Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 6 տարի առաջ իրենք խոստացել էին Երևանն ազատել «հուսահատության գազելներից», ու թեև դա ամբողջությամբ արված չէ, բայց գործն արվում է շատ մեծ տեմպերով, և արդեն այս տարի Երևանի տրանսպորտային ցանցում «Գազելներ» չեն լինի։
Նիկոլ Փաշինյանը երևի տեղյակ չէ, բայց քաղաքային տրանսպորտի հիմնական գործառույթը քաղաքացիներին a կետից b կետը տեղափոխելն է, ուստի ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ քաղաքացիները 6 տարի առա՞ջ էին ավելի հեշտությամբ տեղաշարժվում, թե՞ հիմա։ Չէ, մենք հասկանում ենք, որ քարոզչական հոլովակներում «Ժոնգ-Տոնգ» ավտոբուսներն ավելի լավ են նայվում, բայց իրականությունն այն է, որ այսօր շատ ավելի մեծաթիվ երևանցիներ են ստիպված լինում a կետից b կետը տեղաշարժվել կամ ոտքով, կամ «հուսահատության տաքսիներով» (երբ 30-40 րոպե սպասելուց հետո հուսահատվում են ու տաքսի նստում)։
Չնայած՝ ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել այն իշխանություններից, որոնց կարծիքով բանակի առաջնային խնդիրը «հուսահատության տուշոնկաները» ելակով փոխարինելն էր, իսկ որպես ժամանակակից սպառազինություն նպատակահարմար էր ձեռք բերել միայն այնպիսի տեխնիկա, որի ֆոնին արված սելֆիներն ավելի լավ կնայվեին։