Երկու օր է, ինչ 10 միլիոն հայեր և 10 միլիոն ադրբեջանցիներ վիճում են, թե ով հաղթեց մյունխենյան դեբատներում: Ոչ միայն վիճում են իրար հետ, այլ նաև միմյանց մեջ: Մինչդեռ հաղթող չկա և չէր էլ կարող լինել: Միայն մեկ հոգի շահեց և նրա անունն է՝ Վոլֆգանգ Իշինգեր: 20 միլիոն հայեր և ադրբեջանցիներ չափազանց մեծ ուշադրություն դարձրեցին Իշինգերի կազմակերպած ռեալիթի-շոուին: Եվ հիմա, Մյունխենյան կոնֆերանսի ղեկավար Իշինգերը փոշմանել է միայն մեկ բանի համար՝ ինչո՞ւ չվաճառեց դեբատների հեռուստատեսային հեռարձակումների իրավունքը:
Ինչևէ, Իշինգերին թողնենք իր խնդիրների հետ միայնակ և փորձենք հասկանալ, թե ինչ բացահայտեցին դեբատները:
Առաջին. Ակնհայտ դարձավ, որ առ այսօր չկան կոնկրետ փաստաթղթեր և, ըստ էության, չկան բանակցություններ: Լավ է դա, թե՝ ոչ, ուրիշ խնդիր է: Բայց հատկապես Փաշինյանի քննադատները պնդում էին, որ ընթանում են ինտենսիվ բանակցություններ և կան կոնկրետ պայմանավորվածություններ: Դեբատները բացահայտեցին, որ ոչ միայն չկան պայմանավորվածություններ, այլև, ըստ էության, չկան բանակցություններ: Եվ ժամանակ առ ժամանակ, Փաշինյան-Ալիև հանդիպումներն ընդամենը միջնորդների ցանկությունն է և խաղաղ կարգավորման իմիտացիա: Պատահական չէ, որ քոչարյանական և սարգսյանական ծագում ունեցող քննադատները երկու օր է, ինչ մոռացել են հողերը հանձնելու մասին և հիշում են միայն Փաշինյանի անգլերենը, նստելու ձևը և սմարթֆոնը կոստյումի սխալ գրպանը դնելը: Մի ամբողջ խնամքով կառուցված քարոզչական միֆ է կոտրվել, և «քննադատները» չեն հասցրել ուշքի գալ:
Երկրորդ. Եվս մեկ անգամ, շատ ակնառու բացահայտվեց, որ ռևանշիստները չունեն պետականամետ մտածողություն, և Արցախը նրանց համար միայն խաղաքարտ է իշխանության համար պայքարում: Այն բառամթերքը, որ նրանք երկու օր է օգտագործում են Փաշինյանին «քննադատելու» համար, երբևէ իրեն թույլ չի տվել որևէ ընդդիմություն: Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը ջանք չի դնում և սեփական լրատվություն մատուցում, այլ թարգմանում և օգտվում է հայաստանյան կոլեգաների արտադրանքից:
Այսօր շատերն են հանգիստ նստել համակարգիչների առջև և օգտվելով վիքիպեդիայից՝ անում դատողություններ, թե Փաշինյանը պետք է այս կամ այն պատմական փաստն էլ նշեր: Մինչդեռ, Փաշինյանը ճիշտ կաներ նշեր, որ կարգավորմանը խանգարում է նաև Ադրբեջանի ավտորիտար երկիր լինելու հանգամանքը, որի վերաբերյալ կան ԵԽԽՎ պնդումներ: Նշեր, որ մի երկիր, որն ունի քաղբանտարկյալներ և որը, իր հերթին, քաղբանտարկյալ է ճանաչում մի ուրիշ երկրի նախկին ղեկավարին, ով կրակել է սեփական ժողովրդի վրա, չի կարող համոզիչ լինել արցախցիների համար, ովքեր ունեն ժողովրդավար երկիր, ազատ և թափանցիկ ընտրություններ:
Արիս Վաղարշակյան