիմության, իսկ իրատեսները կա՛մ արդեն արտագաղթել են, կա՛մ պատրաստվում են․․․

Եվ քանի որ բնության մեջ մաքուր հոռետեսներ չկան, հետևաբար հայ հոռետեսները նույնպես լավատեսության փայլատակումներ են ունենում։ Այսինքն՝ մեր ընդդիմադիրները հույս ունեն, որ ազգակործան իշխանությունից կարող ենք ազատվել․

1․ երբ Ն․ Փաշինյանը կուրանա Հայոց ցեղասպանությունը, և հասարակությունը դա չի ների․

2․ տնտեսական խնդիրները վերջնականապես անտանելի կդառնան, և հասարակությունը փողոց դուրս կգա։

Չի լինելու։ Մոռացեք:

Որևէ կասկած չունենալով, որ ներկա իշխանության անիրազեկությունը, ապաշնորհությունը և աթոռները պահելու մոլուցքը նորանոր փորձանքներ են բերելու երկրի գլխին, արձանագրենք․ հասարակությունը, ավելի ճիշտ՝ նրա վերնախավը ներեց շատ ավելի սարսափելի բան՝ ազգակործան, պարտության տանող պատերազմը։ 

Վերնախավ ասելով՝ հասկանում ենք ոչ թե «մտավորականություն» պսևդոկոնցեպտը, այլ գործարար շահ ունեցող շերտը։ 

Կանխատեսելի՞ էր հասարակության այսպիսի պահվածքը․ այո՛։

Մեր վերնախավի բուն էությունը վաղուց ի վեր եղել է հարմարվողականությունը։ Այսպես, գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դիլետանտական վերլուծությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին մի քանի հոգու մի քանի ժամով վրդովեց, և վերջ։ Համոզված եղե՛ք, որ «շուստրի» հայերի մի մասը հասկացավ «հաղորդագրության» իմաստը և օր առաջ պատրաստվում է թուրքերին ծառայություններ մատուցելու շահավետ գործին։

Իսկ ի՞նչ է անում «մտավորականություն» պսևդոկոնցեպտի սահմաններում տեղավորված հասարակական շերտը, երբ վարչապետը պնդում է, թե բուհերի ղեկավարներ է դարձնում ՔՊ-ականներին, որպեսզի ապակուսակցականացնի դրանք։ Ոչինչ չի անում։ Դուք լսե՞լ եք որևէ գիտնականի կարծիք, որ կընդդիմանա այս հակատրամաբանական պնդմանը։ Ո՛չ։ Շատ-շատ ազգային ճառեր ասողների գտնեք։

Սակայն դժվար թե հանդիպեք լուրջ և հիմնավոր կարծիքի։ Ուրեմն ո՞ւր են մեր գիտնականները։ Կա՛մ սուսուփուս նստած են տներում՝ համարելով, որ մտքի աղճատմանն ընդդիմանալն իրենց գործը չէ, կա՛մ ուղիներ են որոնում՝ կուսակցական նոմենկլատուրայի հետ բարիդրացիական կապեր հաստատելու համար։ 

Քա՛վ լիցի, ամբաստանողի դեր չենք ստանձնում։ Սակայն չենք կարող չարձանագրել հայկական վերնախավի մերկությունը և թշվառությունը։ 

Այո՛, մարդը կարող է ունենալ քաղաքական հայացքներ, կարող է անգամ «ֆաշիստ» լինել։ Այո՛, մտավոր գործունեությամբ զբաղվողը նույնպես մարդ է և կարող է համագործակցել անգամ ֆաշիստի, թուրքի կամ ալբանացու հետ։ 

Բայց մտավորական կամ գիտնական կոչվելուն հավակնողը իրավունք չունի մարսել, արդարացնել ակնհայտ տխմարությունը։ Էլ չենք խոսում մի քիչ ավելի վեհ բաների մասին, օրինակ՝ երկիր, հայրենիք, պետություն, պատերազմ և խաղաղություն։

Ուրեմն, հարգելի՛ ընդդիմադիրներ, հասարակական ընդվզման վրա հույս դնելն իմաստ չունի։ Նայե՛ք մեր վերնախավին, որին ո՛չ սահմանն է հետաքրքրում, ո՛չ պետության լինել-չլինելու խնդիրը։ Նայե՛ք և հասկացե՛ք վերջապես, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ հասարակության հետ գործ ունի։ Ուստի նա աշխատում է հարմար լինել արտաքին աշխարհի համար (Ստացվում է։ Համոզվելու համար կարդացե՛ք Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արձագանքը նրա ասուլիսին), իսկ ներսում ձգտում է կատարելության հասցնել անձնիշխանությունը՝ յուրայիններին մանր ու մեծ պաշտոնների նշանակելով, տնտեսական և հոգեբանական ճնշումներ կիրառելով (Սա էլ է ստացվում)։ 

Իսկ հիմա նորից աչքի անցկացրեք հոդվածի սկիզբը։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ