Երբ հեռավոր անցյալի արքաներից, օր.՝ Տիգրան Մեծից, կամ հեռավոր հզոր երկրների նշանավոր քաղաքական գործիչներից, օր.՝ Չերչիլից, մեջբերումներ եք անում, հիշե՛ք, որ ապրում եք 2021-ի Հայաստանում: Հիշե՛ք, որ մենք մոտ անցյալ էլ ունենք, և այդ անցյալը բնավ հեշտ չի եղել: 90-ականների սկզբին երկիրը նույնպես ծանր ճգնաժամի մեջ էր, բայց մենք դուրս եկանք այդ վիճակից, դուրս եկանք հաղթանակած: Ինչպե՞ս դա եղավ: Եղավ այդպես, որովհետև իշխանությունները և հասարակության լավագույն հատվածը չէին մտածում ինքնագովազդի մասին, լուռումունջ գործ էին անում: Այո՛, այն ժամանակվա իշխանության համար մեկ տանկ ավել ունենալն ավելի կարևոր էր, քան քարոզչամիջոցներ ֆինանսավորելը: Գուցե ինչ-որ բան սխալ էինք հասկացել, բայց կարողանում էինք կարևորն անկարևորից տարբերել: Քաղքենիական նվնվոցի պակաս, իհարկե, այն ժամանակ էլ չկար, սակայն կարևորը երկիրն էր, կարևորը պատերազմն էր, կարևորը հաղթանակն էր:
Ինչո՞ւ ենք սա ասում: Որովհետև այսօրվա Հայաստանի խնդիրները լուծելու համար նախ և առաջ պետք է օգտագործել մոտ անցյալի փորձը:
Կարող եք չտալ Լևոնի, Վանոյի, այն ժամանակվա Վազգենի անունները, նրանցից մեջբերումներ չանել, բայց գործունեության սկզբունքները պետք է ուսումնասիրել և կիրառել:
Ու քանի որ ինքներս մեր գրածին չենք հավատում, այսինքն՝ հույս չունենք, որ օրվա ինքնագովազդվող, մակերեսային և անմեղսունակ իշխանությունն ինչ-որ բան սովորելու ընդունակ է, քանի որ բնավ վստահ չենք ընդդիմության անկեղծության հարցում, պետք է մտածենք, թե ինչ կարելի է անել: («Спасение утопающих - дело рук самих утопающих» արտահայտությունը հայերիս համար այլևս ոչ թե երգիծական է, այլ ռեալիստական):
Մեր մինիմում ծրագիրը պետք է լինի ճիշտ հարցեր բարձրացնելը: Չի կարելի թույլ տալ, որ երկրորդական խնդիրներով շեղեն հանրության ուշադրությունը: Ուստի ձևակերպենք դրանք.
- Ի՞նչ փաստաթուղթ է դրված Հայաստանի իշխանության առջև.
- Ո՞վքեր և ի՞նչ են բանակցում մեր անունից.
- Ի՞նչ վիճակում է մեր բանակը, օր.՝ մեր սահմանապահներն ապահովվա՞ծ են անհրաժեշտ հանդերձանքով և զինամթերքով, թե՞ նետուաղեղով են պաշտպանելու հայրենիքը:
Ի վերջո, պետք է փոխել քաղաքական խոսույթը: Հիմնական խնդիրն իսկապես պետք է լինի հրդեհը հանգցնելը: «Ի՞նչ անել» հարցին զուգահեռ պետք է մեր խոսույթում հայտնվեն նաև ինչո՞ւ-ն, ի՞նչ նպատակով-ը և ինչպե՞ս-ը:
Հասարակությունը պետք է հանել թմբիրից: Չեն կարող սովորական դառնալ սահմանային բախումները, անդադար տագնապը:
Այս խնդիրը կարող են լուծել լրատվամիջոցները, Հայաստանի ճակատագրով մտահոգ անհատները: Նշենք նաև, որ գործին բնավ չեն օգնելու ողբասացությունը, ճոռոմաբան խոսքը, ազգային առասպելաբանությունը:
Պետք է ուշքի գալ: Կյանքը տիկ-տոկ չէ:
Գրիգոր Խաչիկյան